Երկու միջուկային տերությունների՝ Հնդկաստանի ու Պակիստանի կոնֆլիկտային հարաբերությունները, ներուժն ու կոմպրոմիսի ուղին
Հարավային Ասիայի երկրիներից առանցքայիններն են Հնդկաստանն ու Պակիստան, որոնք որակապես տարբերվում են իրենց ռազմական ու տնտեսական ներուժ: Սակայն միևնույն ժամանակ այս երկու երկրների միջև մինչ օրս առկա են տարածքային վեճեր, որոնք էլ հանգեցնում են անկայունության ողջ տարածաշրջանում:
Պատմականորեն Պակիստանը, ինչպես և նրանից առանձնացված Բանգլադեշը եղել են Հնդկաստանի մի մասը (1858–1947 թվականներին Բրիտանական Հնդկաստան), սակայն հակասություններն ի հայտ էին եկել կրոնական հողի վրա[1]: Մահմեդականության և հինդուականության կրոնական տարբերությունն է պայմանավորել հետագայում երկրի բաժանումը և մինչև օրս չլուծված հակամարտությունները:
Բրիտանական գաղութարարների՝ Հնդկաստանից դուրս մղվելուց հետո երկրի տարածքում ձևավորվեցին երկու անկախ պետություններ (Հնդկաստան և Պակիստան): 20-րդ դարում նրանց միջև չորս պատերազմներ են ընթացել (1947-48, 1965, 1971 և 1999 թվականներին), դրանից բացի մշտապես տեղ են գտել սահմանային բախումներ և ճգնաժամային իրավիճակներ[2]:
Միջազգային քաղաքական հարթության վրա մեծ փոփոխություն տեղի ունեցավ 1990-ականների վերջերին երբ երկու երկրներն էլ ձեռք բերեցին միջուկային զենք: Հակամարտությունն այլևս նախորդ ընթացքով չէր կարող շարունակվել. միջուկային հակամարտությունը վտանգ էր ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար:
Սակայն ռազմական ներուժը պայմանավորվում է նախևառաջ տնտեսական ու ժողովրդագրական հնարավորություններով: Իսկ մյուս կողմից չի բացառվում նաև նոր վերապետական համակարգի ստեղծում, որը հնարավորություն կտա լուծել երկու երկրների միջև տարածքային հակամարտությունը՝ երկրորդական պլան մղելով այն, հաշվի առնելով տնտեսական շահավետությունը:
Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության առաջացումը
Երկու պետությունների միջև հարաբերությունների վատթարացման հիմնական խնդիրը կապված է Քաշմիրի շրջանի հետ: Դեռ անգլիական գաղութատիրության շրջանում պատմական Հնդկաստանը ըստ կրոնական հենքի բաժանվեց երկու դոմինիոնների՝ Հնդկական միության և Պակիստանի:
Գաղութային Հնդկաստանի տարածքների մեկ երրորդը պատկանում էր հնդկական իշխաններին, ովքեր երկրին անկախության տալու ժամանակ իրավունք ստացան ընտրելու, թե որ պետությանը միանալ՝ Հնդկաստանին, թե Պակիստանին[3]: Նմանատիպ իշխանություն էր նաև Ջամմու-Քաշմիրը երկրի հյուսիսում, որն ուներ շուրջ 200 հազար քկմ տարածք: Իշխանության բնակչության երեք չորրորդը, սակայն տեղային իշխանը հնդիկ էր, ի վերջո որոշվեց, որ Քաշմիրը միանում է Հնդկաստանին[4]:
Սակայն Պակիստանը չէր հաշտում այդ մտքի հետ, 1947 թվականին ծագեց առաջին հակամարտությունը, որի արդյունք երկրամասը բաժանվեց երկու մասի. Պակիստանին անցավ երկրամասի հյուսիս-արևմտյան հատվածը (Ազատ Քաշմիրը): Սակայն այդ ամենը հարցի լուծում չդարձավ, տարածքային նկրտումները մեկմեկու նկատմամբ շարունակվում էին և արդեն 12 տարի անց նոր պատերազմ մեկնարկեց:
1965 թվականին Պակիստանը նոր ագրեսիայի դիմեց, Հնդկաստանը հաջողությամբ պաշտպանվում էր, իսկ այնուհետև կարողացավ ռազմական գործողությունները արդեն մղել բուն Պակիստանի տարածքում՝ դուրս մղելով հակառակորդին իր երկրից: Սակայն ռազմական թատերաբեմում տեղ գտած իրադարձություններն ապացուցեին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ի վերջո 1966 թվականին ԽՍՀՄ միջնորդությամբ համաձայնության եկան:
Այս համաձայնությունն էլ երկար չտևեց, արդեն իսկ 1971 թվականին Հնդկաստանը նախաձեռնեց նոր բախում, որի արդյունքում Պակիստանը որոշ զիջումների գնաց, իսկ Արևելյան Պակիստանում էլ ձևավորվեց նոր պետություն՝ Բանգլադեշը: Այս ողջ ընթացքում հակամարտության կարգավորման ջանքեր էր փորձում ձեռնարկել նաև ՄԱԿ-ը՝ ընդունելով իրավիճակային տարբեր բանաձևեր, մասնավորապես նախատեսվում էր հարցը Ջամմու-Քաշմիրում լուծել հանրաքվեի միջոցով; Սակայն 1971 թվականին պատերազմի արդյունքում Իսլամաբադի մյուս զիջումն այն էր, որ պայմանավորվածության հանգեցին հարցը երկկողմ լուծել: Լարվածությունը Քաշմիրում մեծացավ հատկապես 1987 թվականի տեղական ընտրությունների արդյունքում, որոնք բավական մեծ ծավալի խախտումներով անցան՝ ի նպաստ հնդկական կողմի[5]: Սակայն ընդհանուր առմամբ պետք է նշել, որ այս ընթացքում Հնդկաստանի ու Պակիստանի հիմնախնդիրը «սառը պատերազմի» դուալիստական հակամարտության համատեքստից դուրս էր մնում: Թեև այս երկրները հակամարտության մեջ չեզոք դիրքերում էին, ընդգրկված էին «Երրորդ աշխարի» մեջ[6]: Այուհանդերձ և՛ ԱՄՆ-ը, և՛ ԽՍՀՄ-ը որոշակիորեն աջակցում էին հակամարտող կողմերին: ԱՄՆ-ը առավելապես կենտրոացած էր Պակիստանի, իսկ ԽՍՀՄ-ն էլ՝ Հնդկաստանի ուղղությամբ, սակայն դա չհանգեցրեց երկու գերտերությունների միջև բախման: Խնդիրն այստեղ այն է, որ դեռ հակամարտության գոտին չէր հասել Հարավային Ասիային: Կարելի է ենթադրել, որ եթե ԽՍՀՄ-ը հաջողության հասներ Աֆղանստանում, ապա հաջորդ քայլին երկու գերտերությունները կմիջամտեին Պակիստան – Հնդկաստան հակամարտությանը: Իսկ ԱՄՆ-ը այդ ընթացքում ամեն կերպ պակիստանի տարածքով աջակցություն էր տալիս աֆղանական թալիբանին, որպեսզի նման հեռանկար չբացվեր Հարավային Ասիայում:
Պակիստանի և Հնդկաստանի վերջին խոշորամասշտաբ բախումները տեղ գտան 1999 թվականին (Կարգիլի պատերազմը), երբ Իսլամաբադը քաշմիրյան մոջահեդներին (ազատության մարտիկներին) աջակցելու օգնելու պատրվակով մտավ Քաշմիր[7]: Ի դեպ այդ ընթացքում Պակիստանը ևս արդեն ձեռք էր բերել միջուկային զենք, այսինքն այլևս հնարավորություն ուներ Հնդկաստանի հետ հավասար դիրքերից խոսելու:
Ընդհանուր առամամբ ոչ մի էական բան տեղի չունեցավ: Մինչ օրս էլ հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ, ըստ էության ժամանակն աշխատում է հենց Հնդկաստանի օգտին: Նախ միջազգային հարաբերություններում և համաշխարհային քաղաքականության մեջ Հնդկաստանի դերը գնալով աճում է: Իսկ Պակիստանն ուղղակի այդքան պոտենցյալ չունի, որ համեմատելի լինի Հնդկաստանի հետ:
Հնդկաստանի և Պակիստանի ներուժը
Պետության ներուժ հասկացությունը բավականին հարաբերական հասկացություն է: Այս ներուժի մի բաղկացուցիչ է հանդիսանում ազգային մրցունակությունը տարբեր տեսանկյունից և տարբեր առումներով: Ազգային կամ պետական հզորության հիմքերը գտնվում են ներքին ռեսուրսների առկայության և բնույթի մեջ.
- Տարածքի մեծությունը,
- Աշխարհագրությունը,
- Ազգաբնակչության քանակը,
- Սահմանները,
- Բնական ռեսուրսների առկայությունը,
- Ազգային բնավորությունը և հոգեբանությունը,
- Քաղաքական ավանդույթները,
- Պետական կառավարման համակարգի ամրությունը և կայունությունը,
- ԶՈւ (ռազմական ուժի կազմակերպված ավանդույթները):
Այստեղ առաջնային ու հիմնականը նյութականն հզորությունն է, որը ենթադրում է աշխարհագրական, տնտեսական և ազգաբնակչության ներուժի հարցը, որը և պայմանավորում է ռազմական հզորությունը: Աշխարհագրական հարցը այս վերլուծության համատեքստում երկրորդական պլան է մղվում, քանի որ խոսում ենք տարածաշրջանային կոնֆլիկտի մասին, մնում է կարևորագույն երկուսը տնտեսությունը և ազգաբնակչության ռեսուրսը:
Հակամարտության կարգավորման ու հետագա ընթացքի մեջ առաջնային նշանակություն է ստանում հակամարտող երկրների տնտեսությունը: Ըստ Համաշխարհայաին բանկի 2016 թվականի տվյալների Հնդկաստանն անվանական ՀՆԱ-ով 7-րդ երկիրն է աշխարհում (2263 մլրդ դոլար), իսկ Պակիստանը ընդամենը 41-րդն է (270 մլրդ դոլար)[8]:
Իսկ գնողունակության տվյալներով Հնդկաստանը էլ ավելի առաջնային դիրքերում է: Արժույթի միջազգային հիմնադրամի 2017 թվականի տվյալներով այն 9489 մլրդ դոլարի ցուցանիշով երրորդ երկիրն է աշխարհում, սա խոսում է երկրի տնտեսական ներուժի մասին, այսինքն Հնդկաստանը պոտենցյալ հնարավորություն ունի դառնալ տնտեսապես երրորդ երկիրը: Մինչդեռ Պակիստանը այս համատեքստում ընդհնարապես չի կարելի համեմատության մեջ դնել Հնդկաստանի հետ: Թեև ի համեմատություն նոմինալ ՀՆԱ-ի մակարդակի, այս դեպքում Պակիստանը, ըստ գնողունակության, 25-րդ երկիրն է, իր 1060 մլրդ դոլարի ցուցանիշով[9]:
Այդպիսով Հնդկաստանը տնտեսապես շատ ավելի առաջ է Պակիստանից, որը նրա համար իրական երաշխիք է հակամարտության մեջ միշտ հաղթանակ դիրքերից խոսելու համար: Իհարկե այստեղ կա նաև արտաքին ազդեցության հարցը, եթե Պակիստանը կկարողնան ձեռք բերել ինչ-որ ավելի ազդեցիկ համաշխարհային դերակատարների (ԱՄՆ, Չինաստան, ՄԱԿ և այլն), ապա հակամարտության բնույթն ու ընթացքը կարող է արմատապես շրջվել:
Ընդհանուր առմամբ հարավասիական այս երկրների տնտեսական զարգացման հիմնական խթանը բնակչության աճող միտումներն են: Որքան մեծ է բնակչությունը, այնքան ներքին սպառման շուկան ավելի ընդլայնված է, ուստի և տնտեսությունը ըստ առկա պահանջարկի զգալիորեն աճում է: Համեմատության համատեքստում նշենք, որ նույնը նաև առկա է ԱՄՆ-ում, որը թեև իր 325 մլն բնակչությամբ զիջում է առաջատար Չինաստանին և Հնդկաստանին, սակայն իր բնակչության «անսպառ» պահանջարկները հնարավորություն են տալիս ավելի մեծ ծավալի ներքին սպառում իրականացնել, որն էլ երկրի տնտեսության զարգացման համար մեծ խթան է:
Հնդկաստանը բնակչության աճի տեմպերով առաջիկայում (մեկ տասնամյակի) կգերազանցի առաջատար Չինաստանին: Այժմ Հնդկաստանի բնակչությունը կազմում է 1334 մլն մարդ[10], սա կազմում է ողջ երկրագնդի բնակչության 17.5 տոկոսը, ինչն էլ իրական հիմք է տվյալ երկրի հետ ամենուրեք հաշվի նստելու համար: Ըստ վիճակագրության՝ արդեն իսկ 2025 թվականին Հնդկաստանի իր բնակչության թվով կշրջացի Չինաստանին: Այստեղ արդեն հարց է առաջանում, արդյոք տեղին կլինի երկարատև վերլուծական համատեքստում խոսել սինոցենտրիզմի (չինակենտրոնության) մասին, ասիական տարածաշրջանում Հնդկաստանը կարող է Չինաստանին բավականին հզոր մրցակից լինել: Ի դեպ նշենք, որ Չինաստանը Հնդկաստանի հետ նաև սահմանային խնդիրներ ունի, այդ թվում նաև Քաշմիրի հյուսիս-արևելյան մի հատվածի համար: Այսպիսի հակամարատության դեպքում Պակիստանը սատելիտային կարգավիճակ է ստանում, կարող է միայն այս կամ այն ուժի կողմից օգտագործվել հանուն սեփական շահերի:
Պակիստանում ևս նույն բնակչության աճի տեմպերն ահռելի են: Այսօր այդ երկիրը իր 198 մլն բնակչությամբ զբաղեցնում է աշխարհում 6-րդ տեղը[11]: Իսկ Արևելյան Պակիստանը (Բանգլադեշը) ևս 163 մլն-ով 8-րդն է: Պակիստանի համար բացասաբար է ազդում այն հանգամանքը, որ երկիրը գտնվում է հիմնական մահմեդական աշխարհի ծայրամասում, ուստի համաիսլամական ուժերի կենտրոնացման ու կոորդինացման հնարավորություն չունի, եթե նաև հաշվի առնենք արևմուտքում շիա Իրանի գոյությունը, ապա Պակիստանը սուննիական աշխարհի համար հայտնվում է անկլավային կարգավիճակում: Մինչդեռ եթե նման աշխարհագրական խնդիր չլիներ, Պակիստանն ուներ ողջ պոտենցյալը մահմեդական աշխարհի դրոշակակիրը լինելու:
Բնակչության, ժողովրդագրության հիմնահարցն իրոք առանցքային է մեր հետազոտության մեջ, քանի որ նույն Քաշմիր խնդիրն ի սկզբանե ուներ հենց նման ուղղվածություն՝ գերակշռով մահմեդական բնակչություն:
Ստացվում է, որ Հնդկաստանի ու Պակիստանի դեմոգրաֆիական աճը հնարավորություն է տալիս նրանց ավելի ազդեցիկ դառնալ ողջ երկրագնդի մասշտաբով, սակայն միմյանց հետ հարաբերություններում որևէ էական տեղաշարժի չի հանգեցնում, քանի որ համամասնություն մեջ երկու երկրներն էլ աճում են նույնպիսի տեմպերով: Այստեղ պետք է նշել, որ մեծ հաշվով Հնդկաստանն ավելի շահեկան պայմաններում է գտնվում: Նա ներկայացված է համաշխարհային քաղաքական հարթակի բարձրագույն խմբում (Մեծ քսանյակում), մինչդեռ Պակիստանը դրանից դուրս է մնացել: Հնդկաստանը կարողանում է իր մասին խոսել տալ տարբեր հարթակներում, իսկ մյուս կողմից էլ տարածաշրջանային մրցակցության հենքով ուղղակի խեղդում է Պակիստանին:
Ընդհանուր առմամբ երկրների տնտեսությունը, ժողովրդագրությունը հիմք են ուժեղ բանակի համար, որն էլ հնարավորություն է տալիս իրենց հուզող հիմնահարցը լուծել ռազմական ճանապարհով: Թեև պատերազմներն ապացուցեցին, որ այն գործնականում անիրականանալի է:
Ինչպիսին է հակամարտող կողմերի ռազմական պոտենցյալը: Նախ կարևորվում են ռազմական ծախսերը: Հնդկաստանի ռազմական ծախսերը հասնում են տարեկան 51 մլրդ դոլարի (սա աշխարհում 4-րդ ցուցանիշն է), իսկ Պակիստանը ավելին քան 7 մլրդ դոլար (28-րդ ցուցանիշ)[12]:
Ըստ էության ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ռազմական բնագավառում երկու երկրների միջև տարբերությունը ահռելի է: Թեև երկու երկիրն էլ կենտրոնացված չեն ինչ-որ ռազմական ներուժի ընդլայնման վրա, քանի որ արդեն իսկ իրենց համար պարզ է, որ նման ճանապարհը փակուղի է տանում:
Ռազմական առումով ընդհանուր համեմատական միտումից միակ տարբերությունը ռազմական անձնակազմի քանակություն մեջ է: Հնդկաստանի զինված ուժերի անձնակազմը մոտ 1362 հազար է (3-րդ), իսկ Պակիստանում 637 հազար (6-րդ)[13]: Այսինքն Պակիստանը, լինելով համեմատաբար ավելի փոքր պետություն, այն փորձում է հավասարակշռել Հնդկաստանի ռազմական ներուժը: Նման խոշորածավալ բանակը տնտեսական ներուժի բավականին զգալի լարում է պահանջում, որը սկզբունքորեն տվյալ դեպքում անհրաժեշտություն է Պակիստանի համար:
Մյուս կողմից էլ ռազմական գործողությունների չվերսկսման համար սաստող գործոն է հանդիսանում միջուկային զենքի առկայությունը, որը նաև թույլ չի տալիս, որ հարևաններն անցնեն ակտիվ հակամարտության: Այսօր միջուկային զինանոց ունեն աշխարհում միայն 9 երկրներ (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Իսրայել, ինչպես նաև Հնդկաստան ու Պակիստան): Հնդկաստանը դարձավ միջուկային երկիր 1974-ից, իսկ Պակիստանը 1998-ից: Այսօր այդ երկրների միջուկային մարտագլխիկները հասնում են մինչև 110 միավորի[14]: Սա երկուստեք իրական սպառնալիք է, միաժամանակ նաև «մեծ խաղաղարար», այն հնարավորություն է տալիս հակամարտությունը սառը պահել, ինչպես ժամանակին ԽՍՀՄ — ԱՄՆ հարաբերություններն էին (Խորհրդային Միության փլուզումից հետո միակ զսպիչ հանգամանքը, որ ամերիկյան զորքերը չմտան Ռուսաստան, միջուկային զենքի մեջ էր, այս տրամաբանությունը գործում է նաև մեր հետազոտության նյութի մեջ):
Հնդկաստան – Պակիստան հարաբերությունների նոր միտումներ
Ընդհանուր առմամբ ժամանակակից համաշխարհային քաղաքականության միտումների համատեքստում որոշակի տեղաշարժ կարելի է արձանագրել: Նախ մենք այսօր գտնվում ենք մի դարաշրջանում, երբ պետությունները սկսում են կորցնել իրենց սուվերենիտետը: Գլոբալիզացիան թելադրում է նոր աշխարհակարգ, որում զգալի դեր ունեն վերազգային կորպորացիաները, իսկ պետություններն էլ իրենց հերթին ընթանում են միություններ ձևավորելու ուղղությամբ:
Ժամանակակից աշխարհակարգի վերաբերյալ առկա են երկու տարբերակներ. ոմանք արդի միջազգային հարաբերությունները համարում են բազմաբևեռ, ոմանք` միաբևեռ: Բազմաբևեռայնության թեզիսը ակնհայտ խոցելի էր: Ըստ նրանց` ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ի հետ միաժամանակ աշխարհում կան հզորության և ազդեցության մի քանի բևեռներ` «միավորված Եվրոպա», Չինաստան և Ռուսաստան, դրան կարելի է ավելացնել նաև Հնդկաստան: Այս սուբյեկտների փոխգործակցությունն էլ պայմանավորում է աշխարհի բազմաբևեռայնությունը: Միաբևեռայնության հայեցակարգը լայնորեն կիրառվում են քաղաքական վերլուծության մեջ, քանի որ իրականությունը բացատրում են անկախ էմոցիոնալ հարաբերությունից: 21-րդ դ. սկզբին բազմաբևեռայնության հիպոթեզի անհամապատասխանությունը դարձավ այնքան ակնհայտ, որ Վ.Վ.Պուտինի նախագահության ժամանակահատվածում «բազմաբևեռ աշխարհ» տերմինին նոր մեկնաբանություն տրվեց` որպես միջազգային համակարգի էվոլյուցիայի վեկտոր. ինչն ենթադրում է ԱՄՆ-ի հավանական թուլացում, այլ երկրների հզորացում:
Բազմաբևեռ աշխարհի հավանական բևեռներից է նաև Հնդկաստանը: Սակայն այսօր բևեռները հնախևառաջ տարածաշրջանային լիդերություն են հաստատում: Այսպես ձևավորվում է Եվրոպական Միությունը, իսկ պոստխորհրդային տարածաշրջանի համար ձևավորել է Եվրասիական տնտեսական միություն: Այսօր բոլոր նման միությունների ձևավորման հիմքում ընկած է տնտեսական շահը, այսինքն խոշոր պետություննորը մեծ հաշվով հրաժարվում են կոպիտ ուժի քաղաքականությունից՝ այն փոխարինելով տնտեսական մեղմ ուժով: Մեծ տարածաշրջանային առաջատար պետությունները տնտեսական լծակներով հարկադրում են փոքրերին «կամովին» հնազանդ լինել իրեն, սա նոր վասալային հարաբերություններ են: Մասնավորապես եվրոպական տարածաշրջանում նման քաղաքականություն է վարվում Գերմանիայի կողմից (Ֆրանսիայի հետ համատեղ), իսկ Եվրասիական Միության ձևավորման համար կատալիզատոր է Ռուսաստանի տնտեսական նախաձեռնությունը:
Նման բան կարող է լինել նաև Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի գլխավորությամբ: Դեռ 1985 թվականին ձևավորվեց Տարածաշրջանային համագործակցության հարավասիական ասոցիոցիան, որը տարածաշրջանի ութ երկրիների (այդ թվում և Պակիստանի) տնտեսական-քաղաքական կազմակերպություն է, ի դեպ դրանում ներառված է նաև Աֆղանստանը[15]: Սկզբունքորեն այս կազմակերպության հիմքով կարող են պայմաններ ձևավորվել հարավասիական միություն ստեղծելու համար, որում առաջատար դիրք կունենա Հնդկաստանը և մրցակից կլինի այնպիսի երկրների, ինչպես ԱՄՆ-ը, Չինաստանը, անգամ Եվրոպական Միությունը: Նման միության ստեղծման ճանապարհով կարող է վերջնականապես լուծվել Հնդկաստան – Պակիստան կոնֆլիկտը:
[1] Հնդկաստանի պատմության մասին տե՛ս Stein B., A History of India, New Delhi and Oxford: Oxford University Press, 2001:
[2] Торкунов А. В. Современные международные отношения и мировая политика, М., 2004, էջ 627-628:
[3] Symonds R., The Making of Pakistan. — London: Faber and Faber, 1951, էջ 74:
[4] Торкунов А. В. Современные международные отношения и мировая политика, М., 2004, էջ 629:
[5] Հնդկաստան – Պակիստան պատերազմների մասին տե՛ս Торкунов А. В. Современные международные отношения и мировая политика, М., 2004, էջ 629-631:
[6] http://abc.informbureau.com/html/odaoee_ied.html
[7] http://csis.org/files/media/csis/pubs/sam12.pdf
[8] http://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD?year_high_desc=true
[9] https://www.imf.org/external/pubs/ft/weo/2017/01/weodata/download.aspx
[10] https://www.indiastat.com/default.aspx — 11.07.2017
[11] http://www.pwd.punjab.gov.pk/ — 11.07.2017
[12] http://www.globalfirepower.com/defense-spending-budget.asp
[13] http://www.globalfirepower.com/active-military-manpower.asp
[14] http://www.fas.org/programs/ssp/nukes/nuclearweapons/nukestatus.html
[15] Տե՛ս կազմակերպության պաշտոնական կայքը http://www.saarc-sec.org/