Մարդու իրավունքներն իսլամում
Իսլամը երկրորդ ամենամեծ կրոնն է աշխարհում քրիստոնեությունից հետո, ինչպես նաև մոլորակի ամենաարագ աճող կրոնը: Մահմեդականների թիվը կազմում է մոտ 1.7 մլրդ մարդ:
Մահմեդական համայնքներ գոյություն ունեն ավելի քան 120 երկրներում, թվով 35 երկրում մահմեդականները կազմում են բնակչության մեծամասնությունը, իսկ 29 երկրում իսլամի հետևորդները կազմում են ճնշող փոքրամասնությունն են: 28 երկրներում իսլամը ճանաչվել է պետական կամ պաշտոնական կրոն: Դրանով հանդերձ մահմեդականների միայն 18% է ապրում արաբական երկրներում[1]:
Իսլամի սուրբ գիրք Ղուրանն է: Ըստ իսլամի ուսմունքի, Ղուրանը հավերժական և իրական Աստծո խոսքն է: Հասարակական կյանքի իրավական, սոցիալական և տնտեսական նորմերը մանրամասնությամբ են Ղուրանում, որ շատ իսլամագետների կարծիքով, կարող են համեմատվել Մարդու իրավունքների դեկլարացիայի հետ: Իսլամը, որպես աշխարհայացքային համակարգ, ունի մարդու իրավունքների իր տեսակետը: Ղուրանում խոսվում է հավասարության, հավատքի ազատության, մասնավոր սեփականության և այլ իրավունքների մասին` ներառելով տնտեսական, սոցիալական և քաղաքացիական իրավունքներ:
Իսլամական աշխարհում առաջ է քաշվել մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ սեփական հայեցակարգը: Այն ամրագրվել է դեռևս 1990թ. օգոստոսի 5-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Իսլամական Կոնֆերանս Կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդունված «Մարդու իրավունքների Կահիրեի հռչակագրում»[2]:
Դրանից գրեթե տասը տարի առաջ` 1981թ. սեպտեմբերի 19-ին, Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստավայրում, ընդունվել էր «Մարդու իրավունքների համընդհանուր իսլամական հռչակագիրը», որը խարսխված է Ղուրանի սկզբունքների վրա: Այստեղ, մասնավորապես, նշվում էր, որ տասնչորս դար առաջ իսլամը մարդկությանը տվեց մարդու իրավունքների կատարյալ կոդեքսը, որի հիմնական նպատակն է մարդկությանն արժանապատվության երաշխիքներ տալը` վերացնելով շահագործման, անարդարության հնարավորությունը[3]:
Իսլամում մարդու իրավունքների հայեցակարգը հիմնվում է այն համոզմունքի վրա, որ միակ և ամենակարող Աստված է հանդիսանում օրենքի հեղինակը և մարդու բոլոր իրավունքների աղբյուրը: Հետևաբար, այդ իրավունքները չեն կարող սահմանափակվել սովորական մարդկանց, որևէ կազմակերպության կամ կառավարության կողմից:
Իսլամական «օրենք»-ի տակ հասկացվում է Շարիաթը և Ղուրանում կամ Սուննայում (Մուհամեդ մարգարեի կյանքի նկարագրության գիրք) գոյություն ունեցող պատվիրանները:
Կահիրեի հռչակագրում մասնավորապես նշված է , որ բոլոր մարդիկ հավասար են մարդկային արժանապատվության և պատասխանատվությունների առումով և չպետք է ռասայական, սեռական, կրոնական, քաղաքական, սոցիալական, լեզվական կամ որևէ այլ խտրականության ենթարկվեն: Բոլոր մարդիկ Աստծո ծառաներն են, և ոչ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չպետք է ունենա:
Կյանքն Աստծո կողմից շնորհված պարգև է, կյանքից զրկելն անթույլատրելի է` բացառությամբ Շարիաթով ամրագրված պատճառների: Դատապարտվում է ցեղասպանության իրականացման ամեն մի փորձ: Մեկ այլ կարևոր սկզբունք է մարդու հոգու վերափոխման անհնարինությունը. յուրաքանչյուրին տրվում է մեկ կյանք, հետևաբար, մեկ հնարավորություն:
Հռչակագրում խոսվում է պատերազմի դեպքում մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցերի մասին: Զինված հակամարտության ժամանակ անընդունելի է սպանել ծերերին, կանանց և երեխաներին: Վիրավորներն ու տկարները բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն, գերիները` սննդի, ապաստանի և հագուստի: Չի կարելի պղծել մահացածների մարմինները, քանդել քաղաքացիական շենքերը, կառույցներն ու հաստատությունները:
Այս ամենի կողքին, մի շարք մահմեդական երկրներում (օրինակ` Պակիստանում) մինչև վերջերս գոյություն ուներ «արյան վրիժառություն» հասկացությունը. այսօր արդեն, որպես սպանվածի արյան գին, վերջինիս ընտանիքին աղջիկ են տալիս կնության: Կամ, օրինակ, հենց նույն Պակիստանում մինչև 2000թ. գոյություն է ունեցել երեխաների մահապատիժ և այլն:
Հռչակագրում նշված է, որ կինը հավասար է տղամարդուն` մարդկային արժանապատվության առումով, ունի իրավունքներ ու պարտավորություններ, սեփական քաղաքացիական կարգավիճակ, ֆինանսական ինքնուրույնություն և իրավունք` պաշտպանելու իր անունն ու ծագումը:
Հռչակագրում նշված նաև մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ընդհանուր առմամբ համընկնում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթներին: Սակայն, չնայած այդ նմանություններին, հռչագիրը գրեթե ամենուր շեշտում է, որ մարդը այս կամ այն իրավունքն ունի, եթե վերջինս չի հակասում Շարիաթի սկզբունքներին: Այսպես, օրինակ, հռչակագրի 22-րդ հոդվածում նշվում է, որ յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը այնպես, որ այն չհակասի շարիաթի սկզբունքներին :
Հռչակագրում իսլամին առհասարակ մեծ դեր է վերապահված: Ըստ այդմ` իսլամն աշխարհում մշակութային և պատմական առաքելություն ունի, որը սահմանվել է հենց Աստծու կողմից: Իսլամը հայտ է ներկայացնում իր ներդրումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության հարցում` համաձայն իսլամական Շարիաթի: Իսլամական աշխարհը պետք է ճանապարհ ցույց տա մարդկությանը, որը մոլորվել է հակոտնյա միտումների և գաղափարախոսությունների մեջ։
ստ մահմեդական կրոնի` Աստվածային բոլոր օրենքները բխում են մարդկության շահերից, ուստի, եթե այդ օրենքներում և կանոններում նկատվում է որևէ տարբերություն կամ հակասություն, ապա այն պայմանավորված է մարդկության և հասարակության շահերով: Քանզի Աստվածային օրենքները սահմանված չեն որևէ յուրահատուկ դեպքի կամ հանրույթի համար: Դրանցում հաշվի են առնված համայն մարդկության շահերը:
Աստվածային բոլոր օրենքներն ու պատգամները պայմանավորված են որոշակի սկզբունքներով: Օրինակ` եթե Աստվածային տեսանկյունից ընտանիք կազմելը կարևոր գործ է, ուրեմն դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ և սկզբունքներ, որոնցից են ազատությունը, արդարությունը և հավասարությունը:
Ազատություն նշանակում է անհատի որևէ գործի իրականացման կամ որևէ բանից օգուտ քաղելու համար ինչ-որ բանից կամ մարդկանցից կախվածության ազատում: Սա է Աստծո կողմից արարված և նրա զորության ներքո գտնվող մարդու համար նախատեսված ազատությունը: Ազատության ճշգրիտ սահմանումը, ըստ Ղուրանի, հենց սա է և ոչ թե այն, որ մարդը կարող է անել ինչ կամենա և երբ կամենա. եթե որևէ մեկի ազատությունը պետք է խանգարի մյուսների ազատությանը, այն այլևս անիմաստ է:
Արդարություն բառն արաբերենում նշանակում է հակաանարդարություն: Արդարությունը մեկնաբանվում է հավասարություն իմաստով կամ էլ նշանակում է արդար բաժանում: Որոշ հոգևորական գիտնականներ էլ համոզված են, որ արդարությունը ամեն ինչ իր տեղը դնելն է, յուրաքանչյուր անձին իր իրավունքները տալը:
Ղուրանում գրված է, որ արարման տեսանկյունից բոլոր մարդիկ հավասար են և սեռական, ազգային կամ լեզվական որևէ առավելություն գոյություն չունի, բոլոր մարդկանց արարման նյութը նույնն է, իսկ տարբերություններն ուղղակի բովանդակային և տարբերակիչ են և ոչ թե առավելության կամ գերակայության նպատակով: Մուհամմեդ Մարգարեն ասել է. «Մարդիկ սանրի ատամների նման հավասար են»[5] :
Իսլամում մարդու իրավունքների կտրվածքով ամենից ցավոտ հարցերից մկեը գենդերային հավասարությանն է վերաբերում: Կանայք, տղամարդկանց նման, գիտությանը ձգտելու իրավունք ունեն և կարող են ունենալ գաղափարներ և մտածողություն: Յուրաքանչյուր մահմեդական, կին թե տղամարդ, ըստ Մուհամեդ մարգարեի պատգամի, պարտավոր է կրթվել: Այս առումով Մարգարեն ասել է հետևյալը. «Բոլոր մահմեդականները պարտավոր են կրթություն և գիտելիք ունենալ» : Կինը կարող է իր վրա վերցնել ընտանիքի առաջնորդման և ապահովման պարտականությունը:
Կինը, տղամարդու նման, պահպանելով կրոնական օրենքներն ու կարգերը, հասարակական գործունեություն ծավալելու իրավունք ունի: Այստեղ պետք է նշել, որ ընտանիքի պահպանման նպատակով, իսլամը կնոջ տանից դուրս գալու իրավունքը վերապահել է տղամարդուն, այսինքն` ամուսնուն:
Կանայք ունեն քվեարկելու, ընտրելու և ընտրվելու իրավունք: Կանայք կարող են մասնակցել հասարակության քաղաքական ճակատագրի ձևավորմանն ու փոփոխմանը, քանզի իսլամի տարածման ժամանակահատվածում կանայք «առանձին դաշինք կնքեցին Մարգարեի հետ» :
Կինն ունի անկախություն և սահմանված իրավունքներ, իսկ օգուտի կամ վնասի հարցում կարող է ընտրություն կատարել: Նա օժտված է սեփականության իրավունքով: Կնոջ զբաղվածության առումով իսլամում արգելք գոյություն չունի, եթե նրա զբաղվածությունը չի վտանգում ընտանիքի պահպանմանն ու չի արգելվում ամուսնու կողմից:
Ընդհանուր առմամբ կարող են նշել, որ առաջին հայացքից թվում է, թե Ղուրանն իր մեջ պարունակում է միայն դրական կողմեր, թե Իսլամը` որպես կրոն և գաղափարախոսություն, ամենակատարյալ ընտրությունն է մարդու համար: Արտաքնապես դա իրոք այդպես է: Բայց անհրաժեշտ է հաշվի առնել այն կարևորագույն հանգամանքը, որ «մարդ» ասելով` այս կրոնն ի նկատի ունի միայն և միայն մահմեդականներին, մինչդեռ մնացած ողջ աշխարհը «անհավատների բազմություն» է, որի դեմ պետք է սրբազան պատերազմ (Ջիհադ) մղել : Դրա վառ ապացույցներից է օրենսդրության մեջ գոյություն ունեցող «Պատերազմ Աստծո դեմ» հոդվածը, որի տակ ընկած դատապարտյալները, հիմնականում` աթեիստները, մահապատժի են ենթարկվում: Պետք է նաև նշել, որ գոյություն ունեն լուրջ տարբերություններ մարդու իրավունքների հարցում` իսլամի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի միջև:
Իսլամը և Շարիաթը նաև որոշակի առումով մահմեդականություն դավանող պետություններում գլխավոր օրենքի դեր են տանում. ոչ մի օրենք չպետք է հակասի Շարիաթի սկզբունքներին: Այսօր, բացի Թուրքիայից, ոչ մի մահմեդական պետություն պաշտոնապես քայլեր չի ձեռնարկել կրոնը պետությունից անջատելու ուղղությամբ:
Չնայած Մարդու իրավունքների Կահիրեի հռչակագրի առկայությանը, իսլամական երկրներում այսօր հաճախ են անտեսվում դրանով սահմանված սկզբունքները: Դրանք խախտվում են անգամ իսլամական սկզբունքների վրա խարսխված երկրներում, ինչպիսին է Սաուդյան Արաբիան: Իհարկե, ոչ բոլոր մահմեդական պետություններն են ծայրահեղական: Օրինակ` Եգիպտոսում, Հորդանանում, Թունիսում, Մարոկկոյում, Բահրեյնում մարդու իրավունքների միջազգային նորմերը հիմնականում պահպանում են: Սակայն, օրինակ, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում այնպիսի ձեռքբերումների կողքին, ինչպիսին անվճար բժշկական օգնությունն է կամ բարձր զարգացած սոցիալական ոլորտը, դեռևս գործում են մարդկանց գլխատելու կամ քարծեծ անելով մահապատժի ենթարկելու միջոցները:
[1] http://www.pewforum.org/Mapping-the-Global-Muslim-Population.aspx
[2] http://www.worldislamlaw.ru/archives/107
[3] Всеобщая исламская декларация прав человека — http://constitutions.ru/archives/500
[5] http://www.islam.ru/content/veroeshenie