Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից. ի՞նչ կլինի վաղը
Brexit-ը կայացավ. 2016 թ. հունիսի 23-ին տեղի ունեցավ Միացյալ Թագավորության՝ ԵՄ անդամակցության հանրաքվե, որում բրիտանացիների 51.9 տոկոսը որոշում կայացրեց լքել Եվրամիությունը: Այս որոշումը միայն լոկալ նշանակություն չունի, ըստ երևույթին պարզ է, որ փոխվում են աշխարհաքաղաքական խաղի կանոնները:
Եվրամիությունը, որն ի սկզբանե ձևավորվել էր որպես ֆրանս-գերմանական դաշինքի արդյունք, վերադառնում է իր ակունքներին: Միության «հիմնադիր հայրերը»՝ մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլը կատեգորիկ դեմ էր Մեծ Բրիտանիայի անդամակցությանը, քանի որ մայրցամաքային Եվրոպայի ու ատլանտիստական Անգլիայի շահերը ոչ միշտ են համընկնում: Մեծ Բրիտանիան առաջանահերթ անգլո-ամերիկյան տանդեմի դերակատար է, իսկ Եվրամիությունը իրենց համար միայն միջոց է ատլանտյան հեգեմոնիայի ամրապնդման ու հնարավոր դաշինքներն ու մրցակցությունը բացառելու համար:
1973 թ., երբ Մեծ Բրիտանիան միացավ եվրոպական ընտանիքին, Միության տրամաբանությունը արմատապես փոխվեց. կառույցը կորցրեց իր չեզոք եվրոպակենտրոն կարգավիճակը՝ համալրելով Վաշինգտոնի արբանյակների շարքերը: Այդ ժամանակ կար ընդհանուր թշնամի՝ արևելքից կոմունիզմի սպառնալիքը, ուստի եվրոպացիները համաձայնեցին զիջել իրենց «սուվերենությունը»:
ԽՍՀՄ փլուզումից հետո իրավիճակն արմատապես փոխվեց. 1992 թվականին ստորագրվեց Մաաստրիխտի համաձայնագիրը, որով ներկա ԵՄ ինստիտուցիոնալ կառույցի հիմքը դրվեց, աստիճանաբար միասնական Եվրոպան սկսեց այլընտրանք դառնալ ԱՄՆ-ին:
Ամենամեծ հարվածն ինքնին «եվրո» արժույթի շրջանառության մեջ ներդրումն էր (1999 թ.), որը խորհրդանշում է ԵՄ-ի միասնականությունն ու անկախությունը: Նոր Եվրոպան աստիճանաբար դառնում էր հզոր տնտեսական կենտրոն, որի ավանգարդում կանգնած էր Գերմանիան, որը Ֆրանսիայի հետ ձևավորում էր դուալիստական եվրակայսրություն, իսկ «վասալները» կամովին էին հպատակություն հայտնում: Հարցական էր, թե վաղն այս կառույցը ինչպիսի աշխարհաքաղաքական խաղը մեջ կմտի, բացառված չէր նաև Ռուսաստանի հետ մերձեցումը, ինչը ատլանտիստների համար մղձավանջ կդառնար:
Այստեղ է, որ անգլո-ամերիկյան կողմը նախաձեռնեց «վասալների հեղափոխություն». 2004 թվականին Եվրամիությանը միացան տասն արևելաեվրոպական երկրներ, իսկ 2007-ին՝ ևս երկուսը: Թվում էր՝ այս պետությունների միացումից Եվրամիությունը շեշտակիորեն ամրապնդելու էր իր դիրքերը, դառնալու էր ԱՄՆ-ին իրական մրցակից: Սակայն փաստն այն է, որ դրանով մայրցամաքային Եվրոպան աշխարհաքաղաքական խոշոր պարտությունը կրեց: Նոր միացած երկրներն իրենց գոյության ու անկախության համար առաջնահերթ պարտական են ատլանտիստներին, քանի որ վերջիններիս «սանիտարական կարդոն» նախագծի արդյունքում ձևավորված պետություններ էին: Տրամաբանությունը պարզ է, Ռուսաստանի ու Գերմանիայի հնարավոր դաշնակցությունը թույլ չտալու համար պետք է դրանց բաժանել «կիսով չափ անկախ» երկրներով, որոնք իրենց արտաքին քաղաքական կողմնորոշման առումով կունենան ամերիկամետ ու ռուսատյաց դիրքորոշում, Իսկ Եվրամիության ներսում Մեծ Բրիտանիայի ուղղորդմամբ կդառնան «որոշում պարտադրող ուժ»:
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու դեպքում բնավ բացառված չէ, որ Արևելյան Եվրոպայի անդամ երկրները ժամանակի ընթացքում փոխեն իրենց «սյուզերենին», որն արդեն իսկ մեծ վտանգ է անգլո-ամերիկյան շահին:
Մյուս կողմից այստեղ հարցն այն է, թե որքան անցնցում կանցնի բուն Մեծ Բրիտանիայի հեռացումը ԵՄ-ից: Առաջին իսկ արձագանքը կլինի միջազգային բորսայում, որի սպասելիքներն ու կանխատեսումները վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ հետագա քաղաքական գործընթացների վրա:
Այս որոշման արդյունքում եվրաինտեգրացիոն անբասիր շարժընթացը շեշտակիորեն տուժեց, երբ Միությունը լքում է կառույցի երկրորդ տնտեսությունը, եվրասկեպտիկների համար առարկայական կանխատեսումների հիմքեր են ստեղծվում: Եվրոպական տեսլականի նկատմամբ հավատն ու անդամակցության գրավչությունն այլևս վերապահումով կարող է ընդունվել պոտենցյալ թեկնածուների՝ այդ թվում Արևելյան գործընկերության երկրների համար:
Սակայն ամենավտանգավոր միտումն այն է, որ Brexit-ը կարող է նախադեպային լինել այլ երկրների համար՝ հանգեցնելով կառույցի թուլացման ու անգամ հնարավոր կազմաքանդմանը: Վերահսկողություն դուրս կարող են գալ նաև անջատողական ձգտումները եվրոպական երկրների ներսում, օրինակ բուն Մեծ Բրիտանիայում կարող է սկսվել դժգոհության մեծ ալիք, քանի որ Եվրամիությունից դուրս գալուն կողմ է արտահայտվել միայն Անգլիան և Ուելսը, իսկ Շոտլանդիան ու Հյուսիսային Իռալանդիան դեմ են եղել: Արդյոք սա չի՞ հանգեցնի լարվածության կամ հասարակական ցնցումների, ու արդյոք չի տարածի այլ երկրներում:
Այսքանով հանդերձ այժմ Եվրոպային գործողությունների ազատություն է տրվում ու բնավ բացառված չէ, որ երկարատև ժամանակահատվածում կարող է լինել առավել անսպասելին՝ Եվրամիություն-Ռուսաստան հնարավոր մերձեցումը բոլոր հետևություններով…