Անդրկովկասյան բռնապետը ստվեր է գցում Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը. ձերբակալվել է լրագրող Աֆգան Մուխտարլին
Մայիսի 29-ի երեկոյան Թբիլիսիում առևանգվել էր ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարլին, նրան տեղափոխել էին Ադրբեջան և ձերբակալել:
Մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերով զբաղվող «Amnesty International» կազմակերպությունը դեպքը որակել է «ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ տևական բռնաճնշումներ դրսևորում» և կոչ է արել ազատ արձակել Մուխտարլիին: Կազմակերպությունը դատապարտել է նաև Վրաստանին՝ նշելով, որ «առևանգմանը մասնակցություն են ունեցել նաև վրացական իշխանությունները»:
Հետաքննող-լրագրող Աֆգան Մուխտարլին տարիներ շարունակ լուսաբանել է ալիևյան կլանի կոռուպցիոն մեխանիզմները, մասնավորապես պետական գնումների չարաշահումների վերաբերյալ:
2015 թվականին հարկադրված է եղել տեղափոխվել Թբիլիսի և իր գործունեությունը շարունակել է այնտեղից: Մուխտարլին մի շարք հոդվածներ է հրապարկել, որտեղ ներկայացրել է նաև Վրաստանում Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին տեղեկություններ: Բնավ պատահական չէ, որ Վրաստանի համար ևս Մուխտարլին վտանգավոր էր դառնում, ուստի նրանից ազատվելը ցանկալի էր նաև Թբիլիսիին:
Եթե մինչ այս դեպքը Վրաստանն ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստների համար հուսալի ապաստանն էր դարձել, ապա այժմ այդ երկրում գտնող ադրբեջանցիներ մտահոգության առիթ ունեն:
Ոչ մեկին գաղտնիք չէ, որ Ադրբեջանում իրավապաշտպաններին, լրագրողներին լռեցնելու միջոց է դարձել քրեական հետապնդումները, Մուխտարլիի դեպքում քրեական գործ հարուցելու համար սահմանը հատելուց առաջ նրա գրպանը 10.000 եվրո գումար են դրել, մաքսանենգության մեջ մեղադրելու համար: Նման տարբերակով Անդրկովկասյան բռնապետը համընդհանուր վախի մթնոլորտում է պահում Ադրբեջանի ժողովրդին: Սակայն այսօր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական բռնապետության աշխարհագրությունն ընդլայնվում է: Այլ սուվերեն պետության տարածքում քաղաքացու ձերբակալությունը Վրաստանի համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեծ բացթողում է, որը միայն դատապարտության է արժանի: