Ռուսաստանի իրական հարստությունը. 28 տրիլիոն դոլար
Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ) բնական ռեսուրսներով աշխարհի հարուստ երկրներից է: Բնական ռեսուրսների առանձին տեսակների քանակական և որակական պաշարների հետախուզումն ու գնահատումը Ռուսաստանում դեռևս շարունակվում են: ՌԴ–ն աշխարհում հայտնի է հանքահումքային, հողային, ջրային, անտառային և այլ ռեսուրսների մեծ ներուժով:
Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են տարածքային գործոնը,տարածքի ձևավորման երկրաբանական առանձնահատկությունները,բնակլիմայական պայմանների բազմազանությունը:
Բնառեսուրսային ներուժը տվյալ տարածքի տնտեսական զարգացման հիմքը կազմող բնական ռեսուրսների առանձին տեսակների ներուժի հանրագումարն է: Այն բնութագրում է բնական ռեսուրսների տեղաբաշխումը, դրանցով տնտեսության տարբեր ճյուղերի ապահովվածությունը և բնական ռեսուրսների ազդեցությունը տնտեսության մասնագիտացման ու տարածքային կազմակերպման վրա:
ՌԴ ընդերքի համախառն արժեքը գնահատվում է 28 տրլն դոլար (այդ թվում՝ բնական գազի բաժինը կազմում է 32 %, ածխինը` 23 %, նավթինը` 16 %, մետաղային հանքանյութինը` 14 %): ՌԴ բնառեսուրսային ներուժը շատ մեծ է: Սակայն բնական ռեսուրսների՝ գերազանցապես Ուրալից արևելք բաշխվածությունը, օգտագործման գլխավոր շրջաններից, ծովային նավահանգիստներից կտրվածությունը, բնական խիստ պայմանները մեծ դժվարություններ են առաջացնում այդ ռեսուրսների յուրացման գործընթացում:
Արդյունքում՝ ռեսուրսների տարբեր տեսակների պաշարների 1/3–ից 2/3–ը ժամանակակից շուկայական հարաբերությունների պայմաններում գնահատվում է ոչ եկամտաբեր:
ՌԴ բնական ռեսուրսների ընդհանուր ծավալի ընդամենը 25 %–ն է յուրացվում: ՌԴ–ն իր բնական ռեսուրսների գնահատված պաշարներով 3,8 անգամ գերազանցում է ԱՄՆ–ին և 4,5 անգամ` Չինաստանին:
ՌԴ–ն անգերազանցելի է հիմնական բնական ռեսուրսի անփոխարինելի տեսակ հանդիսացող տարածքով, որն ընդգրկում է երկրագնդի ցամաքային տարածքի շուրջ 12 %–ը (17,4 մլն կմ2) և բնառեսուրսային բազմազանության ու մեծ ներուժի գլխավոր պատճառն է:
Տարածքի մեծությամբ է պայմանավորված ՌԴ հարուստ հողային ֆոնդը: Այն կազմում է 1709,8 մլն հա: ՌԴ հողային ֆոնդի կառուցվածքը առանձնահատուկ է. գերիշխում են անտառային հողերը, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են հողային ֆոնդի 23,6 %–ը:
Հողային ֆոնդի նմանատիպ կառուցվածքը պայմանավորված է խիստ բնակլիմայական գործոններով, հատկապես՝ ՌԴ տարածքի մեծ մասի բարեխառն ցամաքային և խիստ ցամաքային կլիմայական պայմաններով: Միաժամանակ, զգալի է շրջանառության մեջ գյուղատնտեսական նշանակության նոր հողեր ներառելու միտումը: Սակայն գյուղատնտեսական նշանակության հողերը ջրային և հողմնային էրոզիայի, ճահճացման, անտառների և թփուտների բնական ընդարձակման հետևանքով վերջին 25 տարիների ընթացքում կրճատվել են շուրջ 35 մլն հեկտարով: Վերջին տվյալներով՝ ակտիվ էրոզիայի ենթարկվող հողահանդակների տարածքը գերազանցում է 50 մլն հեկտարը:
ՌԴ հողերի 1100 մլն հեկտարը հավերժական սառցույթի գոտում է: ՌԴ– ում հողերի վատթարացմանը նպաստում է նաև օգտակար հանածոների ստորգետնյա և հատկապես մեծածավալ բաց հանույթը:
ՌԴ տարածքի տարբեր մասերի` պլատֆորմների և գեոսինկլինալների երկրաբանական զարգացման առանձնահատկությունները պայմանավորել են վառելիքային, մետաղական և ոչմետաղական հանքային հումքի մի շարք տեսակների համաշխարհային նշանակության պաշարների առաջացումը:
Այստեղ հետախուզված հանքավայրերի թիվը մոտ 20 հազ. է, որոնց 37 %–ը շահագործվում է:
Խոշոր ու եզակի հանքավայրերում (ընդհանուր թվի 5 %–ը) կուտակված է հետախուզված պաշարների մոտ 70 %–ը, այդ հանքավայրերից է արդյունահանվում հանքային հումքի 50 %–ը:
Նավթի համաշխարհային պաշարների ՌԴ բաժինը կազմում է 12 %, բնական գազինը` 33 %, ածխինը` 14 %, երկաթինը` 14 %, կապարինը` 10 %, ցինկինը` 15 %, կալիումական աղինը` 31 %: Նիկելի, ոսկու, արծաթի, ալմաստի և միքանի այլ օգտակար հանածոների պաշարներով ՌԴ–ն զբաղեցնում էաշխարհում առաջինից երրորդ տեղերը:
ՌԴ–ն առանձնանում է գազի հետախուզված պաշարներով (215 տրլն մ3): Ավելի քան 1 տրլն մ3 պաշարներ ունեցող 20 հանքավայրերից 9–ը ՌԴ– ում է:
Աշխարհում ամենախոշոր՝ Ուրենգոյի (10,2 տրլն մ3), ինչպես նաև Յամբուրգի, Զապոլյարնիի, Մեդվեժիեի հանքավայրերը Արևմտասիբիրական նավթագազաբեր շրջանում են:
Չնայած երկաթաքարի արդյունահանման տեմպերով ՌԴ–ն զիջում է մի շարք երկրների, բայց երկաթի հետախուզված պաշարներով առաջատարն է, իսկ հանքաքարում երկաթի պարունակությամբ (36 %) զգալի զիջում է պաշարներով համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղը զբաղեցնող Բրազիլիային (58 %) և Ավստրալիային (62 %): Երկաթաքարի պաշարների 55 %–ը գտնվում է մեկ հանքավայրում` Կուրսկի մագնիսական անոմալիայում:
Ռուսաստանը առանձնանում է նաև գունավոր ու հազվագյուտ մետաղների պաշարներով: Մետաղների արդյունահանման և սպառման համաշխարհային գործընթացում ՌԴ–ն իր ուրույն տեղն է զբաղեցնում ու առանձնանում անընդհատ աճող ծավալներով:
Ռուսաստանի բնական ռեսուրսների շարքում կարևոր նշանակություն ունեն քաղցրահամ ջրիպաշարները (4300 կմ3), որոնցով զիջում է միայն Բրազիլիային (6950 կմ3): Ռուսաստանում գետերի միագումար հոսքը կազմում է 4,2 կմ3/տարի, մեկ մարդու հաշվարկով գետային հոսքի ծավալը կազմում է 29 մ3/տարի, որն աշխարհում բավականին բարձր ցուցանիշ է: ՌԴ–ում 1990–ական թվականների երկրորդ կեսին, տնտեսական ճգնաժամով պայմանավորված,քաղցրահամ ջրի օգտագործումը տնտեսական գործունեության մեջ և կենցաղում որոշակիորեն նվազել է և 2000 թ. կազմել ընդամենը 85 կմ3: Այս ցուցանիշը 2009 թ. դրությամբ լուրջ փոփոխություն չի կրել:
ՌԴ–ում օգտագործվողջրի 56 %–ը ծախսվում է արդյունաբերության կողմից, 21 %–ը` կենցաղային և խմելու նպատակներով, 17 %–ը` ոռոգման և գյուղատնտեսության ջրամատակարարման, 6 %–ը՝ այլ կարիքների համար: Արդյունքում՝Ռուսաստանում օգտագործվում է գետային հոսքի միջոցով տարեկան ձևավորվող քաղցրահամ ջրային պաշարների ընդամենը 2 %–ը: Սա միջինացված ցուցանիշ է և առանձին գետավազաններում հասնում է 50–75 %–ի: Կենտրոնական, Կենտրոնական սևահողային և Պովոլժիեի շրջաններում մեկ շնչի ջրապահովվածությունը կազմում է 3000–4000 մ3/տարի, իսկ Հեռավոր Արևելքում` 300 հազ. մ3:
Ռուսաստանը տիրապետում է ջրաէներգետիկ շատ մեծ ռեսուրսների: Նրան բաժին է ընկնում երկրագնդի ջրաէներգետիկ պաշարների 9 %–ը: ՌԴ ջրաէներգետիկ ներուժը տեսականորեն գնահատվում է 2900 մլրդ կվտ•ժ: Սակայն ՌԴ ջրաէներգետիկ ռեսուրսները խիստ անհավասարաչափ են տեղաբաշխված. ՌԴ եվրոպական մասին բաժին է ընկնում ջրաէներգետիկ ռեսուրսների 15 %–ը, իսկ ասիական մասին` 85 %–ը: ՌԴ ջրաէներգետիկ ռեսուրսներից յուրացված է ընդամենը 18 %–ը (եվրոպական մասում` 50 %–ը, Սիբիրում` 19 %–ը, Հեռավոր Արևելքում` 4 %–ը):
ՌԴ բնակլիմայական պայմանների բազմազանությամբ են պայմանավորված նաև անտառային համաշխարհային նշանակության ռեսուրսները: Սա անտառային ռեսուրսներով ամենահարուստ երկիրն է աշխարհում:
Ռուսաստանի անտառները կազմում են աշխարհի անտառածածկ տարածքների 22,1 %–ը: Ռուսաստանի անտառապատվածությունը մեծ է և կազմում է 1104,9 մլն հա կամ երկրի ողջ տարածքի 45,4 %–ը: ՌԴ–ում անտառներն, ըստ տնտեսական նշանակության և գործառութային առանձնահատկությունների, բաժանվում են երեք խմբի:
Առաջին խմբին են պատկանում ջրապաշտպան, սանիտարահիգիենիկ, ռեկրեացիոն գործառույթներ իրականացնող անտառները:
Eրկրորդ խմբին` խտաբնակ տարածքների անտառները, որոնք ունեն բնապահպան նշանակություն և ենթակա են սահմանափակ շահագործման:
Երրորդ խմբին են պատկանում միայն տնտեսական շահագործման նպատակով առանձնացված խիտ անտառները:
ՌԴանտառափայտի պաշարները 82 մլրդ մ3 են, 1 հա–ի միջին պաշարը կազմում է շուրջ 150 մ3: Անտառափայտի բնական հավելաճը կազմում է մոտ 867 մլն մ3, որից անտառապատ տարածքների յուրաքանչյուր հեկտարին բաժին է ընկնում մոտ 1,33 մ3: Անտառափայտի պաշարներով ՌԴ–ն զիջում է միայն Լատինական Ամերիկային:
Մեկ շնչին ընկնող ցուցանիշներով ՌԴ–ն զիջում է միայն Կանադային: Ռուսաստանի անտառապատվածությունը անհավասարաչափ է. անտառապատ տարածքի 9/10–ը ընկած է տայգայի զոնայում` հատկապես Արևելյան Սիբիրում և Հեռավոր Արևելքում:
Ռուսաստանը աշխարհում առանձնանում է երկրաջերմային էներգետիկ հարուստ պաշարներով, որոնք հանդիպում են հին և երիտասարդ գեոսինկլինալների տարածման շրջաններում (Հեռավոր Արևելք): Երկիրըհարուստ է նաև քամու մակընթացային էներգիայի ռեսուրսներով: Դրանց ներուժի գնահատումները նախնական են, իսկ օգտագործումը՝ աննշան, սակայն որպես վերականգնվող էներգետիկ ռեսուրսների տեսակներ՝ ՌԴ վառելիքաէներգետիկ բնագավառի ռազմավարությունում դրանց օգտագործման ուղղությամբ մինչև 2020 թ. պետք է իրականացվեն պետական ծրագրեր: