«Գլոբալ կառավարումը ձախողվել է». Մոդի
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին քննադատել է համաշխարհային ինստիտուտներին՝ աշխարհի ամենամեծ մարտահրավերներին դիմակայելու ձախողման համար ՝ կոչ անելով երկրներին ընդհանուր լեզու գտնել պառակտող հարցերի շուրջ: Այս մասին գրում է AL JAZEERA-ն:
Հինգշաբթի Նյու Դելիում, ելույթ ունենալով 20-րդ խմբի (G20) ԱԳ նախարարների հանդիպման բացմանը, Մոդին ասաց, որ երկրները պետք է ընդունեն, որ բազմաբևեռությունը ներկայումս «ճգնաժամի մեջ է»:
«Վերջին մի քանի տարիների փորձը՝ ֆինանսական ճգնաժամ, կլիմայի փոփոխություն, համաճարակ, ահաբեկչություն և պատերազմներ, հստակ ցույց է տալիս, որ համաշխարհային կառավարումը ձախողվել է», — ասել է Մոդին արձանագրված հայտարարության մեջ։
«Մենք չպետք է թույլ տանք, որ հարցերը, որոնք մենք չենք կարող միասին լուծել, խոչընդոտեն նրանց, որոնք կարող ենք», — ավելացրել է Մոդին:
G20-ն այս տարի նախագահում է Հնդկաստանը։ Բայց Մոսկվայի հետ Նյու Դելիի անվտանգության երկարամյա կապերը անհարմար դրության մեջ են դրել հինգշաբթի օրվա հանդիպումը հյուրընկալողին:
Հնդկաստանը, լինելով ռուսական սպառազինության և էներգիայի հիմնական գնորդը, ուղղակիորեն չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։
Չորեքշաբթի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղարը ասել է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում, ակնկալվում է, որ հանդիպմանը քննարկման կարևոր կետ կլինի։
Նյու Դելին նաև ցանկանում է բանակցությունները ուղղորդել դեպի Գլոբալ հարավի վրա ազդող խնդիրներին, ինչպիսիք են աղքատության վերացումը և կլիմայի փոփոխությունը:
Եվրոպայի և Միացյալ Նահանգների պատվիրակները, սակայն, կրկնել են, որ իրենք Ռուսաստանին են համարում հակամարտության համար պատասխանատու, իսկ Գերմանիան հայտարարել է, որ հանդիպումը կօգտագործի ռուսական «քարոզչությանը» հակազդելու համար:
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուկստրան, ելույթ ունենալով հանդիպման շրջանակում, լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը միակ պատասխանատուն է պատերազմի համար և պետք է շարունակի պատժամիջոցների ենթարկվել:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան նաև ասել է, որ G20-ը պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկի «բացասական հետևանքների համար մոլորակի գրեթե բոլոր երկրների համար»:
«Մենք պետք է լուծումներ տանք, որոնք պաշտպանում են առավել խոցելիներին, այլ ոչ թե թողնել նրանց տուժել Ռուսաստանի պատերազմից», — ասել է նա:
Նյու Դելիի հանդիպմանը մասնակցում է 40 պատվիրակություն, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի գլխավորած պատվիրակությունները։
Չորեքշաբթի Բլինքենն ասաց, որ երկու նախարարների հետ էլ չի պատրաստվում հանդիպել: Վաշինգտոնի և Պեկինի միջև կապերը լարված են Ուկրաինայի պատճառով, ինչպես նաև ԱՄՆ-ը նախորդ ամիս խոցեց, ինչպես ասում էր, չինական լրտեսական օդապարիկը, որը շարժվել էր Հյուսիսային Ամերիկայի վրայով:
G20-ի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում այն իրադարձությունից հետո, երբ նախորդ ամիս Բենգալուրու քաղաքում ֆինանսների նախարարների հավաքը ձախողեց համաձայնության գալ պատերազմի վերաբերյալ համատեղ հայտարարության:
Այդ հանդիպմանը Մոդին կոչ արեց առաջատար տնտեսություններին օգնել աշխարհի ամենախոցելի մարդկանց և «վերադարձնել կայունությունը, վստահությունը և աճը համաշխարհային տնտեսությանը»:
Ֆինանսական պաշտոնյաների հավաքում կոնսենսուսի բացակայությունը արտացոլեց նախորդ նոյեմբերին Բալիում կայացած G20-ի գագաթնաժողովի արդյունքը, երբ հյուրընկալող Ինդոնեզիան հրապարակեց հռչակագիր՝ ընդունելով երկրների միջև առկա տարաձայնությունները: