Ատոմային խուճապ Վիեննայի դպրոցներում
Վիեննայի դպրոցների ղեկավարությունը նամակներ է ուղարկել աշակերտների ծնողներին՝ բացատրելով, թե ինչ անել ռադիոակտիվ ամպի դեպքում, հայտնում է «Exxpress»-ը։
Խուճապ, թե՞ ողջամիտ նախազգուշական միջոց: Վիեննայի դպրոցները վերջերս նամակներ են ուղարկել աշակերտների ծնողներին՝ նախազգուշացնելով ճառագայթային պաշտպանության միջոցները պահպանելու անհրաժեշտության մասին: Նրանք նկարագրում են ռադիոակտիվ ամպի առաջացման մռայլ սցենարներ։
Մի քանի շաբաթ առաջ Վիեննայի դպրոցները թույլտվություն խնդրեցին աշակերտների ծնողներից, որպեսզի «միջուկային ռեակտորում վթարի դեպքում» դպրոցի անձնակազմը դասարանում երեխաներին կալիումի յոդիդի հաբեր կարողանա տալ:
Նամակում ասված է, որ եթե վտանգի մասին նախազգուշացման և ռադիոակտիվ ամպի ի հայտ գալու միջև բավական ժամանակ մնա, ծնողներին հնարավորություն կտրվի երեխաներին դպրոցից վերցնել։ Սակայն նույնիսկ այս դեպքում նրանք չեն կարողանա մուտք գործել դպրոցի շենք. երեխաներին դուրս կթողնեն հատուկ դարպասներով։ Ծնողներին խնդրում ենք, եթե հնարավոր է, որ տարածքի ռադիոակտիվ աղտոտվածության դեպքում իրենց հետ ունենան պաշտպանիչ հագուստ իրենց երեխայի համար։ Առաջին պաշտպանիչ թիկնոցը երեխային կտրվի դպրոցում:
Եթե տագնապի հայտարարման և ամպի հայտնվելու միջև բավական ժամանակ չմնա, ապա իրավիճակը շատ ավելի կբարդանա։ Քանի դեռ հնարավոր չէ երեխաներին դպրոցից անվտանգ վերցնել, նրանք կմնան դպրոցում՝ ուսուցիչների հսկողության ներքո։ Թե սա որքան կտևի, ոչ ոք հստակ չի կարող ասել։ Պատուհաններն ու դռները նման իրավիճակում, իհարկե, ամուր փակ կլինեն։ Այս մասին հայտարարել է Կրթության նախարարությունը՝ դպրոցների ղեկավարության միջոցով։ Այս դեպքում երեխաները կստանան կալցիումի յոդիդի առաջին հաբերը։
Նամակին կցվում է հատուկ ձևաթուղթ։ Լրացնելով այս ձևաթուղթը, ծնողները կարող են դպրոցին թույլտվություն տալ, որպեսզի երեխան մենակ գնա տուն արտակարգ իրավիճակի դեպքում: Բայց ծնողներին խնդրում են մտածել, թե «արդյո՞ք խելամիտ կլինի, որ երեխան ինքնուրույն լքի դպրոցի շենքը Վիեննայում արտակարգ դրության դեպքում, և արդյոք նրանք կկարողանան տուն հասնել մինչև ռադիոակտիվ ամպի հայտնվելը»: Մինչև մարտի 1-ը երեխաները պետք է դպրոց բերեն իրենց ծնողների ստորագրությամբ փաստաթղթեր։