Ռուսական ագրեսիան մեծ անհանգստություն է առաջացնում Եվրոպայի ռազմավարական շրջանում
Արևմտյան ռազմական ստրատեգները մտահոգված են, որ Ռուսաստանը կարող է փորձել «գրավել» լեհ-լիտվական սահմանի մոտ գտնվող Սուվալկիի միջանցքը, գրում է WSJ-ը։ Տարածաշրջանի բնակիչները պատմել են լրատվականին , թե ինչ է փոխվել իրենց կյանքում ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո։
ՆԱՏՕ-ն անհանգստացած է ապագայով լեհ-լիտվական սահմանային շրջանի, որը գտնվում է Կալինինգրադի մարզի և Բելառուսի միջև։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է տեղի ունենալ այնտեղ մոտ ապագայում։
Լեհ-լիտվական սահմանի շրջակայքում գտնվող այս հանգիստ գյուղական շրջանը ( Սուվալկի Լեհաստան ) հայտնի է իր լեռնային հողերով, հանգիստ լճերով և պատմական քաղաքներով, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի ստրատեգները գիտեն այն նաև որպես պայթյունավտանգ կետ: 69.000 բնակչությամբ Սուվալկի քաղաքը գտնվում է ՆԱՏՕ-ի տարածքի 70 կիլոմետրանոց միջանցքում՝ ռուսական երկու ռազմական ամրությունների միջև: Հարավ-արևելքում Մոսկվայի մերձավոր դաշնակից Բելառուսն է: Հյուսիս-արևմուտքում Կալինինգրադի մարզն է ( Ռուսաստանի տարածքի հատված ), որը կտրված է երկրի մնացյալ տարածքից՝ պայմանավորված Խորհրդային Միության փլուզմամբ: Արևմտյան ռազմական ստրատեգներն այս տարածքն անվանում են Սուվալկիի միջանցք: Նրանք անհանգստացած են, որ Ռուսաստանը, որը 2014 թվականին միացրել է Ղրիմի թերակղզին և այս տարի ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, կարող է փորձել բռնի ուժով գրավել այս սահմանամերձ շրջանը՝ Կալինինգրադի մարզը միացնելով Բելառուսի հետ։ Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունների սպառնալից հայտարարությունները սաստկացնում են անհանգստությունները տարածաշրջանում, ինչպես նաև Ռուսաստանի խորհրդարանում վերջերս ներկայացված օրինագիծը, որ չեղյալ է համարում 1991 թվականին Խորհրդային Միությունից Լիտվայի անկախությունը:
Ուկրաինայում ռազմական գործողությունը մտահոգություն է առաջացնում նաև Ռուսաստանին շրջապատող այլ երկրներում։ Այս պետությունները կամ դաշնակից են եղել Մոսկվայի հետ տասնամյակներ շարունակ, կամ չեն զգացել հարձակման վտանգը։ Ֆինլանդիան և Շվեդիան հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ին միանալու համար, իսկ Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային մի քանի հանրապետություններ, որոնք մնացել են Ռուսաստանի ուղեծրում, աստիճանաբար հեռանում են Մոսկվայից՝ կասկածելով նրա հուսալիությանը որպես դաշնակցի:
Սուվալկիի միջանցքի տարածաշրջանը գիտի բազմաթիվ հակամարտություններ։ Այստեղով են անցել Նապոլեոնի ներխուժող և նահանջող բանակները։ Համաշխարհային պատերազմների ժամանակ տեղի են ունեցել կատաղի մարտեր։ Երբ ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, այս տարածքն անցավ Խորհրդային Միության վերահսկողության տակ, և Կալինինգրադի մարզը դարձավ դրա մի մասը:
Այսօր ռազմական ղեկավարներն ու հետախուզության ներկայացուցիչները չեն տեսնում անմիջական ռազմական սպառնալիք Մոսկվայի կողմից, սակայն անհանգստացած են նրա ագրեսիվությամբ և անկանխատեսելի պահվածքով։
Սուվալկիի նախկին փոխքաղաքապետ Եվա Սիդորեկը ասում է, որ շատ տեղացիներ վախեցել են, երբ Ռուսաստանը հարձակում սկսեց Ուկրաինայում, իսկ ոմանք դեռ շոկի մեջ են: Նրա խոսքով, իր ծանոթներից մեկը հավաքել է ճամպրուկ և անընդհատ լցնում է վառելիքի բաքը մինչև վերջ, եթե ստիպված լինի փախչել: Նրանց ավելի նյարդայնացնում է այն, որ Լեհաստանի այլ շրջաններում մարդիկ կարծում են, որ Սուվալկիի միջանցք արդեն հարձակման է ենթարկվել:
«Մարդիկ զանգում են և հարցնում, թե ինչպես են կռիվներն ընթանում այստեղ», — նշում է Սիդորեկը: Թեև տարածքը զբոսաշրջիկների հնարավորությունների սահմաններում է, սակայն այս տարի նրանց թիվը զգալիորեն նվազել է։ «Զբոսաշրջիկները կարծում են, որ այստեղ վտանգավոր է», — բացատրում է Սիդորեկը:
Սուվալկիի քաղաքապետ Չեսլավ Ռենկևիչը կարծում է, որ զբոսաշրջիկները ի վերջո կվերադառնան։ Բայց նա անհանգստանում է, որ ռուսական ագրեսիայի մասին խոսակցությունները կվախեցնեն ներդրողներին: Երբ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Սուվալկիի մոտ վերջերս հանդիպեց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային, քաղաքապետն ասել է Դուդային, որ տեղական ընկերությունները, որոնք զբաղվում են փայտանյութի, կահույքի և այլ իրերի արտադրությամբ, ի վերջո կարող են պետական աջակցության կարիք ունենալ:
Մոտակա Գոլդապ քաղաքում, իր 19-րդ դարի պրուսական շենքերով, հյուրանոցները դատարկ են, և հարցեր են հնչում աղբյուրների ջրերով տեղական առողջարանային կենտրոնում սահմանափակումների մասին, ասում է տարածաշրջանային տուրիստական կենտրոնի ղեկավարը: «Շատ բնակարաններ վաճառվում են», — ավելացրել է նա: Սա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքը Կալինինգրադի մարզից ընդամենը չորս կիլոմետր է հեռու։
Լիտվայում էլ կան մարդիկ, ովքեր ծրագրում են տարհանման տարբերակները։
Սուվալկիում բնակվող լեհական բանակի պաշտոնաթող գնդապետ Կազիմիր Կուչինսկին ավելի քիչ է մտահոգված։ Նրա խոսքով, Ռուսաստանն այնքան զինամթերք է սպառել Ուկրաինայում, որ չունի բավարար ռեսուրսներ հարձակման համար։ «Մենք կարող ենք հանգիստ քնել»,- նշում է նա։
Անջեյ Սեկը, ով դասավանդում է ներքին անվտանգային հարցեր Սուվալկիի Կիրառական գիտությունների պետական համալսարանում, անցկացնում է ամենամյա գիտաժողովը Սուվալկի միջանցքի վերաբերյալ: Այն անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են հիբրիդային պատերազմը կիբերհարձակումներով, դիվերսիաներով և այլ ոչ սովորական մեթոդներով:
«Այսօր Լեհաստանին, Լիտվային և Սուվալկիի միջանցքի համար մեծ վտանգ չկա,- ասաց նա,- բայց ո՞վ կարող է ասել, թե ինչ կլինի մոտ ապագայում»։
Տարածաշրջանում անհանգստությունն ուժեղացավ հունիսին, երբ Մոսկվայի և Վիլնյուսի միջև վեճ սկսվեց երկաթգծի շուրջ, որն անցնում է Լիտվայով և կապում է Կալինինգրադը մայրցամաքային Ռուսաստանի հետ:
Տասնամյակներ շարունակ այս երկաթուղին անցել է խորհրդային տարածքով, սակայն 1991 թվականին ԽՍՀՄ փլուզմամբ և Լիտվայի անկախությամբ այն դարձել է միջազգային երթուղի։ Երբ 2004 թվականին Բալթյան հանրապետությունները միացան Եվրամիությանը, Ռուսաստանը և Լիտվան պայմանավորվեցին գնացքների շարժի պայմանների շուրջ։ «Լիտվական երկաթուղիների» տվյալներով՝ անցյալ տարի ամեն ամիս Լիտվայով անցել է մոտավորապես 250 ռուսական գնացք։
Փետրվարին Մոսկվայի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները բարդացրել են այս պայմանավորվածության իրականացումը։ Հունիսին Լիտվայի իշխանությունները սկսեցին կիրառել ԵՄ սահմանափակումները՝ արգելափակելով որոշ արգելված ապրանքների փոխադրումը երկաթուղով։ Արդյունքում առճակատում է սկսվել, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ռուսական երկաթուղային բոլոր փոխադրումները դեպի Կալինինգրադ։ Մոսկվան Լիտվային մեղադրել է Կալինինգրադի շրջանի շրջափակման մեջ և սպառնացել պատասխանել չճշտված գործողություններով։ Երբ հուլիսին լարվածությունը սրվեց, Լիտվան հայտարարեց, որ պարզապես հետևում է ԵՄ կանոններին: Գերմանիան և ԵՄ որոշ այլ երկրներ կոչ են արել Վիլնյուսին չսրել իրավիճակը։ Հուլիսի վերջին Լիտվան և նրա ԵՄ դաշնակիցները պայմանավորվեցին հակամարտությունը կանխելու միջոցների շուրջ, սակայն քաղաքացիները վախեցած են։ «Ռուսական գնացքներն անցնում են Լիտվայով, բնականաբար, մենք անհանգստացած ենք»,- ասում է Պիլվիշկայ քաղաքի 19-ամյա բնակիչը, ում գյուղով է անցնում երկաթգիծը։
Հաճախ ռուսական գնացքները ուղեկցվում են լիտվական ուղղաթիռներով, որպեսզի չկանգնեն ու ոչինչ չբեռնաթափվի կամ բարձվի։ Լիտվայի սահմանապահները քառապատկել են պարեկային թռիչքների թիվը՝ համեմատած 2020 թվականի հետ, ըստ ներքին գործերի նախարարության խոսնակի։ Զորավարժություններին մասնակցում են այլ ուղղաթիռներ։
«Մարդիկ կարծում էին, որ դրանք ռուսական ուղղաթիռներ են,- ասել է բնակիչը,- դա սարսափելի է»:
«Մարդիկ վախենում են նաև Բելառուսից», — ասում է բնակիչը, ով ընկերության հետ վերջերս է հանգստացել լճի մոտ, որը գտնվում է Լիտվայի և Կալինինգրադի մարզի սահմանին:
Սուվալկի 88-ամյա բնակիչ Շուրգուլևսկին ընդամենը հինգ տարեկան էր, երբ խորհրդային զորքերը մտան Լեհաստան 1939 թվականին՝ արևմուտքից նացիստական Գերմանիայի ներխուժման հաջորդ օրը: Երկու տարի անց գերմանացիները երթով անցան Սուվալկիով և հարձակվեցին Խորհրդային Միության վրա, իսկ երեք տարի անց խորհրդային զորքերը վերադարձան Բեռլին հասնելու համար:
Շտուրգուլևսկին, ով 1980-ականներին Լեհաստանի «Համերաշխություն» հակակոմունիստական շարժման ակտիվիստ էր, ասել է, որ, եթե ռուսական զորքերը վերադառնան, ինքը կվերցնի զենքը և կկռվի։
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը ստիպել է Սուվալկիի իշխանություններին ուշադրություն դարձնել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը նույնիսկ նրանց շրջանում, ովքեր չեն վախենում ներխուժումից։ Նախկին փոխքաղաքապետ Սիդորեկը պատմել է, որ տարածաշրջանում հրահանգները գրված են, բայց ծրագրերը ոչ ոք չի հրապարակում։ «Բնակչության մեծ մասը գաղափար չունի ահազանգերի և ընթացակարգերի մասին»,- նշել է նա։
Քաղաքապետ Ռենկևիչն հայտնել է, որ տարեսկզբին հրաման է տվել խուզարկել նկուղները և ստորգետնյա կայանատեղերը, որոնք կարող են օգտագործվել որպես ապաստարաններ: Բայց արդյունքները չհրապարակվեցին, որպեսզի չանհանգստացնեն մարդկանց, ովքեր արդեն ավելի ու ավելի են անհանգստանում։
Նրա խոսքով, վեց ամսում մեկ անգամ ՆԱՏՕ-ից ամերիկացի և եվրոպացի զինվորականներ են գալիս 90 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բազա, և դա որոշ չափով հանգստացնում է մարդկանց։ Ամռանը զինվորականները մասնակցում էին պիկնիկների, իսկ ձմռանը՝ Սուրբ Ծննդյան տոնակատարություններին։ Նրանք ծանոթացել էին մարդկանց հետ և իրենց հետ բերել էին երգչախմբեր։
«Մարդիկ տեսնում են, որ մենք հենց այնպես չենք խոսում ՆԱՏՕ-ի ներկայության մասին, նրանք տեսնում են, որ ՆԱՏՕ-ն իսկապես ներկա է այստեղ»,- ասել է Ռենկևիչը։