Ուժեղ դոլարը վնասում է բոլոր մյուս երկրներին
2022 թվականի սկզբից ԱՄՆ դոլարն աճել է 10%-ով՝ համեմատած այլ հիմնական արժույթների, սակայն դա կարող է միայն գոհացնել արտասահմանում գտնվող ամերիկացի զբոսաշրջիկներին, գրում է CNN-ը։ Հոդվածի հեղինակը բացատրում է, թե ինչպես է դա սպառնում ավելի համեստ տնտեսություն ունեցող երկրներին։
Այս տարին ԱՄՆ դոլարի համար շատ հաջող ստացվեց։ Հրաշալի լուր ամերիկացի զբոսաշրջիկների համար, ովքեր ճանապարհորդում են Եվրոպայում, բայց մնացյալ աշխարհի համար գործնականում դա որևէ լավ բան չի խոստանում: 2022 թվականի սկզբից դոլարը արժևորվել է ավելի քան 10% համեմատած այլ արժույթների՝ մոտենալով վերջին 20 տարվա ամենաբարձր մակարդակին, քանի որ ներդրողները, անհանգստացած համաշխարհային տնտեսական անկման հեռանկարից, սկսել են ներդրումներ կատարել ԱՄՆ արժույթում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ամենահուսալի ակտիվն է անհանգիստ ժամանակներում: Դոլարի գրավչությանը նպաստել է նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ագրեսիվ քաղաքականությունը, որը բարձրացնում է առանցքային դրույքաչափը հզոր գնաճի դեմ պայքարում։ Սա ամերիկյան ներդրումներն ավելի շահավետ է դարձնում, քանի որ դրանք այժմ ավելի բարձր եկամուտներ են խոստանում:
Ամերիկացի զբոսաշրջիկներին հավանաբար դուր կգա, որ երեկոյան զբոսանքը Հռոմի փողոցներով, որը, ոչ վաղ անցյալում, նրանց համար արժենում էր 100 դոլար, այժմ կարժենա միջինում 80 դոլար: Մինչդեռ միջազգային ընկերությունների և օտարերկրյա կառավարությունների համար ուժեղ դոլարը որևէ լավ բան չի խոստանում:
Համաշխարհային առևտրի մոտավորապես կեսն իրականացվում է ԱՄՆ արժույթով, ինչը նշանակում է, որ արտադրողները և փոքր բիզնեսները, որոնք կախված են ներմուծվող ապրանքներից, կունենան ծախսերի աճ։ Խնդիրներ կարող են առաջանալ նաև այն երկրների կառավարությունների համար, որոնք իրենց պարտքերը վճարում են դոլարով, հատկապես, եթե նրանց արժութային պահուստները կրճատվեն։
Ավելի ուժեղ դոլարն արդեն վնասում է որոշ՝ հատկապես խոցելի տնտեսություններին:
Ամերիկյան արժույթի պակասը եղել է այն գործոններից մեկը, որը հրահրել է Շրի Լանկայի վատթարագույն տնտեսական ճգնաժամը, ինչն էլ հանգեցրել է նախագահի հրաժարականին հուլիսին։ Հուլիսի վերջին Պակիստանի ռուփին դոլարի նկատմամբ իջավ ռեկորդային նվազագույնի, ինչը երկիրը հասցրեց դեֆոլտի եզրին: Եգիպտոսը, որն առանց այդ էլ չափազանց լարված է պարենային ապրանքների գնաճի պատճառով, այժմ բախվում է դոլարային պահուստների պակասի և օտարերկրյա ներդրողների հեռանալու խնդրին։ Երեք երկրներն էլ արդեն դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությանը։
Ինչո՞ւ է «դոլարի ժպիտը» ստիպում մյուսներին խոժոռվել։
ԱՄՆ դոլարը հակված է արժևորման այն դեպքում, երբ ԱՄՆ տնտեսությունը լավ արդյունքներ է գրանցում, կամ, ինչը մի փոքր տարօրինակ, երբ այն թուլանում է, և աշխարհը հայտնվում է տնտեսական անկման վտանգի առջև:
Այս երևույթը հաճախ անվանում են «դոլարի ժպիտ»՝ պայմանավորված աճի գծապատկերի ձևով, որը բարձրանում է երկու ծայրերից:
Մնացյալ աշխարհը ժպտալու քիչ պատճառ ունի: UBS ներդրումային բանկի վերլուծաբան Մանիկ Նարաինը մատնանշել է երեք հիմնական պատճառ, թե ինչու ավելի ուժեղ դոլարը կարող է վնասել ավելի համեստ տնտեսություն ունեցող երկրներին:
- Դոլարի ամրապնդումը մեծացնում է բյուջեի բեռը։ Ոչ բոլոր պետություններն ունեն հնարավորություն իրենց ազգային արժույթով միջոցներ վերցնելու, քանի որ ներդրողները չեն վստահում իրենց ինստիտուտներին կամ այդ երկրների ֆինանսական շուկաները թույլ են զարգացած: Արդյունքում նրանք այլ ելք չունեն, քան դոլարով պարտք վերցնել։ Եթե վերջինիս տոկոսադրույքը սկսի արագ աճել, ապա այս երկրները ստիպված կլինեն ավելի շատ վճարել իրենց պարտքերի համար, ինչը դատարկում է նրանց գանձարանը: Բացի այդ, թանկ դոլարի պատճառով և՛ կառավարությունները, և՛ բիզնեսները ստիպված են ավելի շատ ծախսել սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ներկրման վրա։
Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ, երբ այս տարվա սկզբին Շրի Լանկայի ռուփին դոլարի նկատմամբ գրանցեց անկում: Կառավարությունը սպառել է արտարժույթի պահուստները, որոնք արդեն շատ սակավ էին համաճարակի հետևանքով զբոսաշրջության ոլորտի անկման պատճառով։ Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը հազարավոր մարդկանց ստիպել է դուրս գալ փողոց՝ հայտնելու իրենց բողոքը։ Նախագահ Գոտաբայա Ռաջապակսան փախավ երկրից և հրաժարական տվեց հուլիսին այն բանից հետո, երբ զայրացած ցուցարարները ներխուժեցին կառավարական շենքեր:
- Ավելի ուժեղ դոլարը խթանում է կապիտալի փախուստը: Երբ երկրի արժույթը կտրուկ թուլանում է, հարուստ քաղաքացիները, խոշոր բիզնեսները և օտարերկրյա ներդրողները սկսում են հանել իրենց գումարները՝ ավելի ապահով վայրեր գտնելու հույսով: Սա իր հերթին ավելի մեծ ճնշում է գործադրում ազգային արժույթի վրա և ծանրացնում բյուջետային դժվարությունները:
«Եթե դուք ներկայումս ապրում եք Շրի Լանկայում և տեսնում եք, որ կառավարությունը ծանր վիճակում է, ապա անպայման կցանկանաք հանել ձեր գումարը», — բացատրել է Նարաինը:
- Դոլարի ամրապնդումը բացասաբար է անդրադառնում տնտեսական աճի վրա։ Եթե ընկերությունները բավարար գումար չունեն իրենց արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները ներկրելու համար, նրանց արտադրողականությունը նվազում է: Սա նշանակում է, որ նրանք ավելի քիչ ապրանք կունենան վաճառելու, ինչը փոխակերպվում է որպես ՀՆԱ-ի կրճատման։
Եթե միևնույն ժամանակ ԱՄՆ-ի տնտեսությունը դանդաղի, դա կօգնի մեղմել հարվածի մի մասը: Զարգացող շատ շուկաներ իրենց արտադրանքն արտահանում են Միացյալ Նահանգներ: Սակայն, երբ դոլարն ամրապնդվում է այն պատճառով, որ Ամերիկան տնտեսական անկման եզրին է, իրավիճակը դառնում է շատ բարդ։
«Դա կարող է ավելի շատ վնասել շուկաներին, քանի որ դուք հիմք չունեք լավատես լինելու տնտեսական աճի վերաբերյալ», — բացատրեց Նարաինը:
Անցած շաբաթ դոլարի փոխարժեքը փոքր-ինչ նվազել է՝ 0,6%-ով։ Փորձագետները, սակայն, ակնկալում են, որ մոտ ապագայում այն չի թուլանա։
«Մենք կարծում ենք, որ դոլարը կարճաժամկետ և միջնաժամկետհեռանկարում կմնա ուժեղ», — ասում է Wells Fargo Investment Institute-ի համաշխարհային շուկայի հարցերով ավագ ստրատեգ Սքոթ Ռենը:
Դրա պատճառով ներդրողներին և քաղաքական գործիչներին հետաքրքրում է, թե արդյոք Շրի Լանկան առաջին ընկած դոմինոն է միայն: Վտանգ կա, որ զարգացող երկրներում անկայունությունները կարող են տարածվել ամբողջ ֆինանսական համակարգի վրա՝ առաջացնելով բացասական հետևանքների ամբողջական անկում։
Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Բրեդ Սեթսերը վերջերս գրել էր, որ ուշադիր հետևում է Թունիսի իրավիճակին, որը կանգնած է բյուջետային դժվարությունների առաջ, ինչպես նաև Գանային և Քենիային, որոնք մեծ պարտքեր ունեն։ Էլ Սալվադորը պարտատոմսային վճարներ ունի հաջորդ տարի, մինչդեռ Արգենտինան դեռևս պայքարում է 2018 թվականի արժութային վերջին ճգնաժամից վերականգման համար։
Ըստ ԱՄՀ-ի տվյալների՝ այս պահին ցածր եկամուտ ունեցող երկրների մոտ 60%-ը պետական պարտքի բարձր մակարդակի պատճառով մոտ է կրիտիկական իրավիճակին, կամ արդեն հայտնվել է դրա մեջ։ Համեմատության համար 10 տարի առաջ նրանց մասնաբաժինը չէր գերազանցում 20%-ը։
Այնուամենայնիվ, որոշակի տարբերություն կա նախորդ տարիների ճգնաժամերի և ներկա իրավիճակի միջև։
Կառավարություններն այժմ ավելի քիչ են հակված են դոլարով վարկ վերցնելու: Զարգացող խոշոր շուկաները, ներառյալ Բրազիլիան, Մեքսիկան և Ինդոնեզիան, Սետսերի խոսքով, «ընդհանուր առմամբ արտարժույթով չափից շատ փոխառություններ չեն վերցրել և այժմ ունեն բավարար արտարժույթի պահուստներ արտաքին պարտքը մարելու համար»:
Բացի այդ, բարձր են մնում այնպիսի ապրանքների գները, ինչպիսիք են նավթը և գունավոր մետաղները: Սա օգնում է զարգացող երկրների խոշոր արտահանողներին, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի շատ երկրների, ապահովել ԱՄՆ արժույթի կայուն ներհոսքը պետական գանձարան։
Գնաճի բարձր տեմպերը ստիպում են շատ զարգացող երկրների կենտրոնական բանկերին բարձրացնել հիմնական տոկոսադրույքը, և նրանք դա արել են նույնիսկ ԱՄՆ Դաշնային պահուստի և Անգլիայի բանկի իրենց գործընկերներից առաջ: Բրազիլիան 12 անգամ անընդմեջ բարձրացրել է տոկոսադրույքը՝ սկսելով այդ գործընթացը 2021 թվականի մարտին։ Սակայն ապագայում շատ բան կախված կլինի աշխարհի երկու խոշորագույն՝ ամերիկյան և չինական տնտեսությունների վիճակից։ Եթե աճի այս շարժիչներն իրապես սկսեն դանդաղել, ապա զարգացող շուկաները կարող են բախվել ներդրումների շատ ցավոտ արտահոսքի:
«Արդյոք Միացյալ Նահանգները կընկղմվի ռեցեսիայի մեջ, կունենա առանցքային նշանակություն», — նշում է Միջազգային ֆինանսների ինստիտուտի առաջատար տնտեսագետ Ռոբին Բրուքսը: «Դա բոլորին ստիպում է զգույշ լինել»: