Հայաստանյան քաղաքական դաշտի եզակի այլընտրանքը
2015 թվականի փետրվարից Հայաստանի քաղաքական դաշտն արմատապես վերափոխվեց. Ծառուկյանի «կապիտուլացիան» սկիզբ դրեց միաբևեռությանը: Եթե նախկինում ԲՀԿ-ն ու նրա թիկունքին կանգնած անձինք կարող էին այլընտրանք ներկայացնել ՀՀԿ-ին, ապա այժմ Հանրապետականը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մնացյալ քաղաքական ուժերի մրցակցությունից դուրս է, իսկ ներհանրապետական խարդավանքներն այդքան մտահոգիչ չեն:
Օգտագործելով պետական ու ֆինանսական լծակները՝ Հանրապետականը նաև կառավարում է հնարավոր այլընտրանքների ձևավորումը: Այդ նպատակի համար թատերաբեմ են իջնում կեղծ «ընդդիմադիր» կուսակցություններ, որոնց գերնպատակն է սպասարկել «հանրապետահռոմեական» «բաժանիր, որ տիրես» սկզբունքին՝ վարկաբեկելով ընդդիմությանը:
Այսօր քաղաքական ասպարեզում գտնվող որևէ կուսակցություն ու գործիչ չի կարող իշխող Հանրապետականի համար գործուն սպառնալիք լինել, քանի որ առաջնահերթ չունեն ո՛չ ժողովրդի աջակցությունը, ո՛չ էլ բավարար ռեսուրսներ: Միակ այլընտրանքը կարող է լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով վերջին մի քանի տարվա ընթացքում տարբեր ուղիներ է փնտրում քաղաքականություն վերադառնալու համար:
Սակայն նոր սահմանադրության ու նոր ընտրական համակարգի պայմաններում դժվար է գտնել այն պաշտոնը, որը կբավարարեր քոչարյանական ամբիցիաներին: Երբ երկրում քաղաքական իշխանությունը ձևավորվում է միայն կուսակցական ճանապարհով, օզանանյանական «իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսը Քոչարյանի համար դարձել է «քաղաքական աբսենտիզիմի» հիմնական պատճառը: Այնուհանդերձ փորձ է արվում շրջանցել այս խոչընդոտը, որի համար այժմ գործի է դրվելու նոր մեխանիզմ՝ «Համախմբում» անվանումով:
Ինչպե՞ս է նախատեսվում.
«Համախմբում» կուսակցությունը մինչև խորհրդարանական ընտրություններ հանդիպումներ է ունենալու բոլոր «ընդդիմադիր», «կիսաընդդիմադիր» և «կիսաիշխանական» ուժերի հետ՝ առաջարկելով հանդես գալու միասնական, ենթադրաբար «Համախմբում» դաշինքի անվան տակ: Եթե բավարար ներուժ կոնսոլիդացվի, այդ ժամանակ անկուսակցական Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի նոր ուժը: Իսկ եթե ակնկալիքները չբավարարվեն, ապա Քոչարյանը այդպես էլ կմնա կուլիսներից այն կողմ՝ հերքելով իր առնչությունը «Համախմբում» կուսակցության հետ:
Մյուս կողմից պետք է նաև նկատել, որ սարգսյանական ՀՀԿ-ը համագործակցության դուռ է բացել Քոչարյանի առջև: Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնը Ռոբերտ Քոչարյանի համար ցանկալի վերադարձ կլինի, եթե ձեռք բերվի համաձայնություն:
Արդյունքում միաժամանակ գոհ կմնան և՛ Սարգսյանը, և՛ Քոչարյանը: «Պետպատվերով» նախագահը երկրի ներքին գործերի մեջ զգալի լծակներ չի ունենա (թեև խորհրդարանական ազդեցիկ խմբակցություն ունենալու դեպքում, իրավիճակն այլ կլինի), մինչդեռ լինելով պետության գլուխ, ուստի և Եվրասիական տնտեսական միության գլխավոր որոշում ընդունող մարմնի (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի) հայաստանյան ներկայացուցիչ, նշանակալի ազդեցություն կունենա վերպետական համակարգում:
Կլինի արդյոք այսպիսի համագործակցություն, ցույց կտան ընտրությունների արդյունքները: