Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձն ամփոփ. 10 փաստ
2016 թ. հուլիսի 15-ին՝ ուշ երեկոյան, Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքները ցնցեց հեղաշրջման փորձը: Զինվորականները հայտարարեցին, որ գրավել են իշխանությունը, սակայն արդեն իսկ մի քանի ժամ անց իշխանությունները հաղորդեցին հեղաշրջման տապալման մասին: Ներկայացնում են արձանագրված առավել դրամատիկ իրողությունները:
- Մեկնարկը.
Հուլիսի 15-ին՝ ուշ երեկոյան, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց երկրում զինվորական հեղաշրջման փորձի մասին: Միաժամանակ բանակի ներկայացուցիչները սկսեցին տեղեկություններ տարածել, թե Թուրքիայում «իշխանությունն ամբողջությամբ գրավված է», սահմանվեց պարետային ժամ և ռազմական դրություն: Մասամբ փակվեց երթևեկությունը Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը կապող կամուրջներում:
- Օդանավակայան.
Հաղորդվեց, որ զինվորականներն իրենց վերահսկողությունն են հաստատել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի չվերթների համակարգման աշտարարկում. ինքնաթիռների թռիչքները դադարեցվեցին: Դեպի Ստամբուլ թռչող ինքնաթիռները ստիպված էին կա՛մ վերադառնալ, կա՛մ էլ այլ տեղ վայրէջք կատարել. ավիաընկերությունները ստիպված էին չեղարկել իրենց չվերթները: Միայն առավոտյան օդանավակայանի աշխատանքները վերականգնվեցին:
- Հրաձգություններ, պայթյուններ.
Լրատվամիջոցների հաղորդմամբ պայթյուններ էին արձանագրվել մայրաքաղաք Անկարայում՝ խորհրդարանի շենքում, ինչպես նաև հեռուստաընկերություններից մեկում, իսկ Ստամբուլում՝ Թաքսիմ հրապարակում ու «Աթաթուրքի» անվան օդանավակայանում: Զինվորները կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ, ովքեր ոտքով ցանկացել են անցնել Բոսֆորի կամուրջը: Թաքսիմ հրապարակում ոստիկանության և զինվորականների միջև փոխհրաձգություն է արձանագրվել:
- Զոհեր.
Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ հեղաշրջման անհաջող փորձի արդյունքում սպանվածների թիվը 265 է, այդ թվում 104 զինվորականներ, մնացյալը ոստիկաններ և քաղաքացիական անձինք: Վիրավորների թիվը շուրջ 1440 է, թվով 2839 զինվորականներ ձերբակալվել են:
- Էրդողան.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը գործողությունների մեկնարկի ժամանակ ելույթ չունեցավ: Սկզբում չհաստատված տեղեկություններ էին տարածվում, որ նա արդեն Գերմանիայի ճանապարհին է, ուր կարող է քաղաքական ապաստան խնդրել: Սակայն դրանից անմիջապես հետո Էրդողանը հեռուստաեթեր դուրս եկավ iPhone-ի FaceTime ծրագրով և կոչ արեց քաղաքացիներին դուրս գալ փողոց: Սկզբում հատուկ ծառայությունները հայտարարեցին, որ նախագահը «անվտանգ» վայրում է՝ չբացահատելով մանրամասնությունները, սակայն հետո պարզվեց, որ Մարմարիսում է գտնվում: Հուլիսի 16-ին՝ վաղ առավոտյան, Էրդողանը ժամանեց Ստամբուլի օդանավակայան, ուր նրան արդեն իսկ հարյուրավոր քաղաքացիներ էին սպասում:
- Գյուլեն.
Էրդողանը պետական հեղաշրջման մեջ բացահայտ մեղադրեց իր քաղաքական ախոյան, մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայի նախագահը Գյուլենի գործողությունները բնութագրեց որպես «պետական դավաճանություն»: Գյուլենական «Դաշինք հանուն ընդհանուր արժեքների» շարժումը այդ մեղադրանքը անվանեց «խիստ անպատասխանատու»:
- ԶԼՄ.
Առնվազն երկու թուրքական հեռուստաընկերություններ՝ TRT և CNN Türk, կարճ ժամանակահատվածում դադարեցրեցին հեռարձակումը: TRT հեռուստաընկերության եթերի դադարեցման մասին ոչինչ չի հաղորդվում, իսկ CNN Türk հեռուստաընկերություն խուժեցին զինվորականները, ովքեր ուղիղ եթերի ժամանակ հրաձգություն սկսեցին:
- Արձագանքներ.
Եվրամիության առաջնորդները աջակցություն հայտնեցին օրինականորեն ընտրված թուրքական իշխանություններին: ԵՄ առաջատար քաղաքական գործիչները, ովքեր Մոնղոլիայում մասնակցում էին «Եվրոպա-Ասիա» գագաթնաժողովին, շեշտեցին, որ Թուրքիան շարունակում է մնալ ԵՄ «առանցքային գործընկերը»: Նմանատիպ կարծիք հայտնեց նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իշխանություններին աջակցություն հայտնեցին նաև Ռուսաստանը, այլ երկրներ ու միջազգային կազմակերպություններ:
- Ապստամբության ճնշումը.
Վաղ առավոտյան հատուկ ծառայությունները հաղորդեցին, որ հեղաշրջման փորձը կասեցվել է:
- Հետևանքները.
Էրդողանը հայտարարեց, որ հեղաշրջման փորձն առիթ է բանակը «մաքրելու» համար: Նրա խոսքերով, հավանաբար, կհետևեն նաև այլ գործողություններ: