Պուտինը որոշում է Անդրկովկասի ճակատագիրը. մտահոգիչ իրողություններ Հայաստանի համար
Օգոստոսի 8-ից 10-ը Հայաստանի ու տարածաշրջանի համար լուրջ որոշումներ ընդունելու շրջան է լինելու. Անդրկովկասում առանցքային աշխարհաքաղաքական ազդեցություն ունեցող Ռուսաստանը հստակեցնում է իր «հարավային դարպասի» քաղաքական առաջնայնությունները:
Վերջին մեկ ամսվա ընթացքում իրավիճակը շեշտակիորեն փոփոխվել է, երբ հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնապես ներողություն խնդրեց ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելու համար (2015 թ. նոյեմբերի 24-ին), Մոսկվան և Անկարան սկսեցին մերձեցման քայլեր ձեռնարկել: Հասկանալի է, որ այս պահին առավել ևս Թուրքիայում ձեռնարկված անհաջող ռազմական հեղաշրջումից հետո (2016 թ. հուլիսի 15-16), որում Էրդողանն ուղղակիորեն մեղադրում է նաև ԱՄՆ-ին, ռուս-թուրքական հակաարևմտյան կոալիցիան առարկայական հենք է ստանում:
Այսօր արդեն Ռուսաստանի «ոխերիմ թշնամին» դառնում է «ոխերիմ բարեկամ»: Ռուսներն այդպես էլ պատմությունից դաս չեն քաղում. Թուրքիան երբևէ Ռուսաստանին դաշնակից չի համարել ու չի համարի երբեք: Թուրքերին միշտ հաջողվել է օգտագործել ռուսների ծավալապաշտական նկրտումներն ու Ցարգրադին (Ստամբուլին) տիրելու անիրական երազանքները: Վերջին տիպիկ օրինակը քեմալալենինյան դաշինքն էր. Անկարային հաջողվեց ստանալ Մոսկվայի համակողմանի աջակցությունը, երբ ռուսները կուրացած էին Թուրքիան որպես Մերձավոր Արևելքում բոլշևիկյան հեղափոխության դրոշակակիր տեսնելու գաղափարով: Արդյունքում ամենամեծ կորուստն ունեցավ Հայաստանն ու հայ ժողովուրդը (1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրեր):
Այս դեպքերից մի քանի տարի անց Թուրքիան դարձավ ԽՍՀՄ աշխարհաքաղաքական հակառակորդ, իսկ 1952 թվականից ռուսների ռազմաքաղաքական ախոյան ՆԱՏՕ-ի անդամ: Այսօր նայիվ ռուսները մտածում են, որ Թուրքիան փոխվել է, սակայն նման ենթադրություններ անելու համար ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական հիմնավոր փաստարկներ չունեն: Առավելագույնը քաղելով Ռուսաստանից՝ Անկարան, կրկին հարմար պահն օգտագործելով, կփոխի իր աշխարհաքաղաքական ուղենիշը:
Առկա տնտեսական ու քաղաքական կոլապսը որոշակիորեն հաղթահարելու համար՝ Պուտինը հարկադրված է գնալ Թուրքիայի հետ մերձեցման, իսկ խաղատախտակին դրված է Անդրկովկասի խնդիրը: Նոր որոշումներ ընդունելու համար օգոստոսի 8-ից մինչև 10-ը ընկած ժամանակահատվածում Պուտինը հանդիպումներ է ունենալու բոլոր առանցքային դերակատարների հետ:
ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ Բաքվում Պուտինը հանդիպելու է Ադրբեջանի ու Իրանի իր գործընկերներին՝ Իլհամ Ալիևին ու Հասան Ռոուհանիին: Ըստ պաշտոնական հայտարարությունների քննարկվելու են մասնավորապես էներգետիկ և տրանսպորտային հիմնախնդիրներ: Սա արդեն իսկ մտահոգիչ է, քանի որ երբ Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքը տարածաշրջանային խնդիր է քննարկում ու Երևանը ձևաչափից դուրս է, ապա պարզ է, որ Հայաստանը հայտնվում է տարածաշրջանային պայմանավորվածությունների լուսանցքից դուրս. ընդունված ցանկացած որոշում շրջանցելու է Հայաստանն ու աշխատելու է ի վնաս մեր պետության: Այսպիսով՝ օգոստոսի 8-ին կլինեն առաջին պայմանավորվածությունները:
ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունենալու Պուտին-Էրդողան հանդիպումը, որում արդեն կհամաձայնեցվեն նոր իրողությունների պայմաններում Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցության հնարավորությունները, ի թիվս այլ հարցերի քննարկման առարկա կարող են դառնալ նաև Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր, պատմությունը ցույց է տալիս, որ նման պայմաններում Հայաստանը միշտ տուժված դիրքում է հայտնվում:
ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ արդեն Մոսկվայում Վլադիմիր Պուտինն ընդունելու է Սերժ Սարգսյանին, այսինքն մեծ հաշվով տարածաշրջանային որոշումների կայացումից հետո Հայաստանին ուղղակի տեղեկացնում են դրանց մասին. ի՞նչ է առաջարկվելու Հայաստանին, սա ամենակարևոր հարցն է: Թեև պաշտոնապես հայտարարվում է, որ քննարկվելու են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, եվրասիական ինտեգրացիոն հարցեր, սակայն պարզ է, որ կարևորագույն խնդիրներից մեկը կարող է առնչվելԱրցախյան հիմնահարցի կարգավորմանը՝ բոլոր հետևություններով:
Ակնհայտ է, որ նման զարգացումները նշմարվում էին դեռ մեկ ամիս առաջ ու բնավ բացառված չէ, որ հուլիսի 17-ին մեկնարկած երևանյան անհանգստություններն ուղղակիորեն միտված էին նախադրյալ ստեղծելու ստատուս-քվոյի պահպանության համար: Այնուհանդերձ սա շատ լավ հասկանում է նաև Կրեմլը, ուստի օգոստոսի 10-ը վճռորոշ կարող է լինել Հայաստանի արտաքին քաղաքական ու ներքաղաքական զարգացումների համար:
Պետք է միայն հուսալի, որ օգոստոսի 10-ը չի դառնա նոր «սեպտեմբերի 3» (2013 թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարեց կազմավորվող Եվրասիական միությանը միանալու մտադրության մասին), երբ սկզբունքորեն մեկ օրում փոխվեց երկրի զարգացման արտաքին քաղաքական ուղենիշը:
Ամեն դեպքում Սարգսյան-Պուտին հանդիպման հաջորդ օրը՝ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ (հայկական տոմարով՝ Նոր տարվան), մենք կարթնանք նոր Հայաստանում, իսկ թե ինչպիսին կլինի այն, կախված է նախորդ երեք օրերին ձեռք բերված պայմանավորվածություններից ու Հայաստանի իշխանությունների ու քաղաքացիների դիրքորոշումից: