«Թուրանական եռյակ». Ադրբեջանի «մեսիան» ու Բաքվի ռազմավարական հաշվարկների բացթողումները
Ադրբեջանն ունի «հիվանդ» տնտեսություն, որը նստած է «ածխաջրածնային ասեղի» վրա: Բավարար է միայն մեկ իրողություն, որ այդ երկրի ՀՆԱ-ի շուրջ 90 տոկոսը հիմնված է նավթագազային հումքի արտահանման և դրան հարակից արտադրության վրա: Արդյունքում նավթի համաշխարհային գների չնչին տատանում իսկ շեշտակիորեն ազդում է այդ երկրի տնտեսական ցուցանիշների վրա (կարդացե՛ք օրինակ. «Ադրբեջանի տնտեսության անկումը. 2017 թ. հունվար-մայիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը»):
Այդ ամենը շատ լավ հասկանում են նաև ադրբեջանական իշխանությունները, սակայն տնտեսության առողջացման՝ դիվերսիֆիկացման ուղղությամբ որևէ լուրջ նախաձեռնություն չեն իրականացնում: Ալիևյան կլանի բոլոր խոշոր տնտեսական նախագծերն առնչվում են կրկին նավթագազային սեկտորին:
«ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔՆ» ՈՒ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ.
Արցախյան պատերազմի զինադադարից հետո՝ 1994 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը նավթ արդյունահանող խոշորագույն ընկերությունների հետ Բաքվում ստորագրեց այսպես կոչված «Դարի գործարքը»[1]: Այս համաձայնությամբ Ադրբեջանն ու արտասահմանյան ներդրողները շահագործում էին «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավարը, որի հիմքով հետագայում կառուցվեցին ադրբեջանական հումքի արտահանման խողովակաշարերը՝ Բաքու-Սուպսա նավթամուղը (1999 թ.), Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (2006 թ.), ինչպես նաև «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» («Հարավկովկասյան») գազամուղը (2007 թ.):
Հետագայում պլանավորվեցին ավելի հավակնոտ նախագծեր, ինչպես Կասպից ծովից մինչև Եվրամիության երկրներ գազի արտահանման «Նաբուկկո» ծրագիրը, սակայն տարածաշրջանային քաղաքական գործընթացներով պայմանավորված (Հարավօսական պատերազմ, Ղարաբաղյան սահմանային լարվածություն), այն չիրականացվեց:
«Նաբուկկո»-ի փոխարեն ասպարեզ իջավ մեկ այլ նախագիծ՝ «Հարավային գազային միջանցքը», այդ ծրագրով ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից գազը արտահանվելու էր դեպքի Թուրքիա և Եվրոպա: Այս գազամուղի շինարարության աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել 2020 թվականին, ինչը հնարավորություն կտա տարեկան մինչև 20 մլրդ խմ գազ արտահանել (մանրամասնությունները կարդացե՛ք. «Հարավային գազային միջանցք (ինֆոգրաֆիկ)»):
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԳԵՐԽՆԴԻՐԸ.
Սակայն արդյոք բավարար են Ադրբեջանի հումքային պահուստները խոշորամասշտաբ նախագծերն ապահովելու համար:
Այդ երկրի նավթային պահուստները կազմում են մոտ 7 մլրդ բարել (1 մլրդ տոննա)[2], տարեկան արդյունահանվում է մոտ 307 մլն բարել (44 մլն տոննա) նավթ, այսինքն երկու տասնամյակից Ադրբեջանը նավթի խնդիր կունենա: Դրանով է պայմանավորված, որ այս ոլորտում նոր մեծածավալ նախագծեր չեն իրականացվում:
Բաքվի բնական գազի պահուստները ըստ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության տվյալների կազմում է մոտ 2,55 տրլն խմ[3], իսկ բրիտանական «British Petroleum» ներկայացնում է 1,2 տրլն խմ[4] ցուցանիշը, այդ կրկնակի տարբերության պատճառով դժվար է հասկանալ, թե իրականում որքան է կազմում Ադրբեջանի գազային պաշարը:
Ադրբեջանը 2016 թվականի տվյալներով արդյունահանում է տարեկան մոտ 30 մլրդ խմ[5], «Հարավային գազային միջանցքի» շահագործումից հետո արտահանումները կընդլայնվեն ևս 20 մլրդ խմ-ով: Սակայն հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանը նախատեսում է այդ գազամուղով վերջնական հաշվով տարեկան մինչև 60 մլրդ խմ գազ արտահանել[6]: Այսինքն գազի ներքին սպառման և մնացյալ գազամուղերով արտահանման ցուցանիշների պահպանման դեպքում Ադրբեջանը նպատակադրված է արտահանել տարեկան մոտ 90 մլրդ խմ գազ, ստացվում է, որ կառուցվող գազամուղը Բաքվի համար ցանկալի ողջ հզորությամբ շահագործման դեպքում Ադրբեջանի պահուստները բավարար կլինեն լավագույն դեպքում միայն երեք տասնյակ («British Petroleum»-ի ցուցանիշով կրկնակի ավելի կարճ ժամանակահատվածի համար):
Միանշանակ հետևությունն այն է, որ դարի երկրորդ կեսին Ադրբեջանը կհայտնվի անխուսափելի կոլապսի առջև, ինչն արդեն իսկ նախորդող տարիների ընթացքում լրջորեն կազդի երկրի վարկանիշի, տնտեսական ներուժի, արդյունքում՝ արտաքին քաղաքականության վրա:
«ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ԵՌՅԱԿԻ» ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆ.
Ադրբեջանական իշխանությունները այս անցանկալի տեսլականը թույլ չտալու համար փորձում են այլընտրանքային ճանապարհներ գտնել: Այս դեպքում Բաքվի միակ ապավենը կարող է դառնալ գազային հումքով հարուստ Թուրքմենստանը:
Թուրքալեզու երկրների հետ ընդհանուր նախագծերի իրագործման համար ցանկալի պլատֆորմ էր 2009 թվականին ստեղծված «Թյուրքական խորհուրդը», սակայն մեծ հաշվով այդ նախաձեռնությունը չստացվեց, քանի որ դրան անդամակցեցին միայն Թուրքիան, Ադրբեջան, Ղազախստանն ու Ղրղզստանը, մինչդեռ Թուրքմենստանն ու Ուզբեկստանը կառույցի լիիրավ անդամ չդարձան[7]: «Թուրանական միության» ստեղծման թուրք-ադրբեջանական նկրտումները չիրագործվեցին, իսկ ԵԱՏՄ—ի ձևավորումն ամբողջությամբ չեզոքացրեց այս քաղաքական պրոյեկտի իրատեսականությունը. Ղազախստանն ու Ղրղզստանն մասն կազմեցին Մոսկվայի կողմից առաջնորդվող նախագծին:
Վերջին շրջանում ակտիվացել են Թուրքիա – Ադրբեջան – Թուրքմենստան եռակողմ ֆորմատով հարաբերությունները: Որևէ տնտեսական միութան (ԵՄ, ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող այս երկրներին միավորող առանցքային գաղափարը Կասպից ծովի գազային հումքը դեպի Եվրոպա մատակարարելու տեսլականն է:
Հենց Աշխաբադի հետ համաձայնության գալու հանգամանքով է պայմանավորված Բաքվի ու Անկարայի կողմից «թյուրքական» համերաշխության հիմքով պաշտոնական բարձր մակարդակով հաճախակի հանդիպումների կազմակերպումը:
Այս «թուրանական եռյակի» նախագահների հանդիպում է է նախատեսված այս տարի Թուրքմենստանի մայրաքաղաքում: Մինչ այդ արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում 2017 թվականի հուլիսի 19-ին, որի արդյունքների ամփոփման մամլո ասուլիսի ժամանակ նախարարները խոսել են ընդհանուր նախագծերի մասին, սակայն տողատակի առանցքային հարցը առնչվել է «Հարավային գազային միջանցքին» Աշխաբադի միանալու հարցին, ինչը հնարավորություն կտա թուրքմենական մեծածավալ գազի պահուստների հաշվին երկարաժամկետ իմաստով ապահովագրել այդ գազամուղի գործունեություն արդյունավետությունը:
ՆԱԽԱԳԾԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ.
«Հարավային գազային միջանցքին» Թուրքմենստանի միանալու հարցը կարող է լուրջ խնդիրների բախվել, որոնք ադրբեջանական «ստրագետները» աչքաթող են անում.
Առաջինը՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցն է, որը մինչև օրս լուծված չէ: Այսինքն Բաքվի ակնկալած Վերկասպիան գազամուղի կառուցման հարց, որը թուրքմենական գազը կհասցնի Ադրբեջան, առկախված է, քանի դեռ Կասպից ծոցի կարգավիճակը միջազգային պայմանագրով ամրագրված չէ:
Երկրորդ՝ Վերկասպիան գազամուղը կլինի Ռուսաստանը շրջանցող ու Միջին Ասիան Եվրոպային կապող նախագիծը, ուստի Մոսկվան իրեն հասանելի բոլոր միջոցներով կփորձի չեղարկել դրա կառուցումը:
Երրորդ՝ Թուրքմենստանի գազի պահուստների վերաբերյալ վերջին տվյալները հուսադրող չեն: Եթե «British Petroleum»-ի տվյալներով այդ երկրի պահուստները կազմում են մոտ 17,5 տրլն խմ[8], ապա ՆԱԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների միության) ցուցանիշներով՝ Աշխաբադի գազը չի գերազանցում 10 տրլն խմ—ը[9], իսկ ամերիկյան ԿՀՎ-ն 2016 թ. տվյալներով էլ ավելի ցածր ցուցանիշ է ներկայացնում՝ 7,5 տրլն խմ[10]:
Այդպիսով՝ գազի միջոցով բարգավաճ բռնապետություն ձևավորելու ալիևյան երազանքը անհուսալի հիմքերի վրա է, այլընտանքներ չգտնելու դեպքում առաջիկա տասնամյակների ընթացքում Ադրբեջանը լուրջ տնտեսական, հետևաբար նաև քաղաքական խնդիրների կբախվի:
[1] http://www.azerbaijan.az/_Economy/_OilStrategy/oilStrategy_04_r.html
[2] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/fields/2244.html#aj
[3] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/fields/2253.html#aj
[4] http://www.bp.com/content/dam/bp/pdf/energy-economics/statistical-review-2015/bp-statistical-review-of-world-energy-2015-full-report.pdf
[5] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/rankorder/2249rank.html#aj
[6] https://jamestown.org/program/azerbaijan-drives-the-planning-on-trans-anatolia-gas-pipeline-project/
[7] http://turkkon.org/en-US/azerbaijan/303/351
[8] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/fields/2253.html#tx
[9] http://www.opec.org/opec_web/static_files_project/media/downloads/publications/ASB2015.pdf
[10] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/geos/tx.html