Փոխզսպման քաղաքականություն՝ գլոբալ և տարածաշրջանային հայեցակարգեր, Հայաստանի դիրքորոշումը
Փոխզսպման քաղաքականությունը պետության կողմից հակառակորդ դերակատարների հետ հարաբերությունների հավասարակշռության պահպանման կուրսն է: Փոխզսպման իրագործման հիմնական միջոցը ռազմական հավասարակշռության հաստատում է, մասնավորապես միջուկային զենքի ասպարեզ իջնելուց հետո գլոբալ մակարդակում տեղի ունեցավ համաշխարհային քաղաքականության խաղի կանոնների փոփոխություն, այլևս «զրոյական գումարով խաղը» (երբ մի կողմի հաղթական ձեռքբերումը նշանակում էր մյուս կողմի նույնչափ պարտություն) անցյալում է մնում: Սառը պատերազմի տարիները հստակորեն ցույց տվեցին գերտերությունների փոխզսպման հնարավորությունները: Խորհրդային Միությունն ու Միացյալ Նահանգները հստակորեն հասկանում էին, որ երկուսն էլ կարող են ոչնչացնել ոչ միայն միմյանց, այլև ողջ աշխարհը, ուստի ակամա զսպվածություն էին ցուցաբերում իրենց գործողություններում, կամ հակամարտում էին անուղղակիորեն: Սա փոխզսպման դասական օրինակն է, այն սկզբունքորեն շարուակվում է նաև այսօր արդնե ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Սակայն ոչ միայն գլոբալ աշխարհաքաղաքական խաղի մեջ է արտահայտվում փոխզիջումը, այլև լոկալ հակասությունների ձևաչափով: Կրկին երբ թշնամական կողմերից որևէ մեկը հստակ արտահայտված գերակայություն չունի մյուսի նկատամամբ, սկսում է գործել փոխզսպումը, որոշակիորեն անիմաստ է դառնում հակամարտություն սկսելը, արդյունքում կողմերը կարողանում են (եթե կա համապատասխան քաղաքական կամք) հանգել կոնսենսուսի:
Տարածաշրջանային համատեքստում փոխզսպման քաղաքականության բավականին ցուցական ու ինքնատիպ օրինակ է Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները, որը անուղղակիորեն է դրսևորում, սակայն հստակ հիմքեր ունի: Իսկ մեզ համար կարևորվում է նաև տարածաշրջանում Հայաստանի զսպողական քաղաքականության էությունը:
Գլոբալ փոխզսպման քաղաքականությունը ԱՄՆ—ի և Ռուսաստանի միջև
Սառը պատերազմի ավարտից հետո համաշխարհային հեգեմոն Միացյալ Նահանգները իրեն իրավունք է վերապահում տանելու տիրակալին վայել արտաքին քաղաքականություն: Նոր հաստատված աշխարհակարգի հիերախիկ բնույթ է կրում: Ժամանակակից իրավիճակի վերաբերյալ առկա են երկու տարբերակներ. ոմանք արդի միջազգային հարաբերությունները համարում են բազմաբևեռ, ոմանք` միաբևեռ: Բազմաբևեռայնությունը արտահայտված էր ելցինյան Ռուսաստանի պաշոնական տեսակետում: 1997թ. ապրիլին Մոսկվայում ստորագրվեց ռուս-չինական Հռչակագիր բազմաբևեռ աշխարհի և նոր աշխարհակարգի ձևավորման մասին: Ըստ այս մոտեցման` ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ի հետ միաժամանակ աշխարհում կան հզորության և ազդեցության մի քանի բևեռներ` Եվրամիությունը, Չինաստան և Ռուսաստան: Բազմաբևեռայնության կոնցեպցիայի քննադատությունը վերաբերում էր նրա չափանիշներին: 1993թ. ՌԴ-ում առաջադրվեց բազմա-, միա- և երկբևեռայնության սահմանումները: Երկբևեռայնությունը ընկալվում էր որպես համաշխարհային հանրության երկու անդամների շեշտակի առաջ անցում մնացյալ երկրներից` իրենց ընդհանուր հնարավարությամբ և գաղափարական ազդեցության պոտենցյալով, որի մեջ էլ արտահայտվում էր նաև փոխզսպումը: Համապատասխանաբար բազմաբևեռ և միաբևեռ աշխարհակարգերը ենթադրում են անհրաժեշտ պոտենցյալ ունեցող մի քանի և մեկ երկրի առկայություն: Վերլուծության նման տրամաբանության հիմքով 1996թ. առաջադրվեց «պլյուրալիստական միաբևեռայնության» հայեցակարգը, իսկ 2000թ.` այդ գաղափարի ռուսական տարբերակը` «գլոբալ ժողովրդավարական աշխարհ» կամ «գլոբալ Pax Democratica»: Համաձայն պլյուրալիստական միաբևեռայնության գաղափարի աշխարհը երկբևեռայնության փլուզումից հետո մաքուր ամերիկյան աշխարհ (Pax Americana) չի դարձել, քանի որ էական էր ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցների ազդեցությունը («յոթնյակի խումբ»), որն չափավորում էր ԱՄՆ-ի ամբիցիաները: «Pax Democratica»-ի կոնցեպցիան հանգում է «խմբային բևեռի» գաղափարից: Սակայն այն ժողովրդավարական պետությունների շրջանակ է: Մեկնաբանվում էր, որ օբյեկտիվորեն գործում է բոլոր ժողովրդավարությունների «մանդատով»` ընդհանուր առմամբ ընդհանուր ժողովրդավարական աշխարհի շահերից ելնելով: Միաբևեռայնության հայեցակարգերը լայնորեն կիրառվում են քաղաքական վերլուծության մեջ, քանի որ իրականությունը բացատրում են անկախ էմոցիոնալ հարաբերությունից: 21-րդ դ. սկզբին բազմաբևեռայնության հիպոթեզի անհամապատասխանությունը դարձավ այնքան ակնհայտ, որ Վ.Վ.Պուտինի նախագահության ժամանակահատվածում «բազմաբևեռ աշխարհ» տերմինին նոր մեկնաբանություն տրվեց` որպես միջազգային համակարգի էվոլյուցիայի վեկտոր. ինչն ենթադրում է ԱՄՆ-ի հավանական թուլացում, այլ երկրների հզորացում[1]:
Թեև ներուժի առումով ժամանակակից Ռուսաստանը բավականին զիջում է նախկին ԽՍՀՄ-ին, սակայն հենց այդ տերությունն էլ Միացյալ Նահանգների համար ռազմական, արդյունքում նաև քաղաքական զսպման համակարգողն է: ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխզսպումը ընկալելու համար անդրադառանքն, նրանց ազգային անվտանգության ռազմավարությունները: 2010 թ. մայիսին հաստատված ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ռազմավարությունը[2] և 2009 թ. մայիսին հաստատված ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարությունը մինչև 2020 թ.[3]:
Միացյալ Նահանգները որպես թիվ 1 գերտերություն հետապնդում է իր դիրքը աշխարհում պահպանելու ու ամրապնդելու խնդիրը, իսկ ՌԴ-ն ավելի շուտ հանդես է գալիս որպես պաշտպանվող, տարածաշրջանային մակարդակում իր գերակայաությունը հաստատելու ձգտող պետություն: Այս ամենը բնականաբար հենց ամրագրված են տվյալ երկրների Ազգային անվտանգության ռազմավարությունների մեջ: Սկզբունքորեն ԱՄՆ ազգային անվտանգության ի համեմատություն նախորդ ռազմավարությունների (2002, 2006) ինչ-որ էական նորություններ չի պարունակում, այլ միայն լրացված է ժամանակակից իրավիճակներից բխող մարտահրավերների ու սպառնալիքների դիտարկմամբ: Նոր ռազմավարությունը կազմված է 52 էջերից: Նախ ներկայացվում է ընդհանուր համաշխարհային իրավիճակը, դրանում առկա տարաբնույթ սպառնալիքները ու մարտահրավերները, որոնց բախվում է մարդկություն ներկ ժամանակաշրջանում (ահաբեկչություն, էներգետիկ խնդիրներ, բնապահպանություն հիմնահարցեր և այլն): Այսինքն ընդհանուր առմամբ ԱՄՆ ազգային անվտանգությունը դիտարկվում է գլոբալ համատեքստում, ու երկրագնդի որևէ հատվածում առկա խնդիրը ԱՄՆ-ը դիտարկում է որպես իր խնդիր: Սա խոսում է երկրի հեգեմոն կարգավիճակի մասին: Այնուհետև ներկայացվում է այն աշխարհը, որին ձգտում է երկիրը ըստ այս ռազմավարության: Նախևառաջ դա ենթադրում համընդհանուր գլոբալիզացման պայմաններում ընդհանուր արժեքների տարածում, ժողովրդավարության, որում ազատականության, գիտելիքի վրա հիմնված հասարակության ձևավորում, որում չկա դիսկրիմինացիա ըստ ազգային, կրոնական, ռասայական պատկանելության, այսինքն մարդու իրավունքների գերակայությամբ, որում գործում է շուկայական հարաբերությունները, իսկ շուկան գլոբալ է: Փաստացիորեն ԱՄՆ-ը իր այս մոոտեցմամբ փորձ է անում ներկայանալ որպես որպես գլոբալիզացիոն գործընթացների հիմնական պատասխանատու, որը միակ պետությունն է, որ կարող է ուղղորդել գլոբալիզացիոն զարգացումները:
Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ ՌԴ-ն այլ խնդիր է դնում, ՌԴ-ի ազգային անվտանության ռազմավարության մեջ ևս կարևորվում է գլոբալիզացիոն գործընթացների վեկտորը, սակայն ՌԴ-ն ձգտում է ապահովել իր գերակայությունը հետխորհրդային տարածաշրջանում՝ թույլ չտալով որևէ այլ արտատարածաշրջանային ուժի ներգրավում տվյալ գոտու մեջ: ՌԴ-ի պատկերացրած ապագան բազմաբևեռ է, որում այս կամ այն ուժային կենտրոնները հավասար ուժեր են ունենալու: ՌԴ-ն փորձում է իրեն ներկայացնել որպես մի պետություն, որը դուրս է եկել նախորդ շրջանի 1990-ականների ծանր վիճակից ու աստիճանաբար վերականգնում է իր պոտենցյալը համաշխարհային մակարդակով: ՌԴ-ի ներկայացմամբ ՆԱՏՕ-ի գերակայությամբ միջազգային անվտանգության համակարգը չի կարող բավարարել առկա պայմանների պահանջներին, ուստի անհրաժեշտություն է զգում փոփոխությունների:
ԱՄՆ-ը իր նպատակների իրականացման հիմնական միջոցը համարում է իր ռազմական ներուժը, ինչպես նաև դիվանագիտությունը ու մասնավոր սեկտորը: Սակայն արտաքին քաղաքական հիմնական նպատակների գրավականը ԱՄՆ-ը համարում է տնտեսական հզորությունը, պետք է խթանել նորարարությունը, ըստ այդ գիտելիքը դառնալու է հիմնական կապիտալը: Մյուս կողմից ԱՄՆ-ը փորձելու է օգտագործել միջազգային տարբեր կազմակերպությունների ներուժը, որոնք ընդհանուր առմամբ տանում են համաշխարհային քաղքականության վերազգայնացման: ԱՄՆ-ը նախատեսում է ձևավորել ավելի գործում վերազգային մեխանիզմներ մասնավորապես միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի համատարած գործարկման հարցում:
ՌԴ-ը իր ներուժի հիմնական ապավենը համարում է էներգակիրների առկայություն, որը տնտեսական միջոցներ է հաղորդում երկրին, ինչն էլ հանգեցնում է նաև ռազմական կարողության վերականգնմանը: Տնտեսական գործոնի կարևորությունը նախանշվում է նաև նրանով, որ ՌԴ ազգային անվտանգության ռազմավարությունը փոխկապակցված է դիտարկվում մինչև 2020թ. ՌԴ սոցիալ-տնտեսական զարգացման երկարատև հայեցակարգի հետ: Սակայն պետք է նշել, որ ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղղվածությունը դեպի ներս է (դեպի բուն ՌԴ), իսկ ԱՄՆ-ինը՝ դեպի դուրս, այլ երկրներում առկա իրավիճակին:
Իհարկե պարզ է, որ յուրաքանչյուր ռազմավարություն տվյալ երկրի առանձին խնդիրն է լուծում և ուղենշում է հիմնական զարգացման առանցքը, իսկ այսօր գործնականում ԱՄՆ և ՌԴ տարբեր հարթությունների վրա գտնվող դերակատարներ են: Ճիշտ է ՌԴ-ն ամեն կերպ փորձում է հավասարվել ԱՄՆ-ին կամ գոնե ներկայացնել որպես այդպիսին, սակայն պրագմատիկորեն հասկանում է իր իրական վիճակը ու փորձում է առավելապես շեշտել տարածաշրջանային լիդերությանը հանգամանքը: Իսկ ԱՄՆ-ը փորձում է իրեն ներկայացնել որպես անփոխարինելի պետություն, սակայն միևնույն ժամանակ փորձում է իր գերիշխող դերին «թվացյալ» ներգրավել իր դաշնակիցներին, գործընկերներին (մասնավորապես ՆԱՏՕ-ի երկրներին), իսկ Ռուսաստան, Չինաստանի հանդեպ նորից թվացյալ «գործընկերային» հարաբերություններ հաստատել:
Ռուսաստանի Դաշնության կողմից ԱՄՆ-ի զսպելու քաղաքականության կարևորագույն գործոնը կդառնա Եվրասիական միության ստեղծումը, որը շատերը համարում են Խորհրդային Միության վերադարձ, ինչը կազդի նաև մեր հանրապետության վրա:
Տարածաշրջանային փոխզսպման քաղաքականություն. Իսրայելի և Թուրքիայի հայեցակարգերը
Տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների առկայության դեպքում ինքնին առաջ են գալիս փոխզսպման ռազմավարություններ, որոնք իրենց էությամբ ու տրամաբանությամբ կրկնում են գլոբալ հակամարտությունների բնույթը, միայն ավելի փոքր մասշտաբներով: Հետազոտության համար հատուկ կարևորություն ենք տալիս Թուրքիայի և Իսրայելի փոխզսպման հայեցակարգերին, քանի որ այդ երկրները բացահայտ հակամարտություն մեջ չն, սակայն այնուամենայնիվ տարածաշրջանում կիսելու շահեր ունեն:
«Իսրայելի ազգային անվտանգության հայեցակարգ. Ռազմական անվտանգության ոլորտի նոր բազային տարրեր»[4] 2010 թ. օգոստոսին հրապարակված հոդվածում հստակորեն ներկայացվում է երկրի հիմնական տեսլականը: Նշենք նաև այն, որ Իսրայելի դիրքը տարածաշրջանում պայմանավորված է նաև ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակցի՝ Թուրքիայի գործոնով: Մինչև վերջերս այս երկու պետությունների միջև հարաբերությունները բարձր որակի վրա էր գտնվում, սակայն որոշակի խնդիրներ ծագեցին (չմանրամասնենք), փորձենք հասկանալ, թե իրականում ինչ իրական հակամարտություն կարող է լինել այդ համատեքստում:
Թուրքական ազգային անվտանգության հայեցակարգը, որը ընդունվեց նոր տարբերակով 2005թ. հոկտեմբերի 24-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, նախագահ Ահմեդ Սեզերի նախագահությամբ: Թուրքական փաստաթղթի վերլուծության համար մենք կօգտագործենք Ա. Ա. Գուրևի հոդվածը[5]:
Թուրքական հայեցակարգը ստացավ «Ազգային անվտանգության մասին քաղաքական փաստաթուղթ» պաշտոնական անվանումը: Առօրյայում հայեցակարգը հայտնի է նաև «կարմիր գիրք», «գաղտնի սահմանադրություն», «կարմիր սահմանադրություն» անվանումներով: Նոր հայեցակարգի բնորոշիչ գիծը կարելի է համարել և այն, որ այժմ Թուրքիայի անվտանգության հարցերը դիտարկվում են ոչ միայն մյուս երկրների հետ միջպետական հարաբերությունների պրիզմայի միջով, այլև Թուրքիային ու նրա շահերին սպառնալիք ներկայացնող հավանական վտանգավոր տարածաշրջանների, տարածաշրջանային հակամարտությունների ու տարբեր արմատական կազմակերպությունների գործունեության առկայության տեսանկյունից: Մի կողմից՝ դրանք վկայում են երկրում աճող քաղաքական մշակույթի մասին, մյուս կողմից՝ ցուցադրում են Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության, կարևորության մեծացումը, որը սպառնալիք հանդիսացող տարբեր կազմակերպությունների դեմ այլ երկրների հետ համատեղ գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանային առճակատումների լուծման համար (հաշվի առնելով իր ազգային շահերը) տնտեսական, ռազմական և քաղաքական հնարավորություններ ունի: Սա բնական է բխում է գլոբալիզացիոն ժամանակակից գործընթացների տրամաբանությունից: Թուրքիան ևս ձգտում է գերիշխող դեր ստանձնել տարածաշրջանում ու բոլոր հայեցակարգային փաստաթղթերը պետք է ամրագրեն հենց այդ մոտեցումը: Ուշագրավ է այն, որ փաստաթղթում առաջին անգամ՝ այսօրվա իրողություններին համապատասխան, հատուկ նշված է Թուրքիայի համար վտանգ ներկայացնող նոր սպառնալիքների ու մարտահրավերների հերթականությունը: Ըստ վտանգավորության աստիճանի՝ դրանք բաշխված են հետևյալ կերպ. անջատողական և կղերական գործունեություն, միջազգային ահաբեկչական ու կրոնական-ծայրահեղական արմատական կազմակերպություններ, նարկոտրաֆիկ, անօրինական միգրացիա և մարդկանց առևանգում: Թուրք փորձագետները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ 1997թ. նմանօրինակ փաստաթղթի համեմատ՝ սպառնալիքների ցանկում բացակայում են ծայրահեղ աջ ազգայնական կազմակերպությունները: Ընդ որում, փաստաթղթում արձանագրվում է, որ «Թուրքիան գտնվում է միջազգային ահաբեկչության սպառնալիքի տակ, ինչն աջակցություն է գտնում նաև թուրքական տարածքի մի հատվածում»: Այստեղ նշվում է Քուրդիստանի բանվորական կուսակցությունը, որը «Ալ-Քայիդա»-ի և «Հիզբուլլահ»-ի («Հիզբալլահ»-ի թուրքական տարատեսակը) հետ մեկտեղ ընդգրկված է «կարմիր գրքում» թվարկված սպառնալիքներն ու մարտահրավերները մարմնավորող կազմակերպությունների ցանկում: Բնականաբար փաատթղթում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի ներքին քաղաքականության խնդիրները, սակայն այն մեր հետազոտության դաշտիցվ դուրս է:
Ի տարբերություն Թուրքիայի՝ Իսրայելի տարբերակում կոնկրետացված են երկրի հիմնական վտանգներն ու սպառնալիքները: Բնականաբար առաձնային սպառնալիքների շարքում դիտարկվում է ահաբեկչությունը՝ որպես գլոբալ չարիք: Պետք է նշել, որ այս բնորոշումը առկա է թերս ցանկացած պետության ազգային անվտանգության հայեցակարգում, հակահաբկեչությունը ընդհանուր միտում է 21-րդ դարի սկզբին երկրների համար, ինչն էլ ղեկավարվում է ԱՄՆ կողմից: Իսրայել տարբերակում այն կոնկրետ դրսևորմամբ է ներկայացվում, այլ ոչ թե աբստրակտ: Իսրայելյան փասատթղթում շեշտվում է նաև Իրանի միջուկային զենքի հիմնախնդիրը (ԱՄՆ հետ հարեբերությունների համատեքստում), որը ըստ մեր տվյալների, անդրադարձ չկար թուրքական հայեցկարգում: Սակայն պետք է նշել, որ Իրանի միջուկային զենքի հիմնահարցը պետք է դիտարկել իրանա-իսրայելական հակամարտության ընդհանուր բնույթի մեջ: Իսրայելի հայեցակարգում շեշտվում է նաև չկայացած երկրների հիմնահարցը, ու մասնավորապես դրա մեջ դիտարկվում է Իրաքը, որին անդրադարձ կար նաև թուրքական համանման փաստաթղթում: Բնականաբար Իսրայելը հայեցակարգում առաջնային տեղ է տրվում արաբա-իսրայելական հարաբերությունների բնույթին, քանի որ դրանով է պայմանավորված պետության գոյապահպանման հարցը: Թեև Թուրքիայի հայեցակարգում չհանդիպեցինք արաբական տարրի խնդրին, սակայն պետք է նշել, որ Թուրքիայի համար ևս արաբական երկրների հետ հարաբերությունները ու դրա զարգացման ընդհանուր բնույթը պայմանավորում է Թուրքիայի հետագա դերը տարածաշրջանում, առավել ևս եթե հաշվի առնենք Էրդողանի վերջի ն շրջանի վարած քաղաքականությունը, որով փորձ է արվում Թուրքիայի հաայցքը հղել դեպի արևելք:
Որպես ԱՄՆ հիմնական դաշնակից տարածաշրջանում՝ Իսրայելը մտահոգություն է հայտնում նաև Մերձավոր Արևելքում Ռուսաստանից զենքի արտահանմա առումով, ինչն էլ ըստ «արաբական գարնան» գործընթացների տրամաբանության կարքող է լուրջ վտանգ ներկայացնել երկրի համար: Ամեն դեպքում պետք է շեշտել, որ ներկա ժամանակահատվածում և՛ Իսրյալի, և ՛ Թուրքիայի ռազմավարական շահերից են բխում նաև թույլ Սիրիայի գոյությունը: Այսինքն ընդհանուր առամբ, եթե արաբական երկրների մեջ չկա լիդերի դեր ստանձնան երկիր, ապա Իսրայելը ու Թուրքիան կպահպանեն իրենց առանցքային դերակատարությունը ողջ տարածաշրջանի համար:
Պետք է նշել, որ թեև հայեցակարգային դրույթներով երկու տերություններն էլ չեն ներկայացնում իրար հակակշռելու խնդիրը, բայց այնահանդերձ ըստ իրենց նպատակների ու հիմնական խնդիրների պարզ է, որ և՛ Իսրայելը, և՛ Թուրքիան փրոձում են միջնորդավորված այնպիսի քաղաքական կուրս մշակել, որը առավելագույնս հնարավորություն չէր տա դիմացաին գերակայության հասնել իր նկատմամբ տարածաշրջանային գործերում: Սա անուղղակի փոխզիջման քաղաքականություն է:
Զսպման քաղաքականությունը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ
Զսպման քաղաքականության առումով միանգամային այլ խնդիր է դրված Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ որպես առաջնային արտաքին սպառնալիք է համարվում զինված ուժերի կիրառումը «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ զինված ուժի կիրառման բացահայտ սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի Հանրապետության կողմից: Թեև առկա են այդպիսի զարգացումը կանխող բազմաթիվ գործոններ, այնուամենայնիվ ամենաբարձր մակարդակով հնչող բացահայտ ռազմաշունչ հայտարարությունները հիմք են տալիս դրանք համարելու անմիջական սպառնալիքներ: Այդպիսի զարգացման պարագայում Թուրքիայի Հանրապետությունը, լինելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես կարող է նման սպառնալիք ստեղծել: Հայաստանի Հանրապետությունը, հենվելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի վրա, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակումը դիտարկում է որպես իր դեմ ուժի կիրառում»[6]:
Ինքնին պարզ է, որ Թուրքիայից բխող սպառնալիքի դիմակայման և զսպման գործիքը վերպետական պետք է լինի: Նույն փաստաթղթում շեշտվում է, որ երկրի անվտանգության ապահովմանն են նպատակաուղղված ինչպես Հայաստանի ռազմական ոլորտի համագործակցությունն առանձին երկրների հետ, այնպես էլ անդամակցությունն անվտանգության միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին, մասնակցությունը դրանց շրջանակներում իրականացվող միջազգային ծրագրերին: Հայաստանի անվտանգության ռազմաքաղաքական ապահովման հիմնական բաղադրիչն է առաջնահերթը Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում, երկու երկրների միջեւ հաստատված ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որի նպատակն է միասնական ուժերով կանխել, իսկ անհրաժեշտության դեպքում վերացնել մասնակից պետությունների դեմ ուղղված ռազմական սպառնալիքը[7]:
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության կենտրոնում ինքնին Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերություններն են: Ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, ինչը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանը որդեգրել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու քաղաքականություն: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշման վրա ներազդելու նպատակով Ադրբեջանը հրաժարվում է ինչպես միմյանց կապող տրանսպորտային երթուղիների շահագործումից, այնպես էլ երկու երկրների միջև տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում համագործակցության եզրեր փնտրելու Հայաստանի և միջազգային հանրության առաջարկություններից: Հայաստանը համարում է, որ տարածաշրջանային և սահմանային համագործակցությունը` որպես փոխվստահության մթնոլորտի ստեղծման և ամրապնդման միջոց, նշանակալի դրական ազդեցություն կարող է ունենալ: Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ և այդ նպատակով խրախուսելու է տարբեր մակարդակներով համագործակցությունը, շփումներն ու փոխայցելությունները:
Սկզբունքորեն Հայաստանի կողմից Ադրբեջանին զսպող հիմնական հանգամանքներն են ռազմական ներուժը և աշխարհաքաղաքական իրավիճակը (միջազգային իրավունքի նորմերը): Թեև պետք է նշել, որ Ադրբեջանի ագրեսիան հստակ կարտահայտվեր, եթե վերջինս դույզն-ինչ համոզվածություն ունենար, որ պատերազմը վերսկսելու դեպքում հաջողություն կունենար: Այսինքն հզոր հայկական բանակը Ադրբեջանին զսպելու հիմնական գործոնն է: Հայաստանում բանակաշինության նպատակն է` պետության այնպիսի պաշտպանական ներուժի ապահովումը, որն անհրաժեշտ է հետ մղելու որևէ ագրեսիա` Հայաստանի Հանրապետության ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով: Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունն ապահովում են մարտունակ, արտաքին սպառնալիքների հետմղման խնդիրների լուծմանը մշտապես պատրաստ զինված ուժերը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գործում են պաշտպանողական ռազմավարության սկզբունքով[8]:
[1] Торкунов А. Современные международные отношения, Учебник / Под. ред. А.В. Торкунова. — М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 1999, с. 23-38
[2] ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը տե՛ս ԱՄՆ նախագահի (Սպիտակ տան) կայքում (անգլերեն) http://www.whitehouse.gov/sites/default/files/rss_viewer/national_security_strategy.pdf
[3] ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարությունը մինչև 2020 թ. տե՛ս ՌԴ Անվտանգության խորհրդի կայքում (ռուսերեն) http://www.scrf.gov.ru/documents/99.html
[4] Իսրայելի ազգային անվտանգության հայեցակարգի մասին տե՛ս Strategic assessment, volume 13, No. 2, august 2010
[5] Թուրքիայի ազգային անվտանգության հայեցկարգի մասին տե՛ս http://www.iimes.ru/rus/stat/2005/07-11-05.htm
[6] ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն. // http://www.mil.am/files/NATIONAL%20%20SECURITY%20STRATEGYarm.pdf
[7] Տե՛ս նույն տեղում:
[8] ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն. // http://www.mil.am/files/NATIONAL%20%20SECURITY%20STRATEGYarm.pdf