Բայդենը ծրագրում է հնարավորինս շուտ խոսել Սի Ծինփինի հետ, կասկածի տակ է դրվում Փելոսիի ուղևորությունը Թայվան
Նախագահ Ջո Բայդենը ծրագրում է հանդիպել իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ մինչև ամսվա վերջ։ Հայտնում է https://www.reuters.com/-ը։
« Կարծում եմ, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կխոսեմ նախագահ Սի Ծինփինի հետ »,- ասել է Բայդենը լրագրողներին, երբ կլիմայի վերաբերյալ շրջագայությունից վերադառնում էր Մասաչուսեթս։
Երկու առաջնորդների զրույցը ( առաջինը վերջին 4 ամսում ) տեղի է ունենում բավականին վճռորոշ պահի՝ հաշվի առնելով Թայվանի կարգավիճակի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բայդենի վարչակազմը նաև նվազեցնում է Չինաստանից եկող ապրանքների մաքսատուրքը, որպեսզի նվազեցնի գնաճի ազդեցությունը ամերիկացի սպառողների վրա։
Միացյալ Նահանգները Չինաստանին համարում է իր գլխավոր ռազմավարական հակառակորդը և նշում, որ բարձր մակարդակի երկխոսությունը կարևոր է դժվար հարաբերությունները կայուն պահելու համար, ինչպես նաև թույլ չտալու, որ այն վերածվի հակամարտության։ Նախորդ ամիս Վաշինգտոնը դրդել է ՆԱՏՕ-ին ընդունել ռազմավարական փաստաթուղթ՝ անվանելով Չինաստանը անվտանգային սպառնալիք։
Լրագրողների հետ զրույցում չորեքշաբթի Բայդենը, ըստ երևույթին, կասկածի տակ է դնում Ներկայացուցիչների Պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից Թայվան այցելելու ծրագրած ուղևորությունը հաջորդ ամիս:
Թայվանի արտաքին գործերի նախարարը ասել է, որ իրենք ընդունում են Բայդենի նկատառումները, և այն, որ Թայվանը և Միացյալ Նահանգները ունեն լավ փոխադարձ վստահություն և հարթ հաղորդակցման ուղիներ։
Այնուամենայնիվ, նախարարը ավելացրել է որ չի ստացել «հստակ տեղեկատվություն» Փելոսի՝ Թայվան այցի վերաբերյալ։
Երեքշաբթի Պեկինը հայտարարեց, որ «ուժային միջոցներ»-ով կպատասխանի, եթե Փելոսին այցելի Չինաստանին պատկանող կղզին։ Նման այցը «լրջորեն կխարխլի Չինաստանի ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:
Փելոսիի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել այցելության վերաբերյալ խոսակցություննները՝ ելնելով անվտանգային նկատառումներից։ Պետքարտուղարությունը այցելությունը անվանել է «հիպոթետիկ»։
Չինաստանը ժողովրդավարությամբ կառավարվող կղզին համարում է իրենը, և սա հաստատուն գրգռիչ հիմնահարց է ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում։
Բայդենի վարչակազմը բազմիցս խոսել է իր հանձնառության մասին՝ կղզու անվտանգությունը ապահովելու։
ԱՄՆ ռազմական նավերը փոխադրումներ էին իրականցնում Թայվանի նեղուցով (վերջինը երեքշաբթի), որը զայրացրել էր Պեկինին։ Վերջինս էլ կործանիչներ է ուղարկել նեղուցի շրջակայք այս ամիս։ Այս իրադարձությանը հետևել էր ԱՄՆ սենատոր Ռիք Սքոտի այցը Թայպեյ։