Չինաստանում հայտնաբերված գազի հանքավայրն ու Ռուսաստանի մտահոգությունները
Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում հայտնաբերվել է գազի խոշոր հանքավայր, որի պահուստները գնահատվում են մոտ 545,6 մլրդ խմ, այդ թվում բնական գազը 241,5 մլրդ խմ է, իսկ թերթաքարայինը՝ 304,1 մլրդ խմ:
Պեկինը գազի սպառման ծավալներով երրորդ երկիրն է աշխարհում՝ ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո: Չինաստանը տարեկան սպառում է 224 մլրդ խմ գազ, այսինքն ակնհայտ է, որ Շանսիի հանքավայրը չի կարող այլընտրանք լինել ներմուծվող գազին:
Սակայն Չինաստանի տնտեսության զարգացմանը զուգընթացում աճում է նաև էներգետիկ ռեսուրսների և մասնավորապես գազի պահանջարկը: Այսօր այդ երկրի էներգետիկ քաղցը հագեցվում է հիմնականում քարածխի (66 տոկոս) և նավթի (20 տոկոս) կիրառությամբ, իսկ բնական գազին բաժին է հասնում միայն 5 տոկոս: Սակայն Չինաստանի իշխանությունների հնգամյա պլանով (2016-2020 թթ.) այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել մինչև 10 տոկոս:
Գազի ներմուծման տարատիպ աղբյուրների ցանկում կարևորագույն նշանակություն ունի Ռուսաստանից Չինաստան գազամուղի կառուցումը («Սիբիրի ուժը»), որի շահագործումը մեկնարկելու է 2019 թվականի դեկտեմբերին՝ ներմուծելով տարեկան 38 մլրդ խմ գազ: Նշենք, որ արևմտյան պատժամիջոցների պատճառով Մոսկվայի համար իր ածխաջրածնային հումքի սպառման այլընտրանքային հիմնական երկիրը դարձել է Չինաստանը:
«Սիբիրի ուժը» գազամուղի կառուցումը Ռուսաստանի և ընդհանրապես Եվրասիական միության ամենախոշոր ենթակառուցվածքային նախագիծն է, 2158 կմ երկարությամբ խողովակաշարի կառուցման համար «Գազպրոմը» մոտ 55 մլրդ դոլար է ծախսելու:
Սեփական գազային հանքավայրի հայտնաբերումը թեև չի կարող այլընտրանք դառնալ ներմուծվող գազին, սակայն հնարավորություն է տալիս ճնշում գործադրելու ներմուծման գործընկերների, այդ թվում Ռուսաստանի վրա՝ փորձելով առավելագույն զիջումներ կորզել մատակարարումների ու սակագների հարցում: