ՆԱՏՕ – ԵՄ – Թուրքիա տրիլոգիա. Կիպրոսի հանելուկի հարվածը
Ներկայացնում ենք «ՆԱՏՕ – ԵՄ – Թուրքիա տրիոլոգիա. Կիպրոսի հանելուկի հարվածը»[1] հոդվածը, որի հեղինակները փորձում են դուրս բերել Թուրքիայի եվրաինտեգրացիոն հիմնահարցի կապվածությունը Կիպրոսի խնդրի հետ:
Հոդվածի համահեղինակները էթնիկապես թուրք և հույն են, այսինքն ուղղակիորեն առնչվում են բուն կիպրական հիմնահարցին, ու ըստ երևույթի փորձ է արվում ցույց տալ հնարավոր հանդուրժողականության եզրերը երկու ազգերի միջև գիտական համագործակցության մակարդակից սկսած: Սա ինքին իր մեջ պրոպագանդայի տարր է պարունակում, որն առավելապես թուրքական ջրաղացին է ջուր լցում: Իսկ եթե նաև հաշվի ենք առնում, որ հոդվածը հրապարակվել է Ստամբուլի համալսարաններից մեկում, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում: Այսինքն այնուհանդերձ նմանատիպ հարցերի հետ կապված գիտական չեզոքություն ակնկալելն ուղղակի անիմաստ է:
Ըստ էության հետազոտության մեջ հիմնական առանցքն է «ՆԱՏՕ – ԵՄ – Թուրքիա — Կիպրոս» տարրերի միասնությունը, ուստի հիմնական վերլուծության նյութն է այս տարրերի միջև կապի դուրսբերումը:
Սկզբում հեղինակներն անդրադառնում եմ Թուրքիայի՝ Եվրամիության անդամագրման հարցի մեջ Կիպրոսի հիմնախնդրի դերին: Հանգամանալից անդրադարձ է կատարվում Թուրքիայի ինտեգրացման նկրտումների գրեթե վեց տասնամյակ ձգձգվող պատմությանը՝ սկսած 1963 թվականից, երբ Թուրքիան դիմեց Եվրոպական տնտեսական համայնքի մեջ անդամագրվելու համար[2]: Հեղինակները ներկայացնում են այդ գործընթացի պատմական մանրամասները, առանցքային իրադարձությունները, առկա խոչընդոտները: Այնուհետև խոսվում է որպես հիմնական առիթ Թուրքիա-Կիպրոսի հետ հարաբերությունների մասին, որը սկսած Հյուսիսային Կիպրոսի գրավումից ծայրահեղ լարված վիճակում է, անգամ Թուրքիան Կիպրոսին խոչընդոտում է տրանսպորտային հարցերում:
Երկրորդ կապը առնչվում է Եվրամիություն – ՆԱՏՕ դաշտի հստակեցմանը: Հեղինակները հիմնավորում են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի փոխկապվածությունը, ըստ էության ԵՄ-ը առավելապես տնտեսական ու քաղաքական կառույց է, որի Աքիլլեսյան գարշապարը ռազմական բաղադրատարրն է, որը թերևս լրացնում է ՆԱՏՕ-ն: Այն հանդես է գալիս որպես ԵՄ-ի ռազմական պատվար: Սակայն այստեղ բաց է թողնվում այն հարցը, որ ԵՄ-ին ինքնին ֆրանս-գերմանական դաշինքի արդյունք է, մինչդեռ ՆԱՏՕ-ում գերիշխում է անգլո-ամերիկյան տարրը: Ու ամենևին էլ բացառված չէ, որ ԵՄ-ն կարող է ՆԱՏՕ-ի պատվարին այլընտրանք փորձի գտնել կամ ստեղծել սեփական ռազմական միավորումը: Սա չափազանց կարևոր խնդիր է հետազոտվող երևույթի բացատրման մեջ, որը հոդվածում անտեսվում է: Ըստ էության թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ ԵՄ-ն մեծ հաշվով առանձին երկրների ազգային-պետական շահի բավարարմանն են ուղղված, ուստի հենց առանձին սուվերեն պետությունների դերի լուսաբանումը պետք է առաջնային պլան մղվել: Այստեղ տրամաբանական չեմ համարում ամբողջությամբ կապել ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն միմյանց հետ, թեև ժամանակակից իրողություննեըր ցույց են տալիս, որ առայժմ նրանք նույն ուղղությամբ են ընթանում: հենց այս միտումը հաշվի առնելով՝ հոդվածում կարևորություն է տրվում ՆԱՏՕ-ում Թուրքիայի ավելին քան կես դար անդամակցությանը, զգալի դերին՝ համարելով դա նախադրյալ ԵՄ-ին անդամակցելու համար: Այստեղ չի նշվում մասնավորապես, թե ժամանակին ռազմավարական ինչ նպատակի համար էր ստեղծվել ՆԱՏՕ-ն: Երբ 1949 թ. այն ստեղծվեց միջազգային հարաբերությունների բնագավառում աշխարհակարգը կոնկրետ երկբևեռ էր, յուրաքանչյուր բևեռը ձգտում էր իր կողմը գրավել հնարավորինս մեծ թվով պետություններ: Թուրքիան ևս որպես Եվրոպայի ու Ասիայի սահմաանգծին գտնվող, առանցքային աշխարհագրական նշանակություն ունեցող պետությունը ցանկալի էր և՛ ԽՍՀՄ-ի, և՛ ԱՄՆ-ի համար: ԱՄՆ-ին հաջողվեց իր կողմը թեքել Թուրքիային,որը 1952 թվականից անդամագրվեց ՆԱՏՕ-ին[3], իհարկե պետք չէ մոռանալ, որ դրա հիմքում ընկած էր նաև երկրին տնտեսական մեծ շահ խոստացող Տրումենի դոկտրինը[4]: Մինչդեռ Եվրամիությունը իրավաբանորեն կազմավորվեց միայն 1992 թ. Մաաստրիխտի պայմանագրով, երբ արդեն երկբևեռն հակամարտությունն անցյալում էր: Եմ-ն ամենևին էլ հետաքրքրված չէ իր սահմանների հնարավորինս ընդլայնմամբ, ինչը կապված է զգալի տնտեսական ծախսերի հետ: Սա ևս մեկ փաստարկ է ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չնույնականացնելու համար, որը անտեսվել է:
Այնուհետև վերլուծության մեջ խոսվում է ԵՄ- ՆԱՏՕ հարաբերությունները մասին՝ արդեն կրկին Կիպրոսի հարցի համատեքստում:
Իսկ արդեն վերլուծության երրորդ մասում փորձ է արվում ներկայացնել հիմնախնդրի լուծման եզրերը ու դրանում ընդգրկված իրական շահերը: Հեղինակները պրագմատիկորեն են մոտենում հարցին ու ներկայացնում են նաև նույն ԱՄՆ-ի դերը: Ըստ էության եթե ի սկզբանե խոսվում էր ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ընդհանրականության մասին, ապա պետք էր սկսել այն պարզաբանում, որ դրա հիմքում ընկած է արևմտյան քաղաքակրթությունը, որի ժամանակակից առաջնային դրոշակակիրն է հենց ԱՄՆ-ը:
Հեղինակները նշում են նաև Կիպրոսյան հիմնահարցի զուտ գործիք լինելու մասին: Ներկայացվում է, որ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը (մասնավորապես շեշտելով Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը[5]), իսկ Կիպրոսի խնդիրը համարվում է առիթ Թուրքիային հերթական անգամ մերժելու համար: Սակայն վերլուծության մեջ չի մեկաբանվում, թե ինչու չեն ցանկանում Թուրքիային ընդունել Եվրոպական ընտանիք: Սկզբունքորեն այդ հարցը ևս մի քանի բացատրություն ունի: Նախ Թուրքիան և թուրք ազգը որքան էլ վերջին 90 տարիների ընթացքում ավելի ու ավելի է վեստերնիզացվում, գնում աշխարհիկ ճանապարհով, իր քաղաքական ուղենիշ է վերցրել մահմեդականությունից առանձնացվածությունը, սակայն այնուահանդերջ երկրում իսլամական տարրը չափազանց նշանակալի է: Սա մեծ կարևորություն ունեի Եվրոպայի համարը, որը պատմականորեն մշտապես քրիստոնեության հիմքն է եղել: Այսինքն սովորական եվրոպացին թուրքին եվրոպացի չի համարում:
Մյուս պատճառը զուտ Եվրոպական Միության կառավարման համակարգի մեջ է, որի հիմքում ընկած է անդամ երկրների ներկայացվածությունը՝ ըստ բնակչության համամասնության, որքան մեծ է պետության բնակչությունը, այնքան շատ են Եվրամիության վերազգային կառույցներում (մասնավորապես Եվրախորհրդարանում) տվյալ պետության ներկայացուցիչները: Եթե այսօր Գերմանիան իր մոտ 81 մլն բնակչությամբ ամենից մեծ թվով ներկայացուցիչներն ունի[6], ապա մեկ-երկու տասնամյակ անց Թուրքիան ավելի շատ բնակչություն կունենա, քան Գերմանիան[7]: Ստացվում է, որ թուրքերը հնարավոր անդամագրման դեպքում առավելագույն ներկայացուցիչներ ունենալու հնարավորություն կստանա: Սա արդեն ժամանակակից Եվրամիության առանցքային երկրների համար մեծ հարված է: Ըստ էության սա հաշվի առնելով Եվրամիությունը երբեք չի ցանկանա իր շարքերում տեսնել Թուրքիային:
Հիմնախնդրի համատեքստում կարևորվում է նաև զուտ Թուրքիայում տիրոջ տրամադրությունների պարզաբանումը: Թեև հոդվածի մեջ ներկայացվում է մի վիճակագրություն, համաձայն որի Թուրքիայի բնակչության միայն 42 տոկոսն է ցանկանում անդամագրվել ԵՄ-ին, մինչդեռ 2005 թվականին այդ ցուցանիշը 61 տոկոս էր: Սա արդեն խոսում է թուրքերի հիասթափության և վերակողմնորոշման մասին: Այսօր կարևոր է հասկանալ, թե արդյոք Թուրքիան պատրաստ է զոհ տալ Հյուսիսային Կիպրոսը հանուն եվրաինտեգրման և արդյոք այժմ սեփական առանձին ուղին չի հարթում: Սրանք այն հարցերն են, որոնք վերլուծությանը էլ ավելի համակողմանի բնույթ կտային:
[1] http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/14683857.2012.741846?src=recsys&journalCode=fbss20
[2] http://ec.europa.eu/enlargement/countries/detailed-country-information/turkey/index_en.htm
[3] http://www.nato.int/cps/en/natolive/80056.htm
[4] http://www.trumanlibrary.org/teacher/doctrine.htm
[5] http://www.tbmm.gov.tr/kanunlar/k5759.html
[6] http://www.statistik-portal.de/Statistik-Portal/en/en_zs01_bund.asp
[7] http://www.citizendia.org/List_of_countries_by_population_growth_rate