Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը լռեցնելու իշխանական ջանքերը. ինչի՞ց է սարսափում Իլհամ Ալիևը
Օգոստոսի 7-ից ադրբեջանական «Թուրան» գործակալության հանդեպ քրեական հետաքննությունն է իրականացվում՝ տասնյակ հազարավոր մանաթի հարկերի չվճարելու մեղադրանքով: Ադրբեջանի հարկային մարմիններն ուսումնասիրում են 2010թ. հոկտեմբերից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցի գործունեությունը:
Գործակալությունը հայտնում է, որ այդ մեղադրանքները անօրինական են ու պատվիրված, ուստի ներկայացել է հակընդդեմ հայցով:
Նշենք, որ «Թուրան» գործակալությունն ադրբեջանական իշխանություններից կախվածություն չունեցող բացառիկ լրատվամիջոցներից մեկն է, որը չի վարանում ներկայացնել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանվածության իրական անմխիթար պատկերը:
Ընդամենը մեկ ամիս առաջ գործակալությունը ներկայացրել էր Ադրբեջանում լրատվամիջոցների անազատության մասին ծավալուն վերլուծությունը (կարդացե՛ք. «Ադրբեջանական լրատվության ճգնաժամն ու իշխանությունների դեսպոտիկ քաղաքականությունը»)՝ ի ցույց դնելով իշխանությունների կողմից լրատվական դաշտի տոտալ վերահսկողության քաղաքականությունը, որի մի մասն է կազմում անկախ լրագրողներին հանդեպ հաշվեհարդար տեսնելու ջանքերը:
Ալիևին մտահոգում է այն հարցը, որ իր բռնապետության ամրությունը պահպանելու համար պետք է վերացնել տեղեկատվության այլընտրանքային միջոցներն ու իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները, ինչի համար նաև օրենսդրական փոփոխություններ են իրականացվում (Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածով՝ «Պետության գլխի պատիվն ու արժանապատվությունը նսեմացում», լրագրողին կարող է սպառնալ մինչև 5 տարվա ձերբակալություն): Այս նպատակով էլ առևանգվում են լրագրողները ու տարբեր շինծու մեղադրանքներով քրեական պատասխանատվության են ենթարկվում:
Այժմ բռնաճնշումների ենթարկվող լրատվամիջոցների ցանկին (այդ թվում է նաև «Ազատություն» ռադիոկայանը, որն Ադրբեջանում արգելափակվել է) է ավելանում նաև «Թուրան» գործակալությունը, որը նաև տեղեկատվական հարթակ էր ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար և մշտապես հրապարակում է ադրբեջանական քաղբանտարկյալների մասին հիմնավոր տեղեկություններ:
Հենց նման լրատվամիջոցների լուսաբանող գործության արդյունքում Բաքվի ռեժիմը խիստ քննադատության է ենթարկվում միջազգային կառույցների կողմից (կարդացե՛ք օրինակ. «Եվրախորհրդարանը սպառնում է Բաքվին. նոր բանաձև առևանգված լրագրողի և մամուլի ազատության վերաբերյալ»): Այդքանով արդեն իսկ հասկանալի է դառնում, թե ինչու է Ալիևը փորձում լռեցնել իրականությունը ներկայացնող լրատվամիջոցների ձայնը, ճշմարտությունն ալիևյան կայունության «թղթե ամրոցի» համար կործանարար կարող է լինել: