Տեղեկատվական աշխատանքի հիմնական սկզբունքները դիվանագիտության բնագավառում
1961 թվականի ապրիլի 18-ին հրապարակվեց «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվեցնիան, որի 3-րդ հոդվածում նշված է, որ դիվանագիտական ներկայացուցչության գործառույթների մեջ է մտնում նաև «բոլոր օրինական միջոցներով պարզել նստավայր պետությունում առկա պայմաններն ու իրադրությունը և դրանց մասին հաղորդել հավատարմագրող պետության կառավարությանը»[1]:
Ըստ էության այստեղ չի խոսվում կոնկրետ տարբերակների, սկզբունքների մասին, թե ինչպես պետք է այդ անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքվի, դա կապված է կոնկրետ իրավիճակից ու կոնկրետ նպատակներից: Շատ դեպքերում այդ տեղեկատվությունը հավաքվում է գաղտնի ձևերով, կամ անգամ անօրինական ճանապարհով:
Բնականաբար տեղեկատվության հավաքման կարևորագույն աղբյուրներից մեկն է լրատվական կառույցները (թերթեր, ամսագրեր, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետային կայքեր, անգամ սոցիալական ցանցեր): Սրանք այն կառույցներն են, որոնք հիմնականում հասանելին են բոլորին, քանի որ լրատվական դաշտի գործունեությունն ինքն ուղղված է տեղեկատվության տարածմանը: Կարևորվում է նաև պետական լրատվական գործակալությունների դերը, իհարկե հավաստի տեղեկատվության ստացման համար չափազանց կարևոր է այդ տեղեկատվության ճիշտ մշակումը, մեկնաբանությունը: Յուրաքանչյուր լրատվական կառույց, հատկապես պետական լրատվամիջոցները իրենց կողմից տարածվող հաղորդագրությունների մեջ ունեն որոշակի պրոպագանդայի տարրեր, ուստի դիվանագետները պետք է հնարավորինս ինֆորմացված լինեն առնչվող բոլոր հանգամանքներին, ինչպես և հստակ պատկերացնեն իրավիճակի ընդհանուր պատկերը, որը հնարավորություն կտա «կարդալ տողերի միջև»: Այդ հմտություններով կարող են սեփական երկիր ուղարկել հավաստի տեղեկատվություն:
Այս ամենը բնորոշ է նաև զուտ դիվանագետների պաշտոնական գործունեությունից բխող տեղեկատվության հավաքագրման, սա վերաբերում է այն դեպքերին, երբ տեղի են ունենում պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ, բանակցություններ: Ի դեպ նմանատիպ հանդիպումներ կարող են տեղի ունենալ նաև լրատվության կողմից տարածված ինչ-որ տեղեկատվության իսկությունը ճշտելու համար: Հաճախ դիվանագետները հանդիպումներ են ունենում պետական ու հասարակական գործիչների հետ նրանց դիրքորոշումը հստակեցնելու համար:
«Դիվանագիտական ներկայացուցչությունների ավագ դիվանագետների պարտականությունների մեջ է մտնում դեսպանընկալ երկրի քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ կարևոր բնագավառներում տեղի ունեցող իրադարձությունների մասին անհրաժեշտ տեղեկանքների կազմումը»[2]: Իհարկե հնարավոր չէ միանշանակ պատասխանել, թե այդ տեղեկանքների մեջ ինչպիսի տեղեկատվություն կլինի: Մասնավորապես վերջին տարիներին «Վիկիլիկսի»[3] կողմից արված բացահայտումները ցույց են տալիս, որ նման տեղեկանքներում ներկայացվում է տվյալ երկրում առկա այն իրական իրավիճակը, որը երբեք սովորական քաղաքացին չի լսի հեռուստաեթերով կամ մամուլի այդ աղբյուրներից:
Ի դեպ դիվանագիտական ներկայացուցչության կողմից հավատարմագրող երկիր ուղարկված յուրաքանչյուր փաստաթղթի համար պատասխանատվություն է կրում ներկայացուցչության ողջ դիվանագիտական անձնակազմը, այսինքն տեղեկատվության հավաքագրման, ստուգաման գործին լծվում են բոլորը: Շատ դեպքերում դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը համադրվում է լրտեսության հետ, սա իհարկե չի բարձրաձայնվում:
Սակայն դիվանագիտական ներկայացուցչության տեղեկատվական աշխատանքը միայն ինֆորմացիայի հավաքագրմամբ չի ավարտվում, դիվանագետներն ևս երբեմն հանդես են գալիս մամլո ասուլիսներով, որի ժամանակ ներկայացնում են կոնկրետ հարցերի հետ կապված իրենց երկրների տեսակետները:
Առավել համակարգված ու պարբերական աշխատանք է տարվում ընդունող երկրի արտաքին գերատեսչության հետ: Պաշտոնական հայտարարությունները և հրապարակման ենթակա փաստերը հատուկ բյուլետենների տեսքով տրվում է դիվանագիտական ներկայացուցչություններին[4]:
Սրանք ընդհանուր առմամբ կազմում են դիվանագիտական ներկայացուցչություններում տեղեկատվական աշխատանքի հիմնական սկզբունքները, որոնք թերևս հստակ տարաբաժանված չեն, քանի որ շատ դեպքերում գաղտնի բնույթ են կրում:
[1] 1961 թ. Վիեննայի կոնվենցիայի տեքստն ամբողջությամբ տե՛ս http://www.un.am/res/UN%20Treaties/II_2_arm.pdf
[2] Չալըմյան Ն. Դիվանագիտական և հյուպատոսական ծառայություն և իրավունք: Ու. Ձեռնարկ, Եր.: 2003, էջ 65:
[3] Մանրամասն տե՛ս http://wikileaks.org/
[4] Չալըմյան Ն. Դիվանագիտական և հյուպատոսական ծառայություն և իրավունք: Ու. Ձեռնարկ, Եր.: 2003, էջ 66: