Նախկին նախագահների ձերբակալությունների ալիքը. Հայաստանի նախագահների մտահոգությունները
2017 թ. հուլիսի 12-ին Բրազիլիայի դատարանը երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիուս Լուլա դա Սիլվային (2003-2011 թթ.) դատապարտեց 9,5 տարվա ազատազրկման: Քաղաքական գործիչն իր մեղքը չի ընդունում և որոշումը բողոքարկելու է:
2014 թվականին իրականացված հետաքննությունը ցույց է տվել, որ իշխանության գալուց հետո Լուլա դա Սիլվան կոռուպցիոն մեխանիզմ է ներդրել, որի շրջանակներում մի շարք շինարարական կազմակերպությունները դարձել են «Petrobras» նավթային ընկերությունից մեծածավալ նախագծերի ենթակապալառու, ինչի համար ընկերության թոփ-մենեջերներին, իշխող կուսակցությանն ու առանձին քաղաքական գործիչների զգալի կաշառք են վճարել: Բրազիլիայի ոստիկանության հայտարարությամբ նախագահը այդ կոռուպցիոն սխեմայից առավել շահույթ ստացած գործիչներից է:
2016 թ. մարտին Լուլա դա Սիլվան ոստիկանության կողմից հարցաքննության համար բերման ենթարկվեց: Նրան մեղադրում էին փողերի լվացման և սուտ վկայության համար, քննիչների դիտարկմամբ նա որպես կաշառք է ստացել ծովափնյա բնակելի համալիրում պենտհաուս—բնակարան ու այդ փաստը քողարկել է:
2017 թ. հուլիսի 13-ին մեկուկես տարվա նախնական կալանք հաստատվեց նաև Պերուի նախկին նախագահ Օլլանտա Հումալայի (2011-2016 թթ.) և նրա կնոջ՝ Նադին Հերեդիայի նկատմամբ:
Հումալան մեղադրվում է Պերուական ազգային կուսակցության քարոզչական արշավի համար (2006 թ., 2011 թ.) Վենեսուելայի իշխանություններից, «Odebrecht» և «OAS» ընկերություններից գումար ստանալու մեջ:
2015 թվականին Պերուի դատախազությունը հայտարարել էր հետաքննություն իրականացման մասին, երբ դեռ Հումալան նախագահի պաշտոնում էր: Այս պրակտիկան ավտորիտար երկրների համար կարող է աբսուրդ թվալ, օրինակ բացառված է, որ Ադրբեջանի դատախազությունն Իհլամ Ալիևի կողմի պետական միջոցների յուրացման ձեռնարկները բացահայտելու համար որևէ հետաքննություն իրականացնի:
Բնավ բացառված չէ, որ վաղն էլ մեկ այլ երկրի նախկին ղեկավար կձերբակալվի պաշտոնական լիազորությունների չարաշահման համար, ինչը մտածելու տեղիք կտա, որ այդ երևույթներն ընդհանուր մեխանիզմի մի մասն են կազմում: Ու այդ ձերբակալությունների ալիքը կարող է դուրս գալ Լատինական Ամերիկայի տարածաշրջանից:
Նախկին պաշտոնյաների կողմից իրագործված անօրինակության համար պատասխանատվությունը ժողովրդավարական երկրների համար սովորական պրակտիկա է: Մինչդեռ ավտորիտար երկրների ղեկավարների մոտ ծիծաղ է կառաջացնում, այն էլ նման փոքր զանցանքների համար: Սակայն վերջիններս մոռանում են, որ Արաբական գարնան իրադարձությունները տասնամյակներ շարունակ իշխող «միապետերի» վերջն ազդարարեցին, ինչից իրենք ևս որևէ ձևով ապահովագրված չեն: Այս ամենը վերաբերում է ժողովրդական հուզումներին, որոնք հաճախ ուղղորդվում են օտարերկրյա կենտրոններից, իսկ ներիշխանական համակարգի կլանային առճակատումների դեպքում ավտորիտար երկրների իշխանություններն ունեն իրենց լծակները: Եթե իշխանությունից դուրս եկած նախկին պաշտոնյան համարձակվի հակառակ գնալ արդեն գործող իշխանություններին, կկորցնի ամեն ինչ:
Հայաստանը ևս այդպիսի քաղաքական իրողությունների հետևորդ է: Մեր երկրում ևս, կորցնելով իշխանությունը, նախկին պաշտոնյաները հայտնվում են քաղաքական գործընթացների լուսանցքում, որի պայմաններում գործում է շանտաժի մեխանիզմը հետևյալ սկզբունքով. «Նախկին պաշտոնյաների մութ գործարքները չեն լուսաբանվի, քանի դեռ վերջիններս լոյալ են գործող իշխանությունների նկատմամբ»:
Այս մեխանիզմն է պատճառը, որ կարկառուն քաղաքական գործիչները չեն ցանկանում «թոշակի գնալ», իսկ «թոշակառուները» երկար են մտորում ակտիվ քաղաքականություն վերադառնալուց առաջ՝ այդպիսով դատապարտելով իրենց քաղաքական աբսենտիզմի: