Ռուսաստանի և Թուրքիայի 2,5 մլրդ դոլարի նոր ռազմական գործարքը. Հայաստանի «դաշնակցի» վտանգավոր քաղաքականությունը
ՌՈՒՍԱԿԱՆ «Ս-400» (ՏՐԻՈՒՄՖ) ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՐՑԸ.
Թուրքիան Ռուսաստանից 2.5 մլրդ դոլարի «Ս-400» զենիթահրթիռային համալիրներ է գնելու, այդ մասին հայտնել է ամերիկյան «Bloomberg» պարբերականը՝ հիմնվելով բարձրաստիճան թուրք պաշտոնյայի հաղորդած տվյալների վրա, ում անունը գաղտնի է պահվում:
Պաշտոնյայի խոսքերով ռուս-թուրքական նախնական համաձայնությամբ Թուրքիան արդեն հաջորդ տարի Ռուսաստանից կստանա երկու «Ս-400» հրթիռային համալիրներ (շուրջ երկու տասնյակ միավոր տեխնիկա), ևս երկուսն էլ կարտադրվի Թուրքիայում:
Այստեղ ավելի կարևոր է, ինչպես և շեշտում է թուրք պաշտոնյան, տեխնոլոգիաների փոխանցումը: Դրանով Թուրքիան հնարավորություն կունենա արտադրել սեփական հրթիռային պաշտպանության համակարգը, որը մրցունակ կլինի ողջ աշխարհում:
Ավելի վաղ՝ դեռ մայիսի 5-ին Ռուսաստանն առաջարկել էր Թուրքիան գնել «Ս-400» համալիրներ՝ մեկ դիվիզիոնի համար վճարելով 500 մլն դոլար, այդ ժամանակ Անկարայի բանակցային գլխավոր նպատակներից մեկն էր ստանալ տեխնոլոգիան և համատեղ արտադրություն իրականացնել, ինչն այժմ կարծես իրողություն է դառնում (կարդացե՛ք. «Ռուս-թուրքական ռազմական համագործակցություն. Անկարան կարող է գնել ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգեր»):
Հետաքրքիր հանգամանքներից մեկն այն է, որ 2,5 մլրդ դոլարի առյուծի բաժինը՝ 1,5 մլրդ դոլարը Ռուսաստանի կողմից վարկ է տրամադրվելու տրամադրվելու Թուրքիային: Այսինքն եթե դիտարկոմ ենք, որ Ռուսաստանին անհրաժեշտ է իր զենքը վաճառել ծանր վիճակում հայտնված տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելու համար, անհիմն է, Մոսկվան ուղղակի անտրամաբանական գործարքի է գնում:
Ուղղակի զարմանալի է Մոսկվայի անհեռատեսությունն Անկարայի հարցում, ինչպես կարելի է փոխանցել սեփական ավանգարդային պաշտպանական տեխնոլոգիաները մի երկրի, որի հետ պատմության ընթացքում բազմաթիվ պատերազմներ են եղել, որը Ռուսաստանի համար հիմնական ռազմաքաղաքական սպառնալիք հանդիսացող ՆԱՏՕ-ի անդամ է:
Թուրքիան նաև այն երկիրն է, որը 2015 թվականին խոցեց ռուսական կործանիչն, ու այդ իրադարձություններից երկու տարի անց Ռուսաստանն այդ պետությանն իր ռազմական կարևորագույն տեխնոլոգիաներն է փոխանցում: Եթե Մոսկվան ակնկալում է, որ արդյունքում Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները կտուժեն, սխալվում է, Անկարան երբեք չի փոխարինի Արևմուտքը Ռուսաստանով:
ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ՄԵՐԺՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ՈՒՂԻՆ.
Այս երկու երկիրն էլ Արևմուտքի կողմից որոշակիորեն «պատժված են», նրանցից պահանջվում է ամբողջական հնազանդություն, որին Մոսկվան ու Անկարան այնքան էլ համաձայն չեն:
Ռուսաստանը չափազանց մեծ է ու հսկայական ներուժ ունի, ուստի չի կարող իրեն թույլ տալ սատելիտային կարգավիճակով խոնարհվել ԱՄՆ առջև, այստեղ իր խոսքն է ասում երկրի խորհրդային և անգամ ցարական ինքնուրությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո շարքային ռուսաստանցին և էլիտան վերջնականապես համոզվեց, որ Արևմուտքը ամենևին էլ չի ցանկանում իր շարքերում տեսնել «բարգավաճող» Ռուսաստան, ուստի սեփական ճանապարհը միակ այլընտրանքն էր: Եվրասիական տնտեսական միության ձևավորումը խորհրդային գերտերության վաղեմի փառքի վերադարձման նախաքայլն է, որին ինքնին սվիններով պետք է ընդունվեր Արևմուտքի կողմից:
Թուրքիան թեև գլոբալ մակարդակով չի կարող այլընտրանք լինել Արևմուտքին, սակայն տարածաշրջանային համակարգում կրկին բավականին մեծ ամբիցիաներ ունի, ինչը պետք է համադրել Արևմուտքի շահի հետ: Քեմալական «լաիցիզմի» դոկտրինով առանջնորդվող Թուրքիան երազում էր ինտեգրվել արևմտյան բարեկեցիկ հանրույթի շարքերը, սակայն մահմեդական Թուրքիային Եվրոպայում չեն սպասում: Այսօր Թուրքիան սեփական ուղու որոնման ճանապարհին է:
Այդպիսով երկու տերություններ, մերժված ու հիասթափված լինելով Արևմուտքից, փորձում են գտնել արդի աշխարհաքաղաքական խաղատախտակին իրենց տեղը, ուստի ամենևին էլ տարօրինակ չէ, որ փորձում են նաև համագործակցության եզրեր գտնել:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՌԸ ՓՈՐՁԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ.
Ներկա իրավիճակը հիշեցնում է 1920-ական թվականների առաջին կեսը, մի տարբերությամբ Վլադիմիր Լենինի փոխարեն Պուտինն է, իսկ Մուստաֆա Քեմալի փոխարեն՝ Էրդողանը: Պատմության փորձը ցույց տվեց, որ Թուրքիան, շրջվելով Արևմուտքից, արևելքում ձեռք բերեց հավանական դաշնակից՝ ի դեմս բոլշևիկների:
Ռուս-թուրքական հնարավոր փոխգործակցությունն իրական աղետ կլիներ Արևմուտքի համար, ուստի վերջինս Թուրքիայի հարցում սկսեց գնալ զիջումների. արդյունքում մոռացվեց Սևրի պայմանագիրը, արդյունքում մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանը:
Սակայն մինչ այդ էլ Ռուսաստանն էր հնարավորինս ամեն ինչով փաղաքշում Թուրքիային, ինչի արդյունքում ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը, որով Հայաստանը պարփակվեց կենաց մահու 30 հազար քկմ մեջ՝ կորցնելով Կարսն ու Նախիջևանը:
Այսինքն պատմությունը մի դաս է տվել՝ ռուս-թուրքական համագործակցությունից տուժում է հայ ժողովուրդը: Ներկայում էլ Թուրքիային հաճոյանալու արժեքը կարող է լինել Արցախի անկախությունը: