Հայաստանի դե յուրե «անկախ» հանրապետության զարգացման տեսլականը
Անկախ Հայաստանի գաղափարը դարեր շարունակ հայ ժողովրդի բաղձալի երազանքն է եղել, ինչը, դառնալով իրականություն, կորցրել է իր արժեքն ու կարևորությունը:
Արդեն քառորդ դար մենք ունենք պետականություն, որը թերևս դե յուրե անկախ է, որովհետև իրական անկախությունը ոչ ոք սկուտեղի վրա չի հրամցնում:
Մեր երկիրը դարձավ անկախ ոչ թե մեր ազգային-ազատագրական պայքարի արդյունքում, այլ դուալիստական աշխարհակարգի փլուզման ու գերտերություններից մեկի կազմաքանդման արդյունքում: Իսկ այդ համատեքստում Հայաստանն ունի միայն կցորդային կարգավիճակ, այսինքն աշխարհաքաղաքական ռեգիոնալ կամ գլոբալ դերակատարների կից գործող երկիր է, որը չունի ինքնուրույն զարգացման տեսլական: Անկախությունն առաջնահերթ ենթադրում է ինքնուրույնություն, մինչդեռ Հայաստանը վասալային կարգավիճակ ունեցող երկիր է:
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ.
Վասալ չլինելու համար պետք է ունենաս կենսունակ պետություն, գերմանացիների բնորոշմամբ «Lebensraum» («կենսական տարածք»), իսկ ինչ ունենք մենք այսօր:
Հայաստանի Հանրապետությանը 29.743 քկմ տարածք, որին կարող ենք հավելել Արցախի 11.458 քկմ տարածքը, ընդհանուր առմամբ հայ ժողովրդի վերահսկողության տակ է 41,2 հզր քկմ տարածք: Մենք չունենք ելք դեպի ծով, այսինքն գլոբալ շուկա դուրս գալու մեծ խնդիր ունենք, միջնորդավորված ենք այլ երկրներով: Հայկական երկու հանրապետությունների առկա բնակչությունը հազիվ 3 մլն է, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը: Սակայն անգամ այդ փոքր բնակչությունը ինքնառեալիզացման բավարար հնարավորություններ չեն ստեղծել, դրանից բխում է տարեկան տասնյակ հազարների հասնող արտագաղթը: Ամենացավալին այն է, որ մենք չունենք լուրջ արտադրություն, համաշխարհային տնտեսության համար բացարձակ կարևորություն չունենք, Հայաստանը տալիս է գլոբալ ՀՆԱ-ի ընդամենը 0,015 տոկոսը:
Եթե անգամ Հայաստանն այսօր ունենար իր ներուժի տասնապատիկը, այսինքն 400 հազար քկմ տարածք (Հայկական լեռնաշխարհի մեծությամբ), 30 մլն բնակչություն և 100 մլրդ դոլարի ՀՆԱ, աշխարհի երկրների ցանկում հազիվ 60-րդ հորիզոնականում լինեինք: Այսինքն ինքնաբերաբար հասկանալի է, որ ինքնուրույն զարգացման ճանապարհ չունենք, ստիպված ենք համագործակցել այս կամ այն տերության հետ:
ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ.
Փոքր ժողովուրդների անկախությունն այսօր ենթադրում է միայն սյուզերենի ընտրության հնարավորություն: Շուրջ 200 տարի առաջ մեր ժողովուրդը կողմնորոշվեց դեպի մոսկովյան վասալիտետը. ռուսների կողքին պայքարեցինք թուրքերի և պարսիկների դեմ հանուն Ռուսաստանի տարածքային էքսպանսիայի, իսկ հետևանքները բոլորին են պարզ:
Կրեմլի գերապետության ներքո մենք ունեինք միայն ազգային-մշակութային ինքնավարություն՝ հանդիսանալով ռուսական «աշխարհապետություն» (աշխարհաքաղաքական կենտրոնի) մի փոքր մասը:
ԽՍՀՄ կազմաքանդումն ԱՄՆ հաղթանակն էր սառը պատերազմում, սակայն ի տարբերություն նախկինում ընդունելի գաղութատիրական տարածապաշտության քաղաքականության, այժմ տարածքը նվաճելու կարիք չկար: Ձևավորվում են այսպես կոչված «անկախ» պետություններ, որոնք այսպես, թե այնպես կարճ ժամանակահատվածում ու սեփական նախաձեռնությամբ դառնում են մետրոպոլիայի կամակատարները՝ հավատալով անկախ լինելու հեքիաթին:
Այսօր Հայաստանի անկախությունը հանգում է հերթական երկընտրանքին՝ Արևմուտք (եվրո-ատլանտյան ինտեգրացիա), թե Ռուսաստան (եվրասիական ինտեգրացիա), եթե ընտրություն չենք կատարում կարող ենք ավելի մեծ խնդրի բախվել՝ ռեգիոնալ տերությունների (Թուրքիա, Իրան) քաղաքական նկտրումներին:
Ռազմական, տնտեսական ու քաղաքական տեսանկյունից Հայաստանի ընտրությունն արդեն իսկ կատարված է (200-ամյա կուրսը չի փոխվել), սակայն Կրեմլի աշխարհաքաղաքական ազդեցությանը նվազմանը զուգահեռ, Հայաստանին աստիճանաբար մատուցվում է մյուս տարբերակը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ.
Հայաստանի համար մեր երկրի զարգացման լավագույն ուղին կլիներ «շվեյցարացման» մոդելը, սակայն այս պահին այն իրատեսական չէ: Դրա համար պետք է պետական իշխանությունների արմատական նախաձեռնողականությունն ու հայության միասնականությունը:
Անկախ այն բանից, թե որ «աշխարհապետության» ազդեցության գոտում ենք գտնվում, Հայաստանը կարող է զարգանալ՝ տնտեսություն ու մշակույթը գլոբալիզացիայի պայմաններում սահմաններ ու սահմանափակումներ չունի:
Ցավոք մենք մշակութաստեղծ ժողովրդը դարձել են մշակույթ սպառող (այս հարցում առավել անընդունելի է այլ երկրների հեռուստասերիալի «պետական քարոզը»), իսկ արարող ժողովրդը դարձել են օտարների ձեռքբերումները տեղայնացնող: Խնդիրն այնքան մտահոգիչ է, որ մեր պետությունը մեզ համար բացարձակ արժեք չունի, անգամ պաշտոնական այրերը Հայաստանը դիտարկում են ժամանակավոր աշխատավայր, որտեղ կարելի է գումար դիզել ու այլ երկրներում հանգիստ ապրել:
Պետականության ամրապնդման գործուն, ռադիկալ ու ցավոտ ռեֆորմներ այսօր չիրականացնելու դեպքում վաղը մենք կբախվեն անգամ այս փոքր հողակտորը կորցնելու վտանգին: Վերափոխումներին այլընտրանք չկա…