Իսրայելա-պաղեստինյան հակամարտության նախադրյալներն ու հիմնախնդրի միջազգայնացումը
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության նախահիմքերը
Արաբա-իսրայելական հակամարտության պատմական արմատները բավականին խորն են, իսկ դրա փաստացի մեկնարկը 1948 թվականին էր, երբ արաբա-իսրայելյան հակասությունը վերածվեց բաց բնույթ կրող պայքարի:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին դեռևս Օսմանյան կայսրության կազմի մեջ գտնվող Պաղեստինի նկատմամբ հավակնություն ի ցույցաբերեց սիոնիզմը, ինչը Եվրոպայում ապրող հրեաների մասնակցությամբ շարժում էր: Սիոնիզմի առաջացումը հիմնականում պայմանավորված էր Եվրոպայում հակասեմիտիզմի տարածման հետ, դրա համար Եվրոպայի հրեական համայքների ներկայացուցիչները հարկադրված էին միավորվել ընդհանուր սպառնալիքի դեմ:
Այս շարժման կողմնակիցները՝ սիոնիստները, որոնցից լիդերներից մեկն էր լրագրող Ավստրի Թեոդոր Հերցլը՝ հայտնի «Հրեական պետություն» գրքի հեղինակը, գտնում էր, որ ողջ աշխարհով սփռված հրեաները իրենցից ներկայացնում են «միասնական հրեական ժողովուրդ», որը պետք է հավաքվի իրենց նախնիների հայրենիքում, այսինքն Պաղեստինում: Դրանից բացի սիոնիստները հայտարարեցին, որ Պաղեստինը ողջ աշխարհի հրեաների «հոգևոր և ազգային կենտրոնն է»՝ «Իսրայելի երկիրը» և հենց այդտեղ պետք է վերականգնվի Հրեական պետությունը:
Միայն այդ ճանապարհով, ըստ սիոնիստների կարող էր լուծվել հրեական հարցը, որի արդիականությունը Եվրոպայում այդ ժամանակ ակնհայտ էր: Ըստ այդմ սիոնիզմի առաջացման հենց սկզբից դրա կարևորագույն մասն էր քաղաքական սիոնիզմը՝ այսպես կոչված տերիտորիալիզմը[1]:
Սիոնիզմի գաղափարախոսությունը իրենից ներկայացնում է հրեական ատվածաբանության, տարաբնույթ բուրժուական փիլիսոփայական դոկտրինների, մանրբուժուական սոցիալիզմի գաղափարների համադրություն, հենց այդ միաձուլվածքը հնարավորություն տվեց ստեղծելու բավականին ամուր հայեցակարգ, որը իր հերթին 19-րդ դարի վերջերից լայն տարածուրմ գտավ եվրոպական երկրների հրեաների շրջանում[2]:
1897 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքում տեղի ունեցավ Սիոնիստական առաջին կոնգրեսը, որի ժամանակ հիմնվեց Սիոնիստական կազմակերպություն (1960 թ. այն կոչվել է Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն[3]), որը իր շարքերում միավորեց սիոնիստներին: Այն իր առջև նպատակ դրեց բոլոր հրեաներին վերաբնակեցնելու Պաղեստինում և նրա տարածքում անկախ Հրեական պետության ձևավորումը: Սիոնիստական կազմակերպությունը ղեկավարում էր սիոնիստների հոգևոր լիդեր Թ. Հերցլը:
Սիոնիստական կազմակերպությանը հովանավորում էին ժամանակի խոշորագույն հրեա ձեռնարկատերերը, ինչպես Ռոտշիլդները, Մորգանները և այլք: Որոնց օժանդակությամբ 1901 թ. ստեղծվեց Հրեական ազգային հիմնադրամը, որը զանգվածային տեղափոխություններ իրականացրեց հրեաներին դեպի Պաղեստին, այնտեղ նրանց մշտական բնակեցման համար: Այդ ընթացքում Պաղեստինում տեղի էր ունենում ժամանող հրեաների համար հողատարածքների գնում, իսկ ավելի ուշ սկսեցին հայտնվել առաջին հրեական բնակավայրերը, այդ թվում նաև գյուղատնտեսական կոմունաները (այսպես կոչված կիբուցները[4]):
1882 թ. տեղի ունեցավ թվով առաջին այսպես կոչված «ալիան»՝ «հրեաների վերադարձը Ավետյաց երկիր», այսինքն հրեաների միգրացիան դեպի Պաղեստին, ուր այդ ժամանակ ապրում էին ընդամենը 25 հազար հրեաներ: Արդեն իսկ 1914 թ. Պաղեստինում հեաների ժամանակը հասնում էր 85 հազարի:
Առաջին աշխարհամարտի տարիներին Պաղեստինը ռազմական թատերաբեմ էր մի կողմի թուրք-գերմանական ուժերի, մյուս կողմից բրիտանական զորքերի միջև; ի վերջո օկուպացվեց Մեծ Բրիտանիայի կողմից: Այդ ժամանակ հրեաների միգրացիան գրեթե դադարել էր:
Սակայն Մեծ Բրիտանիան փորձեց լուծել հրեական հարցը: Սկզբնապես համաձայն Սայկս-Պիկոյի պայմանագրի, որը իրենից ներկայացնում էր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքված գաղտնի համաձայնագիր, որը վվերաբերում էր Օսմանյան կայսրության բաժանմանը (1916 թ.)[5], Պաղեստինը պետք է դառնար միջազգային գոտի, սակայն մի շարք խնդիրների առկայության պատճառով այդպես էլ դա չեղավ:
1917 թ. նոյեմբերի 2-ին հրապարակվեց այսպես կոչված Բալֆուրի հռչակագիրը[6]: Որում պաշտոնապես ֆիկսվեց հրեաների ձգտումը Պաղեստինում անկախ հրեական պետություն ձևավորելու առումով: Մեծ Բրիտանիան կողմ արտահայտվեց, որ Պաղեստինում ձևավորվի «հրեական ժողովրդի համար ազգային օջախ»:
Սակայն Սան-Ռեմոյի վեհաժողովում (1920 թ.) Անտանտի Գերագույն խորհուրդը Պաղեստինի մանդատը հանձնեց Մեծ Բրիտանիան, որն էլ հաստատվեց Ազգերի լիգայի կղմից 1922 թ.: Պաղեստինի մանդատի մասին տեքստում ներառվեց նաև Բալֆուրի հռչակագիրը[7]:
Դրանից հետո, երբ Մեծ Բրիտանիան հաստատեց իր գերակայությունը Պաղեստինում և գրավեց բոլոր կարևորագույն դիրքերը, նա փաստացիորեն օժանդակեց հրեաների լայնածավալ միգրացիային դեպի Պաղեստին:
Հենց Առաջին համաշխարհային պատերազմից հետոդեպի Պաղեստին հրեական միգրացիան վերսկսվեց, դրա չափերը բավականին պատկառելի էին: Մեծ թվով հրեաներ եկան Արևելյան Եվրոպայից, ուր ուժեղացել էր հակասեմիտիզմը:
1933 թ. Գերմանիայում իշխանության եկան ֆաշիստները (նացոիանալ-սոցիալիստները), որի վարած քաղաքականության պատճառով էլ ավելի մեծ թափ ստացավ հրեաների գաղթը դեպի Պաղեստին («հինգերորդ ալիա»):
1939թ. հրեաների թիվը Պաղեստինում հասավ 467 հազարի: Բրիտանական մանդատի շրջանում (1922-1948թթ.) Պաղեստինում բնակչության մարդահամար է անցկացվել երեք անգամ, և հրեաների աճման միտումն ակնհայտ էր: 1922 թ. հրեաները կազմում էին շուրջ 84 հազար մարդ, իսկ արաբները՝ 590 հազար: 1931 թ. հրեաների թիվը հասավ 175 հազարի, իսկ արաբներինը՝ 760 հազարի: Իսկ արդեն 1945 թ. հրեաները կազմոմ էին 553 հազար, իսկ արաբները՝ 1060 հազար:
1920 թ. Պաղեստում առաջացել էր հրեաներից կազմված ռազմականացված «Հագանահ» կազմակերպությունը, ժամանող հրեաներին պաշտպանելու նպատակով[8]:
1929 թ. Մեծ Բրիտանիայի իշխանությունները թույլատրեցին ստեղծել Պաղեստինում «Հրեական գործակալություն»[9], որը կառավարչական գործառույթներ ուներ էմիգրացիայի ու գաղութացման հարցերում, ինչպես նաև արդյունաբերության ու առևտրի բնագավառում:
Արաբական բնակչությունը փաստացիորեն չէր մասնակցում Պաղեստինի կառավարմանը: 1920-1939 թթ. Մեծ Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականությունը հիմնականում կառուցվում էր սիոնիստների հետ համագործակցության հենքով, որոնք էլ իրենց հերթին Մեծ Բրիտանիայի կողմից օգտագոևծվում էին արաբական ազգային-ազատագրական շարժման դեմ:
Այդպիսի պայմաններում Պաղեստինում արաբների շրջանում 1920, 1929, 1933, և 1936-1939 թթ. տեղի ունեցան ընդվզումներ: Վերջին ընդվզումը նախևառաջ ուղղված էր աճող հրեական միգրացիայի դեմ, ինչպես նաև իրենց տները գրավելու դեմ: Հաճախ այդ անհանգստությունները վերածվում էին հրեաների ու արաբերի միջև բախումների:
Արաբական կողմի գործունեությունը համակարգում էր 1920 թ. ստեղծված Արաբական ազգային կոնգրեսը (այն 1936 թ. վերածվել է Բարձրագույն արաբական կոմիտեի):
Մեծ Բրիտանիայի մանդատի հաստատման դեմ առաջին ապստամբությունը տեղի ունեցավ 1920 թ. Երուսաղեմում և ստացավ «զատիկի» ապստամբություն անունը:
1929 թ. Երուսաղեմում արաբների ու հրեաների բախումից հետո սկսվեց Պաղեստինի երկրորդ ապաստամբությունը: Այդ ժամանակ ապստամբերի կարգախոսները դարձավ Մեծ Բրիտանիայի մանդատը Պաղեստինում չեղյալ հայտարարելու պահանջը, ինչպես նաև պաղեստինցիներին ազգային անկախություն տրամադրելու, բայց ամենակարևորը դեպի Պաղեստին հրեական միգրացիայի դադարեցումը: Քանի որ դրա արդյունքում սիոնիստները նորանոր տարծքներ էին յուրացնում: Այս ապստամբության կենտրոնները մեկ շաբաթում բրիտանական զորքերի կողմից վերացվեցին, որից հետո ապստամբ պաղեստինցիներին օգնության շտապեցին հազարավոր կամավորներ Եգիպտոսից, Տրանսհորդանանից (ժամանակակից Հորդանան), Սիրիայից և Լիբանանից: Սակայն 1929 թ. սեպտեմբերին ամեն դեպքում ապստամբություն ճնշվեց[10]:
1933 թ. Պաղեստինում նկատվեց արաբների ազգային-ազատագրական շարժման նոր աճ, սակայն կրկին ճնշվեց Բրիտանական զորքերի կողմից:
Իսկ արդեն 1936 թ. Պաղեստինի արաբական բնակչությունը սկսեց համընդհանուր ապստամբություն, այսպես կոչված «Մեծ ապաստամբություն»[11]: Շուտով գրեթե ողջ Պաղեստինը ընդգրկվեց պարտիզանական պատերազմի մեջ: Միայն 1939 թ. աշնանը հաջողվեց ճնշել ապստամբությունը՝ օգտագոչծելով բրիտանական բանակի զորակազմերը:
Արաբեների ու հրեաների միջև հակասությունը բարդանում էր, իսկ Մեծ Բրիտանիան՝ որպես Պաղեստինի մանդատին տիրող երկիր, այդ իրադարձությունների կենտրում էր: Նշված ապստամբությունները բրիտանական իշխանությունների հայացքը ուղղեցվին Պաղեստինի վրա:
Մեծ Բրիտանիան մի քանի անգամ փորձեց լուծել հակամարտությունը, բանակցությունների միջոցով, հրովարտակներ, ծրագրեր ներկայացնելով: Մի տարբերակում առաջարկում էր երկիրը բաժանել երե մասի (անգլիական, արաբական և հրեական), մեկ այլ տարբերակում՝ երկու մասին, իսկ երրորդում՝ ձևավորել միասնական պետություն: Սակայն այս առաջարկներից ոչ մեկը հավանության չարժանացավ հակամարտող կողմերի համար և կյանքի չկոչվեց[12]:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ սիոնիստները ԱՄՆ օժանդակությունը ստացան, թեև կորցրեցին անգլիական աջակցությունը: 1942 թ. Նյու Յորքում տեղի ընդունվեց «Բալտիմորյան» ծրագիրը[13] (ըստ այն հյուրանոցի անունից, ուր տեղի էր ունենում սիոնիստական վեհաժողովը): Համաձայն դրա նախատեսվում էր անց կացնել իր մասշտաբներով սահմանափակում չունեցող հրեական միգրացիա դեպի Պաղեստին, ինչպես նաև այնտեղ «ինքնուրույն հրեական միություն» ստեղծել:
Այդ շրջանում ԱՄՆ-ը սկսեց ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի վրա, որպեսզի նա փոխի իր դիրքորոշումը հրեական ներգաղթի վերաբերյալ: Այսպես 1945 թ. ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միացյալ հանձնաժողովը Տրումենի ազդեցությամբ թույլատրեց Պաղեստինի տարածք մտնել միաժամանակ 100 հազար հրեաների:Այս ամենը խոսում է այն մասին, որ Պաղեստինին վերաբերող խնդիրները, որոնց չլուծվածությունը միայն սրում է Մերձավոր Արևելքի իրավիճակը, ավելի ու ավելի արդիական էր դառնում:
Իսկ արդեն Երկրորդ աշխարհամարտից հետո, հատկապես 1947 թ. մեծ ծավալի հասավ դեպի Պաղեստին ներգաղթողների քանակությունը: Արդեն իսկ 1948 թ. կեսերին Պաղեստինում բնակվում էին շուրջ 650 հազար հրեաներ:
Հակամարտության Երկրորդ աշխարհամարտից հետո, հիմնախնդրի միջազգայնացումը
Երկրորդ աշխարհամարտը աղետալի ազդեցություն էր ունեցել հրեաների վրա, տեղի էր ունեցել հրեաների Հոլոքոստը, շուրջ 6 մլն մարդ էր զոհ գնացել նացիստների բռնությանը: Իսկ կենդանի մնացած հրեաները տեղակայվել էին հատուկ ճամբարներում[14]: Այդ տեղակայվածների զգալի մասն այլևս չէր ցանկանում վերադառնալ այն երկրներ, ուր առաջ էին ապրում, այլ ուզում էին լքել Եվրոպան: Այս ամենը աջակցություն էր գտնում է Արևմուտքի երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից: Այդ զանգվածը շարժվեց դեպի ԱՄՆ, Կանադա, անգամ Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, ինչպես նաև Մերջավոր Արևելք՝ Պաղեստին:
1948 թ. կեսերից հետ երեք տարում Պաղեստին ժամանեցին ևս 530 հազար հրեաներ: Ի դեպ նրանք ոչ միայն Եվրոպայի երկրներից էին, այլև Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներից ու Մերձավոր Արևելքից: Բավական մեծ թվով հրեաներ գաղթեցին նաև ԽՍՀՄ-ից:
Այս ամենը չէր կարող չհանգեցնել արաբների հետ բախումների: Սկզբում դրանք այնքան էլ հաճախ չէին, ապա սկսեցին զանգվածային բնույթ կրել: Իրավիճակը սրվում էր նաև նրանով, որ սիոնիստները Մեծ բրիտանական իշխանությունների հանդեպ տեռորի էին դիում[15]:
Արդյունքում Մեծ Բրիտանիայի կառավարությունը հարկադրված էր գնալու պաղեստինյան հարցի առումով հանձնաժողովի ստեղծման, դա տեղի ունեցավ 1945 թ. նոյեմբերին: Հանձնաժողովն առաջարկում էր բրիտանական մանդատը երկարացնել մինչև արաբների ու հրեաների միջև հարաբերությունների կարգավորումը:
Անհաջողության մատնվեց նաև հանձնաժողովի պլանը, որը նախատեսում էր վերաբնակեցնել արաբներին ու հրեաներին առանձին ինքնավար շրջաններում, որոնք կմնային ամբողջական պետության մասեր:
Մեծ Բրիտանիայի դիրքերը գնալով էլ ավելի էր թուլանում, արդյունքում հրեաներն ու արաբները հակված էին արագորեն ազատվել բրիտանական մանդատից: Իսկ այդ կողմերի միջև հակամարտությունը էլ ավելի էր խորանում:
Նման իրավիճակում բրիտանական կառավարությունը որոշեց Պաղեստնի հարցի քննարկումը հանձնել միջազգային հանրությանը` ի դեմս ՄԱԿ-ի: Մեծ Բրիտանիան 1947 թ. ապրիլի 2-ին դիմեց ՄԱԿ-ին Գլխավոր Ասամբելայի նիստ կազմակերպելու համար, որպեսզի քննարկվեր պաղեստինյան հարցը[16]:
ՄԱԿ-ի 1947 թ. մայիսին հրավիրված Գլխավոր ասամբելայի առաջին հատուկ նստաշրջանը, որը վերաբերում էր Պաղեստինի խնդրին, որոշում ընդունեց Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողով ձևավորել[17], որը կազմված էր 11 երկրներից: Այն քննարկելու էր Պաղեստինի հետ կապված բոլոր հարցերը և առաջարկելու էր լուծումներ:
Ի վերջո հանձնաժողովը գլխավոր ասամբլեային ներկայացրեց երկու ծրագիրը.
- Նախատեսում էր բաժանել Պաղեստինը երկու անկախ պետությունների` արաբական և հրեական, իսկ Երուսաղեմը ՄԱԿ-ի կառավարմամբ միջազգային հատուկ ռեժիմի ներքո առանձին միավոր կլիներ: Արաբկան, հրեական անկախ պետություններն ու Երուսաղեմը նախատեսվում էր միավոչել «Տնտեսական միության» մեջ:
- Իսկ հանձնաժողովի փոքրամասնությունը առաջարկում Պաղեստինի տարածքում ձևավորել դաշնային պետություն, որը կմիավորեր արաբական և հրեական բնակչությանը, մայրաքաղաքն էլ կլիներ Երուսաղեմը:
Արդյունքում 1947 թ. նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների երկու երրորդով ընդունեց № 181 բանաձևը, որը վերնագրված էր որպես «Տնտեսական միության հենքով բաժանման պլան»[18]:
Դրանով նախատեսվում էր չեղյալ հայտարարել բրիտանական մանդատը և ձևավորել երկու անկախ պետություններ: Արաբական երկրի տարածքը կազմելու էր 11,1 հազար քկմ, իսկ հրեականը` 14,1 հազար քկմ: Պաղեստինի բնակչությունը, որն այդ ժամանակ հասել էր 1845 հազարի, պետք է բաշխվեր հետևյալ կերպ. Արաբական պետության մեջ 725 հազար արաբ և 10 հազար հրեա, հրեականում` 498 հազար հրեա և 407 հազար արաբ:
Իր հերթին Երուսաղեմ քաղաքը (Պաղեստինի տարածքի 1 տոկոսը) պետք է վերածվեր ինքնուրույն վարչական միավորի` հատուկ միջազգային ռեժիմով` նպատակ ունենալով պաշտպանել Երուսաղեմում գտնվող հուդայական, քրիստոնեական և իսլամական կրոնների սրբավայրերը: Այստեղ պետք է ապրեին 100 հազար արաբներ և նույնքան հրեաներ:
1948 թ. օգոստոսի 1-ին նախատեսված էր անգլիական զորքերի դուրսբերման ժամկետը, որից երկու ամիս անց հռչակվելու էր երկու պետությունների անկախությունը:
1948 թ. հունվարին համաձայն նույն բանաձևի ձևավորվեց ՄԱԿ-ի Պաղեստինյան հանձնաժողովը: Մերձավորարևելյան հակամարտության նմանատիպ կարգավորում շուտով պարզ դարձավ, որ խաղաղություն չբերեց, էլ ավելի սրեց իրավիճակը տարածաշրջանում[19]:
Խնդիրն այն էր, որ ՄԱԿ-ի բանաձևով երկրների սահմանները չափազանց անհաջող էին, քանի որ բաժանված էին մի քանի շրջաններից, Պաղեստինի ինֆրակառուցվածքները բաժանվեցին:
Սակայն բանաձևը ոչինչ չտվեց, ավելին այդ շրջանում բազմաթիվ հրեաներ ու արաբներ զոհվեցին: Իրավիճակը գնալով վատթարանում էր, ուստի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրավիրեց Գլխավոր ասամբելայի հատուկ նստաշրջան: 1948 թ. ապրիլին 17-ին Անվտանգության խորհուրդը կոչ արեց հրաժարվել Պաղեստինում ռազմական և կիսառազմական գործողություններից: Ապրիլի 23-ին ձևավորվեց հաշտեցման հարցող հանձնաժողով, որը միջնորդ էր հանդես գալու հակամարտողների միջև, սակայն կրկին ապարդյուն:
1948 թ. մայիսի 15-ին Մեծ Բրիտանիան ժամանակակից շուտ վայր դրեց Պաղեստինի մանդատ և դուրս բերեց իր զորքերը:
Միաժամանակ մայիսի 14-ին լույս 15-ի գիշերը Թել Ավիվում միակողմանիորեն հռչակվեց անկախ Հրեական հանրապետություն՝ Իսրայել[20]: Իսրայելի կառավարության գլուխ դարձավ երկրի առաջատար քաղաքական գորխիչներից Դավիդ Բեն Գուրիոնը:
Իսրայելի անկախության հռչակումից մի քանի ժամ անց Մերձավոր Արևելքում բռնկվեց արաբա-իսրայելական (Պաղեստինյան) առաջին պատերազմը 1948-1949թթ.: Նոր ձևավորված Իսրայելի տարածք մտան հարևան արաբական երկրների՝ Եգիպտոսի, հորդանանի, Սիրիայի և Լիբանանի զորքերը: Դրանից բացի Իսրայելի հետ պպաերազմական վիճակում էր նաև Իրաքը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի հետ, վերջիններս ռազմական գործողություններին չեն մասնակցել[21]:
Այս վիճակում մերձավորարևելյան գործերի մեջ ներգրավվեց ՄԱԿ-ը: Նա դատապարտեց արաբական երկրների գործողություննեըր, նրանց «որակելով» որպես ագրեսոր: Անվտանգության խորհրդի կոչով մայիսի 29-ին զինադադար եղավ: ՄԱԿ-ը հանդես եկավ որպես իջնորդ և միջազգային ռազմական դիտորդներ ուղարկեց տարածաշրջան, սակայն կրկին արդյունք չարձանագրվեց: Հուլիսի 8-ին ռազմական գործողությունները վերսկսվեցին:
Իսրայելն անցավ հարձակման, որի արդյունքում գրավվեց Պաղեստինի տարածքի զգալի մասը՝ գրավելով Պաղեստինյան 6,7 հազար քկմ տարածություն:
Այդ ժամանակ Իսրայելին աջակցում էին և՛ ԽՍՀՄ-ը, և՛ ԱՄՆ-ը, ովքեր դեռ մայիսի 15-ին ընդունել էին Իսրայել պետության գոյությունը:
Հուլիսի 15-ին Անվտանգության խորհուրդը նոր բանաձև ընդունեց՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Հուլիսի 18-ին երկրորդ զինադադարը տեղի ունեցավ, մինչև հոկտեմբերի 15:
Սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ի միջնորդական հանձնաժողովի դեղավար Ֆ. Բերնադոտը սպանվեց, նրա փոխարեն նշանակվեց ամերիկացի Ռալֆ Բանչը:
Ռազմական գործողությունները վերսկսվեցին, որի արդյունքում մինչև 1949 թ. հուլիսի 20-ը Իսրայելը գրավեց նաև արաբական պետության համար նախատեսված այլ շրջաններ: Այդպիսով Իսրայելը բավականին համոզիչ հաղթանակի հասավ, Իսրայելը իր վերահսկողությունը հաստատեց նաև Երուսաղեմի արևմտյան հատվածում: Պաղեստին պետությունը այդպես էլ չձևավորվեց, Եգիպտոսը վերահսկում էր Գազայի հատվածը, իսկ Հորդանանը՝ Հորդանան գետի արևմտյան ափը[22]:
1949 թ. փետրվար-հուլիս ամիսներին Հռոդոս կղզում ՄԱԿ-ի միջնորդությամբ բանակցություններ էին վարվում, արդյունքում ստորագրվեց զինադադար Իսրայելի և մարտնչող արաբական երկրների միջև:
Ձևավորվեց զինադադարի դեմարկացիոն գիծ, որը ստացավ «կանաչ գիծ» անվանումը, ինչպես նաև ապառազմականացված գոտի դրա երկայքով:
Իսրայելյան զորքերի կողմից Պաղեստինի տարածքի գրավումը իր հետ բերեց զգալի թվով պաղեստինցիների բռնի գաղթ, շուրջ 950 հազար պաղաեստինցիներ տեղափոխվեցին հորդանան գետի արևմտյան ափ և Գազա: ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն սկսեց հատկացնել այս գաղթականների խնդրին, անգամ ձևավորվեց դրանց գործերով հատուկ հանձնաժողով[23]: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան բանաձև ընդունեց պաղեստիցիներին ետ վերադառնալու համար: Հետագայում բանակցությունների ընթացքում արաբական կողմը որպես հակամարտության հանգուցալուծման առաջին քայլ դիտարկում էր գաղթականների վերադարձը, մինչդեռ Իսրայելը նախ ցանկանում էր սահմանների հստակեցում:
Իսկ արդեն 1949 թ. մայիսի 11-ին Իսրայելը դարձավ ՄԱԿ-ի անդամ: Այդպիսով արաբա-իսրայելական հակամարտությունը էլ ավելի խրթին բնույթ ստացավ, որն էլ արդյունքն էր, որ հետագայում ևս հակամարտությունը շարունակվի:
Առաջին արաբա-իսրայելական պատերազմից հետո Իսրայելը սկսեց ընդգրկվել արևմուտքի ազդեցության գոտում: Իսրայելը մեծ չափերով ստանում էր օգնություն ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Ֆրանսիայից: ԱՄՆ-ը ակտիվացնում էր իր քաղաքականությունը մերձավորարևելյան տարածաշրջանում` հենվելով արաբական հակակոմունիստական վարչակարգերի և Իսրայելի վրա:
1955 թվականին այդ նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բաղդադյան պակտի կազմակերպությունը», որի մեջ մտան Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, Պակիստանը և մինչև 1960 թվականը Իրաքը[24]: Կազմակերպության պաշտոնական անվանումն էր «Միջինարևելյան Պաշտպանական Կազմակերպություն» (ՍԵՆՏՕ): Այն նախատեսված էր մերձավորարևելյան տարածաշրջանում կոմունիզմի դեմ պայքարելու համար:
1950-ական թվականների սկզբներից Մերձավոր Արևելքում հասունանում էր նոր ճգնաժամ, որը կապված էր 1952 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած հակամիապետական հեղափոխության հետ, որի արդյունքում զինված հեղաշրջմամբ իշխանության եկավ «Ազատ սպաներ» կազմակերպության առաջնորդ Գամալ Աբդել Նասերը: Եգիպտոսը հռչակվեց հանրապետություն, իսկ Նասերը 1954 թվականին հաստատվեց վարչապետի պաշտոնում` մեծ դեր խաղալով Եգիպտոսի պատմության մեջ: Եգիպտական նոր իշխանությունները որդեգրեցին հակաարևմտյան դիրքորոշում: Նասերը պահանջում էր Եգիպտոսից դուրս բերել բրիտանական զորքերը: Նա միաժամանակ ցանկանում էր հեգեմոն դիրք գրավել արաբական աշխարհում, ինչը Արևմուտքի սրտովը չէր:
Միաժամանակ Արևմուտքը հրաժարվում էր զենք մատակարարել Եգիպտոսին: Ահա այս պատճառներով եգիպտական նոր վարչակարգը թեքվեց դեպի Արևելք: 1955 թվականին Նասերը պայմանագրեր ստորագրեց սոցիալիստական երկրներից զենք ստանալու համար:
Միաժամանակ նա ակտիվորեն դարձավ չմիանալու շարժման առաջնորդներից մեկը: Նասերը դարձավ Իսրայել պետության ոչնչացման շարժման առաջնորդը, ինչն էլ ավելի սրեց արաբա-հրեական հակասությունները:
Եգիպտոսը փակեց Սուեզի ջրանցքը Իսրայելական նավերի համար և կտրեց հրեական պետությունը հարավային ծովերից` խանգարելով նաև Իսրայելի մյուս նավահանգիստների աշխատանքը: Իրավիճակն այն աստիճան սրվեց, որ 1955 թվականից սկսած Եգիպտոսը և Իսրայելը ակտիվորեն նախապատրաստվում էին պատերազմի:
Այդ նույն ժամանակ Նասերի մոտ առաջացավ մի ֆանտաստիկ մտահղացում: Նա առաջարկեց Նեղոս գետի վրա կառուցել Ասուանի ջրամբարտակը և հիդրոէլեկտրակայանը, որը միանգամից կարող էր լուծել Եգիպտոսի բոլոր տնտեսական խնդիրները` զարկ տալով և՛ գյուղատնտեսությանը, և՛ արդյունաբերությանը: Արևմտյան պետությունները մերժեցին Եգիպտոսին, բայց ահա ԽՍՀՄ-ը պատրաստակամություն հայտնեց օգնել այդ չտեսնված կառույցի և հիդրոէլեկտրակայանի շինարարության գործում` ինչպես մասնագետներով, այնպես էլ տեխնոլոգիաներով:
Արևմուտքի մերժումը շրջադարձային եղավ, որովհետև Նասերն իր հայացքը ուղղեց դեպի Սուեզի ջրանցքը: 1869 թվականին կառուցված այս ջրանցքը կապում է Միջերկրական և Կարմիր ծովերը` մի քանի անգամ կրճատելով Եվրոպայից դեպի Ասիա գնացող ճանապարհը: Սուեզի ջրանցքը հանդիսանում է աշխարհի ամենակարևոր գեոստրատեգիկ ուղիներից մեկը: Ջրանցքը պատկանում էր անգլո-ֆրանսիական մի ընկերության և հսկայական շահույթ էր բերում նրան: 1956 թվականին Նասերը հայտարարեց Սուեզի ջրանցքի ազգայնացման մասին: Այս ակտը հարուցեց Արևմուտքի դժգոհությունը: Իհարկե, Նասերը սկզբում պատրաստակամություն հայտնեց բանակցել անգլո-ֆրանսիական կողմի հետ` սեփականատերերին փոխհատուցում տալու համար, բայց բանակցությունները արդյունք չտվեցին[25]:
Արևմտյան պետությունները 1956 թվականին Եգիպտոսին հայտարարեցին տնտեսական բլոկադա: Նրանք հետ կանչեցին ջրանցքում աշխատող աշխատակազմին, որոնց շտապ կերպով փոխարինեցին սոցիալիստական երկրներից և ԽՍՀՄ-ից մեկնած մասնագետները: Ապա Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, և Իսրայելը սկսեցին նախապատրաստվել պատերազմի:
Մեծ Բրիտանիան ձգտում էր պահպանել իր դիրքերը նախկին գաղութում, Ֆրանսիան` հարվածել արաբական ազգային շարժումներին, որպեսզի վրեժխնդիր լինի Ալժիրին` արաբական աշխարհի կողմից ցուցաբերվող օգնության համար, որտեղ 1954 թվականից ծավալվել էր ազատագրական պատերազմ` ընդդեմ Ֆրանսիայի գաղութային տիրապետության: Առավել լուրջ նպատակներ ուներ Իսրայելը, որը, ջախջախելով Եգիպտոսին, ցանկանում էր շարքից հանել հակահրեական կոալիցիայի առաջատարին:
1956 թվականի հոկտեմբերին Փարիզում տեղի ունեցան գաղտնի բանակցություններ, որտեղ հենց Ֆրանսիան և Իսրայելը համաձայնեցրին Եգիպտոսի դեմ ռազմական գործողությունների պլանը, համաձայն որի` 1956 թվականի հոկտեմբերի 29-ին իսրայելական զորքերը սկսեցին իրենց հարձակումը Սինայի թերակղզու վրա և մոտեցան Սուեզի ջրանցքի արևելյան ափին: 1956 թվականի հոկտեմբերի 31-ին անգլո-ֆրանսիական ավիացիան ծովից և օդից սկսեց Եգիպտոսի ռմբակոծումները:
Նասերից պահանջվում էր եգիպտական զորքերը 15 կիլոմետր շառավղով հեռացնել ջրանցքի ափերից: Բնականաբար, Նասերը մերժեց այս պահանջը, որից հետո Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ձեռնամուխ եղան «Հրացանակիր» օպերացիայի իրականացմանը: Նոյեմբերի 5-ին նրանք ռազմածովային և ռազմաօդային դեսանտ իջեցրին` շրջափակելով Սուեզի ջրանցքի հյուսիսային ելքի մոտ գտնվող Պորտ-Սաիդ քաղաքը[26]:
Այդ պահին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Գլխավոր ասամբլեան մի բանաձև ընդունեցին` պահանջելով Եգիպտոսի տարածքից դուրս բերել բոլոր օտարերկրյա զորքերը: Այսպես ծավալվեց Սուեզի ճգնաժամը, որի հանգուցալուծման մեջ վճռական նշանակություն ունեցավ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Մի շարք պատճառներով ֆրանս-անգլո-իսրայելական հակաեգիպտական գործողությունները դժգոհություն էին առաջացրել ինչպես Մոսկվայում, այնպես էլ Վաշինգտոնում: ԽՍՀՄ-ը, որը ավանդաբար աջակցում էր ազգային-ազատագրական հակագաղութային շարժումներին, չէր կարող թույլ տալ Եգիպտոսի պարտությունը, որին բազմակողմանի օգնություն էր ցույց տալիս: Մյուս կողմից էլ Սպիտակ տանը դժգոհ էին, որ հակաեգիպտական կոալիցիայի պետությունները իրենց գործողությունները չէին համաձայնեցրել ԱՄՆ-ի հետ: Ամերիկյան իշխանությունները մեծապես անհանգստացած էին մերձավորարևելյան տարածաշրջանում և արաբական աշխարհում խորհրդային ազդեցության տարածման կապակցությամբ: ԽՍՀՄ-ի հեղինակությունը բարձրանում էր, որովհետև նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դրեց պատերազմը դադարեցնելու հարցը, սակայն Մեծ Բրիտանիան և Ֆրանիսան օգտագործեցին իրենց վետոյի իրավունքը:
Նոյեմբերի 5-ին ԽՍՀՄ կառավարությունը նոտաներ հղեց հակաեգիպտական կոալիցիայի պետություններին` սպառնալով հրթիռամիջուկային հարվածներով ջախջախել ագրեսորներին և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում: Բավականին խիստ էր նաև Վաշինգտոնի ճնշումը, որն անհանգստացած էր հատկապես նավթի խնդիրներով: Սուեզի ջրանցքի փակումը խափանել էր նավթի մատակարարումները դեպի Արևմտյան Եվրոպա, և Եվրոպայի հույսը մնացել էր միայն ամերիկյան նավթի պաշարները[27]:
Օգտագործելով այդ լծակը` ԱՄՆ-ը ստիպեց իր արևմտաեվրոպական գործընկերներին ենթարկվել Վաշինգտոնին: Նոյեմբերի 6-ին Էյզենհաուերը զանգահարեց բրիտանական վարչապետ Իդենին և ասաց, որ ԱՄՆ-ը կպահպանի ֆունտ ստերլինգի կուրսը, եթե Անգլիան դադարեցվի պատերազմը: Նույն օրը Իդենը հայտնեց Ֆրանսիայի վարչապետ Գի Մոլլեին, որ Անգլիան հրաժարվում է պատերազմից: Մնալով միայնակ` Ֆրանսիան նույնպես դադարեցրեց իր ռազմական գործողությունները[28]:
[1] Neuberger, Binyamin. Zionism — an Introduction, Israeli Ministry of Foreign Affairs, August 20, 2001 // http://www.mfa.gov.il/MFA/MFAArchive/2000_2009/2001/8/Zionism%20-%20an%20Introduction
[2] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 7-8:
[3] http://www.zionistarchives.org.il/ZA/pMainE.aspx
[4] http://www.eleven.co.il/article/12065
[5] Սայկս-Պիկոյի համաձայնագրի տեքստը տե՛ս http://www.genocide.ru/enc/sykes-pico.htm
[6] Բալֆուրի հռչակագիրը տե՛ս http://www.un.org/russian/peace/palestine/balfour.htm
[7] http://www.cfr.org/israel/san-remo-resolution/p15248
[8] http://www.britannica.com/EBchecked/topic/251461/Haganah
[9] Այն գործում է ինչև օրս տե՛ս պաշտոնական կայքը http://www.jewishagency.org
[10] http://www.camera.org/index.asp?x_context=2&x_outlet=118&x_article=1691
[11] http://www.newjerseysolidarity.org/resources/kanafani/kanafani4c.html
[12] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 11-14:
[13] http://www.mideastweb.org/biltmore_program.htm
[14] Հոլոքոստի մասին տե՛ս http://www.holocf.ru/
[15] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 16-17:
[16] http://www.un.org/ru/peace/palestine/part1.pdf
[17] http://www.un.org/russian/peace/palestine/booklet.htm
[18] http://www.liberty-people.narod.ru/p4.html
[19] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 20
[20] http://www.zionism-israel.com/his/Israel_war_independence_1948_timeline.htm
[21] Benny Morris. 1948 : a history of the first Arab-Israeli war. — Yale University Press, 2008. էջ 138-269:
[22] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 27-28:
[23] http://www.un.org/ru/peace/palestine/part10.pdf
[24] http://avalon.law.yale.edu/20th_century/baghdad.asp
[25] Бард, Митчелл Мифы и факты. Путеводитель по арабо-израильскому конфликту, пер. с англ. А. Курицкого — М. : Еврейское слово, 2007. — http://www.jewishvirtuallibrary.org/jsource/myths2/russian2006.pdf
[26] Տե՛ս նույն տեղում
[27] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 35-41:
[28] http://www.guardian.co.uk/world/2006/oct/31/worlddispatch.egypt