Ադրբեջանական զինված ուժերի չորս զորավարժությունները հունիս ամսվա ընթացքում. Բաքվի նպատակները
2017 թվականի հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանում զինուժի տարբեր զորամիավորներ մասնակցել ու մասնակցելու են ընդհանուր թվով չորս զորավարժության և վարժանքի:
Մայիսի 31-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորություններ հայեցակարգ» (Operational Capabilities Concept — OCC) ծրագրի շրջանակներում տեղի ունեցան Ադրբեջանի զինված ուժերի մոտոհրաձգային գումարտակի մասնակցության երկրորդ գնահատողական վարժանքները «Գարահեյբաթի» զորավարժարանում (Բաքվի մերձակայքում): Դրան մասնակցել են շուրջ 700 զինվորականներ, մինչև 80 միավոր զինտեխնիկա և 4 ուղղաթիռ:
Հունիսի 4-14-ին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ Թբիլիսիի մերձակայքում անց են կացվեց «Կովկասյան արծիվ — 2017» զորավարժությունները, ինչն անց է կացվում թվով երրորդ անգամ, նախկինում երկու անգամ զորավարժությունները եղել են Թուրքիայում:
Հունիսի 12-16-ին Նախիջևանում տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մարտավարական զորավարժություններ, որին մասնակցել են թվով մինչև 5 հազար զինվորականներ և ավելի քան 250 միավոր մարտական և հատուկ տեխնիկա:
Հունիսի 19-24-ին Ադրբեջանի զինված ուժերում կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ՝ այդ երկրի պաշտպանական գերատեսչության հայտարարմամբ «Զինված ուժերի մարտական պատրաստականությունը ստուգելու համար … Զորավարժություններին մասնակցելու են մինչև 23 հազար զինվորականներ, մինչև 120 միավոր տանկեր և զրահատեխնիկա, մինչև 180 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա—հրետանային միջոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր մարտական աավիացիա, ինչպես նաև որոշ քանակությամբ նոր ռադիոէլեկտրոնային հետախուզության և անօդաչու թռչող սարքերի»:
Առաջին հայացքից հարց է ծագում՝ ինչի համար մեկ ամսվա ընթացքում մասնակցել 4 զորավարժության, արդյոք դրանք ռազմական գործողությունների նախաքայլեր չեն:
Իրականում այս զորավարժություններից յուրաքանչյուրն իր կոնկրետ նպատակն է հետապնդում ու որևէ ձևով մյուսների հետ չի առնչվում:
Այսպես՝ ՆԱՏՕ-ի գնահատողական վարժանքը զուտ Դաշինքի գործընկերային ձեռնարկներից է և բացարձակ չի տեղադրվող Ադրբեջանի ռեգիոնալ մարտավարության հետ: «Կովկասյան արծիվ — 2017» զորավարժությունները Անկարա — Թբիլիսի – Բաքու ռազմական համագործակցության շրջանակներում են ու մասնավորապես Երևանի ու Ստեփանակերտի համար ոչինչ չեն ասում:
Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններն ավելի շուտ ցուցադրական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով նաև այդ անկլավի պայմանագրային հատուկ կարգավիճակը: Բայց և այնպես Հայաստանի համար որևէ մտահոգություն չեն առաջացնում:
Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում միայն Ադրբեջանի զինուժի լայնամասշտաբ զորավարժությունները, այս առումով կարևոր է դրանց անցկացման ժամանակահատվածը:
Զորավարժությունները մեկնարկում են այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնում են Ադրբեջան (հունիսի 19), իսկ ավարտվում են այն պահին, երբ Բաքվում կընթանա «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարը (հունիսի 23-25):
Ավելի շուտ զորահանդեսային նշանակություն ունեցող կայանալիք զորավարժություններում Բաքուն Մինսկի խմբին, կարծես, «ատամ է ցույց տալիս»՝ ակնարկելով, թե ինձանից բանակցային գործընթացի ակտիվացում չսպասեք (կարդացե՛ք. Արցախյան հակամարտության ստատուս-քվոյի վերանայման հավանականությունը): Իհարկե նման գործելակերպին ԵԱՀԿ միջնորդները պետք է հավուր պաշտաճի գնահատական տան:
Զորավարժությունների ավարտն ազդարարելով հունիսի 24-ին՝ Բաքուն նաև ցանկանում է հավելյալ ուշադրություն բևեռել Արցախի ուղղությամբ: Այսպես՝ Կասպից ծովում անցկացվող ռազմանավերի վարժանքները բնական հարց կառաջացնենք այցելուների և լրատվամիջոցների շրջանում, թե ինչ նպատակ են հետապնդում, այստեղ Բաքուն հնարավորություն կունենա միակողմանի գնահատականներով ու ապատեղեկատվության քարոզչությամբ ներկայացնել Արցախյան հիմնախնդիրը: Այս դեպքում «Ֆորմուլա-1»-ի մրցաշարը ոչ միայն Անդրկովկասյան բռնապետին փառաբանելու միջոց կլինի, այլև որոշակիորեն կծառայի Ադրբեջանի արտաքին քաղաքական պրոպագանդային: