Հայաստանի տնտեսության զարգացման հայտարարվող թիրախներն ու իրականությունը. Կառավարության ծրագրի տողատակային մեսիջները
2017 թ․ հունիսի 15-ին Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել է վերանշանակված կառավարության ծրագիրը, նիստի ավարտից հետո իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է հիմնական արդյունքները:
Հանրապետական կուսակցությունը կառավարության «հնգամյա» ծրագրի կոնկրետ թիրախներ է հնչեցնում, այսպես՝
— Տարեկան 5 տոկոս տնտեսական աճ,
— 5 տարում նվազագույն աշխատավարձի աճ 25 տոկոսով,
— 5 տարում գործազրկության նվազում 12 տոկոսով,
— «Դուինգ բիզնես»-ի ցուցակում Հայաստանի դիրքի բարձրացում մինչև 25-րդ հորիզոնական:
— Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի աճ (հասցնել տարեկան մոտ 3 միլիոն):
Շարմազանովը հատուկ շեշտեց, որ կառավարության ծրագրի հիմքում 2017 թ․ մայիսի 18-ին (վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին) նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային—հայեցակարգային ելույթն է: Ըստ երևույթին այս շեշտադրմամբ Հանրապետական կուսակցությունը հստակ «մեսիջ» է հղում հանրության, որ կառավարության գործունեության առաջիկա հինգ տարվա ընթացքում հենց Սերժ Սարգսյանն է լինելու դրա «իրական ճարտարապետը»՝ ֆորմալ, թե ոչ ֆորմալ:
Իսկ ի՞նչ էր շեշտում Նախագահն իր հայեցակարգային ելույթի ժամանակ, որո՞նք են մինչև 2040 թվականի թիրախային ցուցանիշները:
***
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ տարեկան պետք է ավելի բարձր լինի միջազգային միջին տեմպերից: Սարգսյանը շեշտել է. «1990-2015 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները»:
Իրականությունը.
2015 թվականի համար 10 մլրդ 529 մլն դոլարի անվանական ՀՆԱ-ի ցուցանիշը համապատասխանում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներին: Նույնն կառույցի տվյալներով 1992-2016 թթ. Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան տվյալները հետևյալն են.
Տարեթիվ | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 |
ՀՆԱ (մլն դոլար) | 108 | 835 | 648 | 1287 | 1,597 |
Տարեթիվ | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 |
ՀՆԱ (մլն դոլար) | 1639 | 1892 | 1845 | 1912 | 2118 |
Տարեթիվ | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 |
ՀՆԱ (մլն դոլար) | 2376 | 2807 | 3577 | 4900 | 6384 |
Տարեթիվ | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
ՀՆԱ (մլն դոլար) | 9206 | 11662 | 8648 | 9260 | 10142 |
Տարեթիվ | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 |
ՀՆԱ (մլն դոլար) | 10619 | 11121 | 11610 | 10529 | 10499 |
Այս աղյուսակից հետաքրքիր եզրակացություններ կարող ենք անել: Նախ ակնհայտ է, որ Հայաստանը գերազանցել է Նախագահի կողմից բարձրաձայնվող 1990 թվականի հետերկրաշարժային և «վերակառուցվող» Խորհրդային Հայատանի ՀՆԱ-ի ցուցանիշը (2,257 դոլար) միայն 2002 թվականին: Իսկ մեր երկրի տնտեսական աճի նշանակալի ցուցանիշներն ապահովվել են 2000-2008 թվականներին (6,1 անգամ):
Նախաճգնաժամային 2008 թվականին Հայաստանն արդեն իսկ ուներ 11,662 մլրդ դոլար կազմող ՀՆԱ, որն ավելի մեծ է, քան 2016 թվականի ՀՆԱ-ն: Մինչդեռ 2008 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում ներկայացված վիճակագրական կանխատեսմամբ դեռ 2012 թվականին ապահովվելու էր 5,570 մլրդ դրամ անվանական ՀՆԱ: 2012 թվականին դոլարի միջին փոխարժեքը մոտ 400 դրամ էր, այսինքն այդ ժամանակ արդեն իսկ մենք պետք է ունենայինք 13,9 մլրդ դոլարի անվանական ՀՆԱ, իսկ իրականում մեր ՀՆԱ-ն կազմում էր ընդամենը 10,6 մլրդ դոլար (24 տոկոսով ավելի քիչ):
Իհարկե իշխանությունները կարող են արդարանալ, որ եղավ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, դրա համար հնարավոր չեղավ ապահովելու այդ ցուցանիշը: Հետևություն անելով՝ արդեն 2013 թվականի նախագահական ընտրություններում ներկայացվող ծրագրում տնտեսության զարգացման թվային կանխատեսումներ չկային:
Այժմ Հանրապետական իշխանությունները նախագծում են տարեկան 5 տոկոս աճ, այդ դեպքում Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2040 թվականին ոչ թե կլինի 57-60 մլրդ դոլար, այլ 33-34 մլրդ դոլար (42-43 տոկոսով ավելի քիչ): Այս հաշվարկով Հայաստանի ՀՆԱ-ն 2040 թվականին կաճի ոչ թե 5,5 անգամ, այլ միայն 3,2 անգամ:
Տարեթիվ | 5 տոկոս աճ | Տարեթիվ | 5 տոկոս աճ |
2016 | 10,50 | 2029 | 19,80 |
2017 | 11,03 | 2030 | 20,79 |
2018 | 11,58 | 2031 | 21,83 |
2019 | 12,16 | 2032 | 22,92 |
2020 | 12,76 | 2033 | 24,07 |
2021 | 13,40 | 2034 | 25,27 |
2022 | 14,07 | 2035 | 26,53 |
2023 | 14,77 | 2036 | 27,86 |
2024 | 15,51 | 2037 | 29,25 |
2025 | 16,29 | 2038 | 30,72 |
2026 | 17,10 | 2039 | 32,25 |
2027 | 17,96 | 2040 | 33,86 |
2028 | 18,86 |
Արդյունքում՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի կանխատեսումները ևս սխալ կլինեն: Եթե 2040 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմի 34 մլրդ դոլար, իսկ բնակչության թիվը, ինչպես ենթադրում են իշխանությունները, հասնի 4 մլն-ի, ապա մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կկազմի ոչ թե 15 հազար դոլար, այլ միայն 11,3 հազար դոլար (24,7 տոկոսով ավելի քիչ):
***
ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ վերաբերյալ Նախագահը մայիսի 18-ին շեշտել է. «Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու «Դուինգ բիզնեսի» վարկանիշով առաջադիմել մինչև առաջին 20-յակը և հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում»:
Առկա պատկերը.
«Համաշխարհային բանկի» կողմից ներկայացվող «Doing Business» վարկանիշային ցանկի 2017 թվականի տվյալներով Հայաստանը 190 երկրների ցանկում 38-րդ հորիզոնականում է: Իհարկե բավականին բարձր ցուցանիշ է, սակայն եթե համեմատում ենք հարևան Վրաստանի հետ, որը 16-րդ հորիզոնականում է, բավարար չէ:
Այս վարկանիշի հորիզոնականը որոշվում է 10 ցուցանիշների համադրությամբ, ներկայացնենք դրանք և այն, թե Հայաստանը կոնկրետ ցուցանիշներով ինչ տեղ է զբաղեցնում:
- Ընկերության ստեղծում – 9-րդ հորիզոնական,
- Շինարարական թույլատվություն – 81-րդ հորիզոնական,
- Էլեկտրաէներգիայի ցանցի միացում – 76-րդ հորիզոնական,
- Սեփականության գրանցում – 13-րդ հորիզոնական,
- Վարկերի տրամադրում – 20-րդ հորիզոնական,
- Մինորիտար ներդրողների պաշտպանություն – 53-րդ հորիզոնական,
- Հարկում (հարկերի վճարում) – 88-րդ հորիզոնական,
- Միջազգային առևտուր – 48-րդ հորիզոնական,
- Պայմանագրերի իրագործման ապահովում – 28-րդ հորիզոնական,
- Անվճարունակության կարգավորում – 78-րդ հորիզոնական:
Ըստ երևույթին այս տվյալները ցույց են տալիս, թե բիզնեսի զարգացման համար Հայաստանը որ ոլորտներում է կաղում: Պարզ է, որ 15-րդ հորիզոնականում հայտնվելու տեսլականը իրատեսական է, պետք է դրա համար միայն բավարար քաղաքական կամք և պլանային բարեփոխումներ:
***
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ առումով Նախագահը շեշտել էր. «Աղքատության ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս»:
Բացասական վիճակագրություն.
Պաշտոնական վիճակագրությամբ 2015 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է 29,8 տոկոս, այժմ նախատեսված է 5 տարում կրճատել 12 տոկոսով, իսկ 2040 թվականին իջեցնել մինչև 7-8 տոկոս:
Կրկին պաշտոնական վիճակագրությամբ 2008 թվականին Հայաստանոմ աղքատների թվաքանակը կազմում էր 27,6 տոկոս (2009 թվականի մեթոդաբանությամբ, որով նաև հաշվարկվում է այժմ): Այսինքն 7 տարում Հայաստանում աղքատների թիվը ավելացել է 2.2 տոկոսով: Մինչդեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանը կանխատեսում էր, որ մինչև 2012 թվականը կրկնակի կկրճատվի աղքատների թիվը (2004 թվականի մեթոդաբանության հաշվարկով 23,5 տոկոսից կիջնի մինչև 11,9 տոկոս):
***
Չանդրադառնալով մնացյալ մանրամասնություններին՝ կարող են նշել, որ եթե այս տվյալներն են Կառավարության ծրագրի հիմքը, ապա դրանք ամբողջական վերահաշվարկի ու վերանայման կարիք ունեն: Թիրախները պետք է լինեն հիմնավորված, իսկ կանխատեսումները՝ ճիշտ հաշվարկված: