Եվրախորհրդարանը սպառնում է Բաքվին. նոր բանաձև առևանգված լրագրողի և մամուլի ազատության վերաբերյալ
Հունիսի 15-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել («Case of Afgan Mukhtarli and situation of media in Azerbaijan»), որով կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Աֆգան Մուխտարլիին, ով մայիսի 29-ին առևանգնվել էր Վրաստանում, ապա տեղափոխվել էր Ադրբեջան և մաքսանենգության հիմնավորմամբ ձերբակալվել էր (կարդացե՛ք. «Անդրկովկասյան բռնապետը ստվեր է գցում Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը. ձերբակալվել է լրագրող Ախգան Մուխտարլին» հոդվածը):
Նշենք, որ հետաքննող-լրագրող Մուխտարլին պարբերաբար ներկայացնում էր ադրբեջանական իշխանությունների կոռուպցիոն մեխանիզմներն ու անօրինությունները: 2015 թվականին ստիպված էր տեղափոխվել Թբիլիսի և մշտապես բնակվում էր այնտեղ:
Ստրասբուրգում ընդունված բանաձևի մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակեն լրագրողին և չեղյալ հայտարարեն նրան ուղղված բոլոր մեղադրանքները:
Եվրախորհրդարանը պահանջում է նաև ազատել բոլոր այն անձանց, ովքեր Ադրբեջանում ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների (այդ թվում խոսքի ազատության) ռեալիզացման համար (բանաձևում շուրջ մեկուկես տասնյակ կոնկրետ անձանց անուններ են բերվում):
ԵՄ խորհրդարանականները կոչ են անում Բաքվին ազատել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել կառավորությանը քննադատող իրավապաշտպանների ու լրագրողների հանդեպ հետապնդումները: Դրանից բացի Ադրբեջանից պահանջում են հանել քաղաքացիական հասարակության անկախ խմբերի գործունեության նկատմամբ սահմանափակումները, այդ թվում ֆինանսավորման աղբյուր գտնելու հարցում:
Եվրախորհրդարանը շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումները, օրենքի գերակայությունը, հարգանքը մարդու իրավունքների պետք է դառնան Եվրոպական միության և Ադրբեջանի միջև նոր գործընկերային համաձայնագրի հիմքերը:
Ըստ երևույթին բանաձևի այս կետով Եվրամիությունը սպառնում է Ադրբեջանին, որ այդ երկրի հետ հարաբերությունները կխորացվեն միայն այն դեպքում, եթե լինեն դեմոկրատական վերափոխումներ: Այլ պայմաններում Անդրկովկասյան բռնապետությունը առաջադեմ Եվրոպայի հետ ընդհանուր ոչինչ չունի:
Այս բանաձևով Եվրամիությունը կոչ է անում նաև Վրաստանի իշխանություններին հետաքննել լրագրողի առևանգման դետքի մանրամասները և ապահովել երրորդ երկրների քաղաքացիների անվտանգությունը համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների: Նշենք, որ Վրաստանում Ադրբեջանից ճողոպրած բազմաթիվ իրավապաշտպաններ, լրագրողրներ ու հասարակական գործիչներ կան, ովքեր Մուխտարլիի դեպքից հետո անհանգստության լուրջ պատճառներ ունեն: