Ադրբեջանցի ռազմական փորձագետի դիտարկումներն իրենց բանակում արձանագրված հետընթացի ու աննախադեպ դավաճանության դեպքի մասին
Հունիսի 26-ին Ադրբեջանում նշում են Զինված ուժերի տոնը: Ադրբեջանական իշխանությունները պատեհ առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե որքան է զարգացել Ադրբեջանի բանակը (կարդացե՛ք. «Ադրբեջանի զինուժը «50 առավել զորեղ բանակների թվում» տեսնող Իլհամ Ալիևի զառանցանքն ու իրականությունը»): Զինված ուժերի վիճակի մասին իր մեկնաբանություններն է ներկայացրել ադրբեջանական «Կասպիա» ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջասուր Սումերինլին: Վերջինս դժվարացել է պատասխանել, թե որքան է զարգացել ադրբեջանական բանակը, նրա հետազոտությունների ցույց են տալիս, որ Արցախյան պատերազմից հետո՝ 1994-2017 թվականների ընթացքում, բանակը զարգացել է 2002-2009 թվականներին (այն ժամանակահատվածն էր, երբ նավթի համաշխարհային գները տարեց տարի շեշտակիորեն բարձրանում էին՝ 2008 թ. հունիսին հասնելով մինչև 134 դոլար, իսկ 2017 թ. հունիսին նավթի 1 բարելը 50 դոլարից էլ է ցածր – խմբ.):
«Իրականացվող վերափոխումները հիմնականում ուղղված էին գործող նորմատիվ ակտերի և փաստաթղթերի վերանայմանը, զանգվածային լրատվամիջոցների և հանրության հետ համագործակցությանը, ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ամրապնդմանը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում զինված ուժերում մի շարք փոփոխությունների իրականացմանը … Սակայն այդ ընթացքում տեղի են ունեցել նաև օրենքի լուրջ խախտումներ, զինվորների շրջանում մահվան դեպքեր, բռնություն, «դեդովշչինա» և ամենագլխավորը՝ կաշառակերություն և կոռուպցիա». նշել է Սումերինլին ադրբեջանական «Meydan TV»-ի հարցազրույցի ընթացքում:
Սումերինլին գտնում է, որ ադրբեջանական բանակը ոչ թե զարգանում է, այլ հետընթաց է արձանագրում. «Զինծառայողները սոցիալական ապահովության լուրջ խնդիրներ ունեն, թափանցիկություն և հաշվետվողականություն չկա, հրապարակային պատասխանատվության մասին ընդհանրապես տեղին չէ խոսել, բանակի ստեղծման ռազմավարությունը մինչև օրս հայտնի չէ, բանակին վերաբերող որոշումներն ընդունվում են որոշակի խմբի ներսում և չեն համաձայնեցվում օրենսդիր իշխանությունների հետ: Իրողությունները կասկածի տակ են դնում զարգացող բանակի մասին հայտարարությունները»:
Ռազմական փորձագետը անդրադարձել է նաև ռազմական ծախսերի և սպաների աշխատավարձի հարցին. «2007 թվականից ռազմական ծախսերը շեշտակիորեն աճել են, տեմպը պահպանվել է մինչև 2015 թվական: Նախևառաջ կառավարությունը բարձրացրել է զինծառայողների աշխատավարձերը: Եթե նախկինում լեյտենանտի կոչումով սպան ստանում էր շուրջ 70-90 մանաթ աշխատավարձ, ապա հաջորդող 2-3 տարում այն աճեց մինչև 400-600 մանաթ: Դա իհարկե զգալիորեն բարելավեց զինվորականների սոցիալական վիճակը… Սակայն 2013 թվականից բանակում սոցիալական վիճակի բարելավման քաղաքականությունը դադարեցվեց, դրա փոխարեն սկսեցին միլիարդավոր դոլարների զենք և ռազմական տեխնիկա գնել Ռուսաստանի և Իսրայելից: Մանաթի արժեզրկումից հետո բանակին հատկացվող ծախսերը զգալիորեն կրճատվեցին»:
Պատասխանելով 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո բանակում դավաճանների նկատմամբ «որսի» և ձերբակալված ավելի քան 40 անձանց մասին հարցին՝ փորձագետը շեշտեց, որ դեռ երբեք հայրենիքի դավաճանության մասին նման բարձրագոչ հայտարարություններ չեն եղել, իսկ իրականում շատ բաներ մինչև օրս քողարկվում են:
Սումերինլին նաև հստակեցրեց, որ ադրբեջանական բանակը հրադադարի ռեժիմի հաստատումից հետո ամենամեծ թվով կորուստները կրել է 2016 թվականին. «Կորուստների մոնիտորինգ մենք իրականացնում են 2003 թվականից: Ընդհանուր առմամբ Սաֆար Աբիևի ժամանակ (Ադրբեջանի պաշտպանության նախարար 1995-2013 թթ. – խմբ.) կորուստները հիմնականում ոչ մարտական պայմաններում էին, մեծ մասամբ ինքնասպանություններին էին: Իսկ Զաքիր Հասանովի (Ադրբեջանի պաշտպանության նախարար 2013 թվականից մինչև օրս – խմբ.) ժամանակ ռազմաճակատի գծում կորուստները աճել են մի քանի անգամ»: