Ադրբեջանի տնտեսության անկման մտահոգիչ տվյալները
2016 թվականին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը կազմել է 59 մլրդ 988 մլն մանաթ (32 մլրդ 519 մլն դոլար), ինչը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 3,8 տոկոսով, այդ ցուցանիշները հունվարի 18-ին հաղորդել է Ադրբեջանի պետական վիճակագրական վարչությունը:
Պաշտոնական մեկնաբանությամբ ՀՆԱ-ի նվազումը կապված է շինարարության բնագավառում հավելյալ արժեքի 27,6 տոկոսով կրճատման հետ: 2016 թ. շինարարության բնագավառում ՀՆԱ-ն կազմել է 6 մլրդ մանաթ (3,25 մլրդ դոլար):
Ոչ նավթային ոլորտի ՀՆԱ-ում կազմել է 65,7 տոկոս (39,5 մլրդ դոլար), իսկ նավթագազային ոլորտը՝ 34,3 տոկոս (20,5 մլրդ դոլար):
Մյուս կողմից վիճակագրական վարչության տվյալներով անվանական ՀՆԱ-ն աճել է 10,2 տոկոսով:
***
2017 թ. հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտարժութային պահուստները կազմել են 3 մլրդ 977,4 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ դրանք կրճատվել են 20,77 տոկոս կամ 1 մլրդ 42,3 մլն դոլարով:
Նշենք, որ վերջին 3 տարվա ընթացքում Ադրբեջանի պետական պահուստները կրճատվել են ավելի քան 3,5 անգամ. 2014 թվականի տարեսկզբին Բաքվի պահուստները գերազանցում էին 14 մլրդ դոլարը:
Պետք է նաև նշել, որ Ադրբեջանն ունի պահուստային հավելյալ համակարգ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային հիմնադրամը (ԱՀՊՆՀ), որի ֆինանսական միջոցները տարեսկզբին գերազանցում են 35 մլրդ դոլարը և նպատակամղված է ապահովելու պետության մակրոտնտեսական կայունությունը: Խոշոր էներգետիկ և տնտեսական նախագծերը, որոնց մասնակցում է Ադրբեջանը, հովանավորվում են հենց այս հիմնադրամի կողմից, այդ թվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Հարավային գազային միջանցքը և այլն: Ի տարբերություն պետական պահուստների՝ ԱՀՊՆՀ-ի միջոցները վերջին տարում ոչ միայն չեն կրճատվել, այլևս ավելի քան 1 մլրդ դոլարով ավելացել են:
***
Ադրբեջանը հերթական բացասական ցուցանիշ է արձանագրել տնտեսության ոլորտում: 2016 թ. դեկտեմբերի 1-ի տվյալներով առևտրային բանկերի պարտքն Ադրբեջանի կենտրոնական բանկին 11 ամսվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ աճել է 49,4 տոկոսով կամ 2 մլրդ 480 մլն մանաթով (1 մլրդ 357 մլն դոլարով)՝ կազմելով 7 մլրդ 322 մլն մանաթ (4 մլրդ 7 մլն դոլար):
Սովորաբար առևտրային բանկերի պարտքի աճն ուղիղ համեմատական է իրենց իսկ պարտապանների պարտքերի աճին: Հետևություն այն էր, որ այս ցուցանիշը վկայում է ադրբեջանական տնտեսության հիվանդության և ժողովրդի սոցիալական ծանր կարգավիճակի մասին, արդյունքում հասարակ քաղաքացիները չեն կարողանում իրենց բանկային պարտավորությունները հավուր պատշաճի հոգալ:
Մյուս կողմից նույն 2016 թ. դեկտեմբերի 1-ի տվյալներով տարեսկզբի համեմատությամբ կրճատվել է նաև բնակչության կողմից բանկերում ներդրվող ավանդները 19,8 տոկոսով կամ 1 մլրդ 868 մլն մանաթով (1 մլրդ 22 մլն դոլար)՝ կազմելով 7 մլրդ 605 մլն մանաթ (4 մլրդ 161 մլն դոլար):