Ի՞նչ է կանխատեսում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն. կուսակցությունների ռևերս ալիքն ու կոնսոլիդացիան
Հունվարի 17-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես հայտարարեց քաղաքականություն վերադառնալու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:
Դրանով Ծառուկյանը խառնեց քաղաքական դաշտի բազմաթիվ գործիչների խաղաքարտերը: Հայտարարելով լայն դաշինք ձևավորելու մասին՝ Ծառուկյանը մեծ հաշվով մեկնարկ տվեց «կուսակցական պլյուրալիզմի» ռևերս (հետադարձ) ալիքին: Ինչպես 2015 թվականի փետրվարյան դեպքերից հետո, երբ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, առաջացած քաղաքական վակուումի պայմաններում կարճ ժամանակ անց հիմնվեցին բազմաթիվ նոր կուսակցություններ, այնպես էլ այժմ այդ կուսակցությունն հայտնվում են քաղաքական պայքարի «ետնախորշերում»:
Այժմ նորաստեղծ կուսակցությունները (հատկապես նախկին ԲՀԿ-ական գործիչների կողմից ձևավորված քաղաքական ուժերը) այլևս զրկվել են ինքնուրույն քաղաքականություն տանելու հնարավորությունից: Դրանք հարկադրված են միանալ այլ քաղաքական ուժերին՝ մեկնարկ տալով կուսակցությունների կոնսոլիդացման գործընթացին:
Ձևավորվող Ծառուկյանական դաշինքը լուրջ հայտ է ներկայացնում հայաստանյան քաղաքական դաշտի «արծաթե» հորիզոնականը կրկին գրավելու համար: Երկու հզոր քաղաքական ուժերի (ՀՀԿ և «Ծառուկյանական դաշինք») մրցակցության պարագայում մնացյալ կուսակցություններն առավելագույն կարող են հուսալ խորհրդարանական անցողիկ շեմն հաղթահարել:
Իսկ նրանց միջև հիմնական պայքարը կլինի երրորդ խորհրդարանական կուսակցություն լինելու համար, այդ դափնեպսակի համար առճակատման մեջ կմտնեն առաջնահերթ «Ելք» դաշինքը («Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն») ու «Դաշնակցությունը», անցողիկ շեմի համար կմաքառեն նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, մնացյալ խորհրդարանական ուժերը և ձևավորվող Օհանյան–Օսկանյան–Դալլաքյան դաշինքը, սակայն դեռ հստակ չէ, թե վերջիններս ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին, նույնը վերաբերում է նաև այլ կուսակցություններին:
Ակնկալվող ընտրապայքարի ու նոր ընտրակարգի պայմաններում անգամ հինգ տոկոսի հաղթահարումն, առանց իշխանական լծակի, նշված կուսակցությունների համար կարող է իրական գերխնդիր դառնալ: