«Ադրբեջանում ոչ ոք, այդ թվում Իլհամ Ալիևն ազատություն և հանգիստ չունի». երկրի աղետալի վիճակի մասին են հայտնում «Մուսավաթի» առաջնորդները
Ադրբեջանը հնարավոր է հանել աղետալի վիճակից, եթե իշխանությունները ձևավորվեն ժողովրդի կողմից: Այս դրույթն ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության հունվարի 14-ին տեղի ունեցած խորհրդակցության առանցքային եզրակացությունն էր: Հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
«Մենք համոզված ենք, որ կան ճանապարհներ երկիրն աղետալի վիճակից դուրս հանելու, որին հասցրել է Իլհամ Ալիևի իշխանությունը և նրա բոլշևիկյան մտածողությամբ թիմակիցները: Իլհամ Ալիևը մտածում է՝ ինչպես դուրս գալ այդ վիճակից: Սակայն նա չի մտածում՝ ինչպես պատվով դուրս գալ, այլ՝ ինչպես իրեն ողջ և առողջ դուրս հանել: Բայց նա ճանապարհներ չի գտնում», — հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդ, Ազգային ռազմավարական մտքի կենտրոնի ղեկավար Իսա Գամբարը:
Նա հիշեցրել է, որ դեռ մեկ տարի առաջ իր կողմից ղեկավարվող կենտրոնը ներկայացրել է «Ճգնաժամից դեպի հնարավորություններ» կոչվող ճանապարհային քարտեզը, որում մանրամասնվել են երկիրը խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս հանելու ուղիները: Այդ քայլերի իրականացման համար Գամբարի շեշտադրմամբ պահանջվում էր նաև «իշխանության փոխանցում ժողովրդին»:
«Սակայն իշխանություններն այս առաջարկները հաշվի չեն առել: Արդյունքում ճգնաժամն էլ ավելի է խորացել: Այժմ արդեն իրավիճակի փոփոխությունը դրված է «Մուսավաթի», ժողովրդավարական ճամբարի և բուն հասարակության ուսեր: Այս ռեժիմի ստերից, անպիտանությունից, միայն մեկ ընտանիքի ծառայելու իրողությունից հոգնել է ոչ միայն ադրբեջանական ժողովուրդը, այլև միջազգային հանրությունը: Սակայն իշխանության փոփոխություն պետք է իրականացնի ոչ թե միջազգային հանրությունը, այլ հենց ժողովուրդը», — ասել է Գամբարը:
Իշխանության փոփոխության անհրաժեշտության մասին է հայտարարել նաև «Մուսավաթի» փոխնախագահ Էլման Ֆաթթահը. «Ճգնաժամի նախորդ երկու տարիները ցույց տվեցին, որ կառավարությունը մտադրված չէ, չի կարող իրական քայլեր ձեռնարկել այն հաղթահարելու համար»: Նրա կարծիքով իշխանությունների կողմից ձեռնարկվող կույր քայլերն էլ ավելի են խորացնում ճգնաժամը, կառավարությունն այլ ելք չունի, քան լքել իշխանությունը:
«Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլին ևս սուր քննադատության ենթարկեց իշխանությունների քաղաքական կուրսը:
«Տալեհ Բագիրզադեն («Մահմեդական միասնություն» շարժման առաջնորդ) և ուրիշները (2015 թ. նոյեմբերի Նարդարանի դեպքերի մասնակիցները) ձերբակալվեցին իշխանությանը քննադատելու համար, քանի որ չէին համակերպվում ռեժիմի քաղաքականության հետ:
Ադրբեջանում իրոք կան արմատական տրամադրված հավատացյալներ, քաղաքական, հասարակական գործիչներ և բարձրաստիճան անձինք, ովքեր պաշտպանում են Ռուսաստանի և Իրանի շահերը: Սակայն նրանց չեն ձերբակալում, քանի որ նրանք ռեժիմին չեն քննադատում: Իշխանություններն անգամ փակում են աչքերը, որ նրան օտար երկրներից շքանշաններ և մեդալներ են ստանում» , — նշել է Հաջիլին:
Վերջինս կոչ է արել փոփոխել երկրում քաղաքական իրավիճակը: «Ադրբեջանում ոչ ոք, այդ թվում Իլհամ Ալիևն ազատություն և հանգիստ չունի: Այդպիսի ռեժիմ են իրենք ստեղծել: Իշխանությունները մտածում են միայն այն մասին, թե ինչպես պահպանեն իրենց իշխանությունը: Այդ համատեքստում իրենց հիմնական հայեցակարգն է ճնշումները իշխանություններին քննադատողների նկատմամբ: Մենք պետք է փոխենք այս վիճակը»,- հայտնել է Հաջիլին: