Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանները
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չի նախատեսում անմիջապես վերացնել հակառուսական պատժամիջոցները, բայց չի բացառում, որ ապագայում դա կլինի: Այդ մասին նախագահն հաղորդել է «Wall Street Journal» թերթը: Նշենք, որ ուրբաթ օրը՝ հունվարի 13-ին, ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման 2014 թ. մարտից Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները երկարաձգեց ևս մեկ տարով:
Ինչպես հաղորդում է պարբերականը, շուրջ մեկ ժամ տևած հարցազրույցի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշ ժամանակահատվածում որոշակի պատժամիջոցներ կպահպանվեն: Նաև նշել է, որ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորվում են և վերջինս օգնում է ԱՄՆ-ին, ապա ոչ մի կողմն անհրաժեշտություն չունի պահպանելու պատժամիջոցները:
Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ և դրանից հետո Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստակամ է համագործակցել Ռուսաստանի հետ:
2016 թ. դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի հատուկ ծառայությունների և մի շարք անձանց նկատմամբ՝ մեղադրելով նրանց «ընտրություններին միջամտելու» մեջ, արդյունքում երկրից աքսորվեցին 35 ռուս դիվանագետներ, որոնց նախագահ Բարաք Օբաման անվանեց «ռուսական լրտեսական ծառայությունների աշխատակիցներ»: Սակայն հակերային հարձակումներին Մոսկվայի առնչության ոչ մի ապացույց չի ներկայացվել:
Ամերիկյան հատուկ ծառայությունները հունվարի 6-ին հրապարակած համատեղ զեկույցում կրկին մեղադրեցին Կրեմլին «ամերիկյան ընտրություններին միջամտելու համար», սակայն հրաժարվեցին որևէ ապացույց ներկայացնել՝ հայտնելով, որ գաղտնի տեղեկություններ են:
***
Կրեմլում տեղյակ չեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման ԱՄՆ նոր նախագահ Դոլանդ Թրամփի պլանների մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ «Politico» պարբերականի լրագրող Սյուզան Գլասերը հաղորդել է, որ Թրամփի վարչակազմը հակառուսական պատժամիջոցների թուլացման հրաման է նախապատրաստում: Աղբյուրի տեղեկություններով նախագիծը ենթադրում է սահմանափակումների միակողմանի վերացում:
Այս լուրերի վերաբերյալ Պեսկովը հայտնել է. «Ո՛չ, մեզ այդ մասին ոչինչ հայտնի չէ: Որքանով ես հասկանում եմ, տեղեկությունները անդեմ են, չգիտեմ՝ որքանով են դրանք համապատասխանում իրականությանը»:
Նրա խոսքերով շաբաթ օրը (հունվարի 28-ին) նախագահ Պուտինը մտադրված է անձամբ շնորհավորել Թրամփին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները նաև կքննարկեն Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Պեսկովը նշել է, որ դա նախագահությունը ստանձնած Թրամփի հետ առաջին զրույցը կլինի, ուստի բանակցություններից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ:
Իսկ Դոնալդ Թրամփը Fox News-ի տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախատեսում է ողջ ջանքերը ներդնել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Նախագահի խոսքերով դա երկու երկրներին էլ շահավետ կլինի: