Քաղաքական գործիչների և կուսակցությունների «Ուրբաթ 13-ը». «Սարգսյանական պարտիան» մեկնարկում է
2017 թվական նորաթուխ և քիչ, թե շատ պատմություն ունեցող կուսակցությունների համար որոշիչ տարի է. ապրիլյան խորհրդարանական ընտրություններից է կախված, թե տասնյակներից որքանը կմնան հայաստանյան քաղաքական թատերաբեմում: Նույնն կարելի է ասել նաև առանձին քաղաքական գործիչների համար, ովքեր ստիպված են ֆորմալ գործել այս կամ այն կուսակցության մատրիցայում:
Սակայն իշխանական, կիսաընդդիմադիր, անգամ ընդդիմադիր գործիչներն առաջնահերթ սպասում են, թե ինչ կորոշի նախագահը: Ուրբաթ օրը՝ հունվարի 13-ին Սերժ Սարգսյանը վերադառնում է կարճատև արձակուրդից ու արդեն իսկ պարզ է, որ վերջինս գծագրել է ներքաղաքական զարգացումների հիմնական ուղիները:
Նախագահի որոշումները կանխորոշում են ոչ միայն կուսակցությունների համապետական մակրոքաղաքականությունն, այլև ռեգիոնալ միկրոքաղաքականությունը: Այդ «սարգսյանական պարտիան» ոմանց համար կլինի իրական մղձավանջային «Ուրբաթ-13», իսկ արքայական բարեհաճության շնորհ ստացած անձինք կերաշխավորեն իրենց տեղը «էլիտար կերակրամանի» մերձակայքում:
Ենթադրելի է, որ հիմնական որոշումներն արդեն իսկ ընդունված են, այլ հարց է, թե երբ կիմանան դրանց մասին այն անձինք, ում և դրանք առնչվում են:
Սարգսյանի քաղաքական առանցքային որոշումն առնչվելու է Գագիկ Ծառուկյանին, ում «վերադարձի» հայտարարությունը հերթական անգամ անհայտ ժամկետով հետաձգվում է: Սակայն հարցն այն է, որ Ծառուկյանի «վերաքաղաքականացումը» կկանխորոշի Ազգային ժողովի ընտրությունների ելքը: Եթե Ծառուկյանը մասնակցում է ընտրություններին, ապա նրան միանալու ցանկություն կհայտնեն քաղաքական սպեկտրի տարբեր «լուսավորության» գործիչներ՝ նախկին ԲՀԿ-ականներից մինչև մոլի ընդդիմադիրներ: Արդյունքում անցողիկ շեմի հաղթահարման խնդրի առջև կկանգնեն մասնավորապես նորաստեղծ ու սաղմնային շրջանում գտնվող կուսակցություններն ու դաշինքները: Մինչդեռ եթե Ծառուկյանը մնում է քաղաքականության կուլիսներում, ապա «սարգսյանական» ընդդիմադիրներին գործելու հնարավորություն է տրվում:
Նախագահի հաջորդ առանցքային որոշումը կառնչվի բուն Հանրապետական կուսակցության կերպարին, մասնավորապես ՝ ինչ դեր է ստանձնելու վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրությունների ժամանակ: Արդյոք Կարապետյանն հնարավորություն կստանա շրջանցելու «nemo est supra legis» («ոչ ոք բարձր չէ օրենքից») կարգավիճակը. հստակ է, որ «վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու» օրենսդրական պահանջը 2011-2016 թվականներին Ռուսաստանում բնակվող վարչապետ Կարեն Կարապետյանի առաջադրման համար գերխնդիր է, որը հնարավոր չէ լուծել առանց «գերագույն հրամանի»:
Մյուս կողմից գործող վարչապետը նեոհանրապետականության խորհրդանիշն է, որում օլիգարխիկ ամենաթողությունը թվացյալ մնացել է անցյալում: Կարապետյանի բացակայությունը նախկին կարկառուն ՀՀԿ-ականները կդիտարկեն որպես «վերադարձ ապագա» և նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն:
Թեև բացառված չէ, որ իշխանությունները գտնեն այս երկու ծայրահեղություն թվացող ուղիների համադրությունը, ինչպես եղավ «բաց ցուցակներով համամասնական ընտրական համակարգի» ներդրմամբ, երբ ակնհայտ մեծամասնական ընտրակարգը փաթեթավորվեց ընդդիմության կողմից պահանջվող «համամասնականի» անվան տակ:
Սարգսյանի ռեգիոնալ միկրոքաղաքական որոշումներն առնչվում են առաջնահերթ Հանրապետականի տարածքային ցուցակներում առաջադրվելու հավանության ստանալուն, թեև այստեղ արդեն ամեն ինչ պարզ է: Սարգսյանը «սյուզերենային» կարգավիճակում բոլոր քիչ թե շատ ներուժ ունեցող քաղաքական ու կիսաքաղաքական գործիչներին հնարավորություն է տալիս ներգրավվելու Հանրապետական ցուցակում: Ի սկզբանե իշխանական կուսակցությանը համար շահավետ այս մեխանիզմը Սերժ Սարգսյանը մատուցում է որպես իր կողմից «վստահության շնորհ»՝ ըստ երևույթին փակելով իրենից նեղված լինելու հնարավորությունը: Եթե որևէ հանրապետական գործիչ ընտրությունների ժամանակ չի ստանում իրեն անհրաժեշտ քվեն, ապա դրանում մեղքը միայն իրենն է, իսկ արդյունքից դժգոհ կարող է լինել միայն ՀՀԿ-ի վերնախավը:
Մյուս կողմից ընտրատարածքներում Հանրապետականի ցուցակում ընդգրկված անձանցից է կախված, թե մնացյալ կուսակցություններն ինչ ակնկալիք կունենան և ինչ մարտավարությամբ կգործեն:
Այնուհանդերձ նոր քաղաքական զարգացումների մեկնարկը տրված է հենց «Ուրբաթ 13-ին»: