Չորս պատճառ, թե ինչու Ադրբեջանը չի կարող լայնամասշտաբ պատերազմական գործողությունների դիմել
1994 թվականի զինադադարից հետո «պարտվածի» հոգեվարքի մեջ գտնվող Ադրբեջանն ամեն կերպ կցանկանար ռևանշի հասնել: Սակայն առնվազն կա 4 պատճառ, որ Ադրբեջանը ոչինչ չի կարող անել:
1. Ռազմական ներուժի հարաբերակցությունը.
Լեռնային Ղարաբաղի լանդշաֆտի պայմաններում հաղթանակ ակնկալիքով ռազմական գործողությունների դիմելու համար ադրբեջանի զինուժը եռակի, քառակի, անգամ հնգակի ավելին պետք է լինի, մինչդեռ պատկերը լրիվ այլ է: Համաձայն Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային պարտավորություններ ունեն սպառազինության ծավալների վերաբերյալ: Թեև իրականում թվերը լրիվ այլ են (կարդացե՛ք Որքա՞ն սպառազինություն է թույլատրված ունենալ Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպիսի՞ն է իրական պատկերը), այնուհանդերձ ՀՀ և ԼՂՀ միասնական զինված ուժերը գրեթե նույն քանակությամբ են, ինչ Ադրբեջանինը:
Հետևություն 1. Ադրբեջանը բավարար ռազմական միջոցներ չունի պատերազմ վարելու համար…
2. Ադրբեջանի տնտեսական խնդիրները.
Ռազմական գործողությունների հաջողությունը մեծապես կախված է տնտեսության վիճակից. Ադրբեջանի տնտեսությունը, որը 85-90 տոկոսով կախված է նավթից, այժմ ծանր ժամանակներ է ապրում: Վերջին երկու տարվա ընթացքում նավթի համաշխարհային գները կրճատվել են գրեթե 3 անգամ. 2014 թվականի ապրիլին մեկ բարել նավթն արժեր մոտ 110 դոլար, այսօր՝ 38 դոլար: Արդյունքում երկրի պահուստները կրճատվել են եռակի՝ մինչև 5 մլրդ դոլար: Պատերազմ վարելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պետք, որը Ադրբեջանը չունի:
Հետևություն 2. Ադրբեջանը բավարար տնտեսական միջոցներ չունի պատերազմ վարելու համար…
3. Ադրբեջանի երկարաժամկետ նախագծերի առկախվածությունը.
Ադրբեջանի համար զարգացման հիմնական տեսլականը Արևմուտքի հետ նոր ածխաջրածնային խողովակներով կապվածության ապահովումն է: Բաքուն ցանկանում է կյանքի կոչել Հարավային գազային միջանցքի կառուցումը, սակայն բազմամիլիարդանոց նախագծի իրագործման համար Արևմուտքի առանցքային պահանջն է խաղաղության պահպանությունը: Այսինքն պատերազմական գործողությունների դեպքում ադրբեջանական երազանքները հօդս կցնդեն:
Հավելենք, որ ի սկզբանե ռուսական աշխարհաքաղաքական շահին հակասող այդ նախագծի ոչնչացման վտանգներն ակներև էին դեռ 2008 թվականին՝ Հարավօսական պատերազմի ժամանակ, երբ պայթեցվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:
Հետևություն 3. Պատերազմի դեպքում Ադրբեջանը կկորցնի ավելին, կհայտնվի իզոլացված վիճակում…
4. Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին.
Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, այսինքն մենք ունենք 5 դաշնակիցներ, այդ թվում առաջնահերթ Ռուսաստանի Դաշնությունը: Հայատանյան սահմանին հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում այդ երկրները պարտավորություն ունեն միջամտելու ռազմական գործողություններին՝ կանգնելով Հայաստանի կողքին: Ադրբեջանը միջազգային իրավունքով ամրագրված ռազմական դաշնակից չունի, այսինքն հնարավոր օժանդակությունը կարող է լինել միայն ոչ ֆորմալ:
ՀԱՊԿ-ի առումով իհարկե մեզ առաջնահերթ հետաքրքրում է Ռուսաստանի գործոնը, որը հազիվ թե իրական պատերազմի դուրս գա ընդդեմ Ադրբեջանի. պուտինյան մեկ զանգն անգամ բավարար է, որ «ալիևյան հորդաները քաղաքականապես կապիտուլացվեն»: Այստեղ միակ բացառությունը Լեռնային Ղարաբաղն է, որի առումով Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պարտավորություններ չունեն:
Հետևություն 4. Հայաստանի սահմանին պատերազմը բացառված է…
Ինչ նպատակ են հետապնդում ներկա գործողությունները.
Այս հետևություններից հետո պարզ է դառնում, որ Ադրբեջանը չի կարող լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսել, այսինքն ներկա լարվածության նպատակը լրիվ այլ է: Սա տեղեկատվական պատերազմ է, որի նպատակն է անհանգստություն առաջացնել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում:
Եթե հաջողվի խուճապ առաջացնել հայության շրջանում, դրանից Ադրբեջանը միայն կշահի, դրա համար պետք է պահպանել զգոնությունը՝ հասկանալով Բաքվի թուլությունն ու անկարողությունը:
Իսկ իրականում Բաքվի գերնպատակն ուղղված է իր քաղաքացիների շրջանում խուճապի ձևավորմանը: Մանատի հիպերարժեզրկման, տնտեսության կազմաքանդման ու իշխանությունների տիրանիայի արդարացման միակ հիմնավորումը կարող է լինել արտաքին վտանգից պաշտպանությունը:
Եզրահանգում. Ալիևը փորձում է իր ներպետական անհաջողությունները վերագրել Հայաստանին ու Արցախին: