Ադրբեջանի տնտեսության կախվածությունը նավթի գնից և Արցախյան հակամարտության գործոնը
Ադրբեջանի բանանային տնտեսության հենասյունը ածխաջրածնային հումքն է (արտահանումների 90 տոկոսը կազմում է նավթը). մասնավորապես նավթի բարձր գինը ալիևյան կլանին էյֆորիկ ցայտնոտի մեջ էին գցել: Արդյունքում կուտակված միլիարդավոր դոլարներն ուղղվում էին օլիգապոլիաների հզորացմանը, իսկ չնչին մասը հատկացվում էր ադրբեջանական զինուժի վերասպառազինմանը: Արդյունքում սահմանային միջադեպերը ավելի հաճախակի բնույթ էին ստանում: Սակայն այսօր իրավիճակը 180 աստիճանով վերափոխվել է:
Բաքվի հիմնական ռեսուրսի՝ նավթի մեկ բարելի գինը իջել է մինչև 33 դոլար (տարեսկզբի դրությամբ), նշենք, որ անգամ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին (2008-2009 թթ.) նավթի նվազագույն արժեքը 43 դոլար էր, իսկ ներկա գինը եղել է 12 տարի առաջ՝ 2004 թվականին: Այսինքն ադրբեջանական տնտեսությունը ստիպված է «ֆորս մաժորային» ռեժիմով աշխատել:
Սակայն հասարակ ադրբեջանցիները զգում են այդ փոփոխության բացասական ազդեցությունը. ազգային արժույթը՝ մանաթն, այլև հնարավոր չէ կայուն պահել, այն անցել է լողացող փոխարժեքի: Առաջին հարվածը 2015 թ. փետրվարին էր, երբ մանաթը 35 տոկոսով արժեզրկվեց, եթե մինչ այդ 1 դոլարը 0.78 մանաթ էր, ապա դարձավ 1,05 դոլար: Անգամ այդ փոխարժեքը չէր համապատասխանում իրական տնտեսական ներուժին. մանաթի արժեքը արհեստականորեն բարձր պահելու համար Ադրբեջանի կենտրոնական բանկն օրական տասնյակ միլիոնավոր դոլարներ էր վատնում, երկրի արտարժույթի պահուստները ուղղակիորեն քամվում էին: 2015 թ. դեկտեմբերի տվյալներով Ադրբեջանի ԿԲ պահուստները կազմում 6,2 մլրդ դոլար, մինչդեռ տարեսկզբին 15 մլրդ դոլար էր: Մանաթի բարձր փոխարժեքը պահելու համար Կենտրոնական բանկը մի քանի ամսից կզրկվեր իր ողջ պահուստներից:
Երկրորդ արժեզրկումը դեկտեմբերի 21-ի էր, երբ 1 դոլարը սահմանվեց արդեն 1.55 մանաթ: Ու սա դեռ սկզիբն է. ըստ կանխատեսումների 1 դոլարը կարող է անգամ արժենալ 3-5 մանաթ:
Նման տնտեսական կոլապսը առնվազն ժողովրդական հուզումների ալիք պետք է բարձրացներ: Սակայն նման իրավիճակից ելք գտնելու, երկրի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փոխարեն Ալիևը նախընտրում ուռճացնել սահմանային լարվածությունը, որպեսզի ժողովուրդը պատերազմական տրամադրությամբ ստիպված լինի դիմանալ զրկանքներին:
Սակայն ռազմական բախտախնդրության համար ևս գումարները բավարար չեն դառնում: Թեև սեփական արժույթի արտահայտությամբ զինված ուժերին 2016 թվականին մոտ 3.3 տոկոս ավելի մեծ գումար է հատկացվել 1 837,8 մլն մանաթ, սակայն եթե դոլարային հաշվարկով երկայացնենք, ապա ստացվում է 1185 մլն դոլար, մինչդեռ 2015 թ. բյուջեով 2278 մլն դոլար: Սրան հավելենք նաև այն փաստը, որ Ադրբեջնաի 2016 թ. բյուջեում նավթի գնի հաշվարկը 50 դոլարով է: Այսինքն ենթադրաբար Ադրբեջանը ստիպված կլինի գնալու նոր կրճատումների, եթե ոչ անգամ բյուջեի ամբողջական վերանայման:
Ստացվում է, որ Ադրբեջանը բավարար միջոցներ չունի սահմանային լարվածությանը լուրջ ընթացք տալու համար, սակայն ներքին պրոպագանդիստական նկտրումների ու ժողովրդի ցասումը չառաջացնելու համար շարունակելու է ձևավորել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակ: