Ուկրաինական ճգնաժամը նոր աշխարհակարգի ձևավորման առանցքում
Սառը պատերազմից հետո ձևավորվեց միաբևեռ աշխարհակարգը ԱՄՆ-ի առաջնորդությամբ։ Միջազգային հարաբերություններում ձևավորված այս ստատուս-քվոն դե ֆակտո գործեց մոտ երկու տասնամյակ։ Այս շրջանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտային փոփոխությունները ցույց էին տալիս, որ աշխարհը մտնում է ազդեցության գոտիների վերաբաշխման նոր փուլ։ Վերոնշյալ շրջանի իրադարձություններից կարևոր է հիշատակել ՌԴ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը 2000-ականների սկզբին և Չինաստանի տնտեսական վերելքը։
Ասվածից ակներև է, որ ներկայիս ճգնաժամը համապարփակ ընկալմամբ այսօր չի սկսվել։ Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին առանցքի կենտրոնում է գտնվում ԵՄ-ն։ Վերջինս, չնայած ունի տնտեսական բավականին մեծ հզորություն և քաղաքական ազդեցության լծակներ, այնուամենայնիվ ներկայումս չի կարող հանդես գալ, որպես առանձին ուժային կենտրոն։ Հետերկբևեռ ժամանակաշրջանում ԵՄ-ն ընդլայնել է դաշնակցային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, միևնույն ժամանակ, փորձելով չվնասել փոխգործակցությանը ՌԴ-ի և Չինաստանի հետ։ ԵՄ-ի և ՌԴ-ի միջև լարվածության սկիզբը դրվեց 2009 թվականին՝ Արևելյան գործընկերության հիմնումով։ ԱլԳ-ն քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակը ԵՄ-ի, ԵՄ անդամ պետությունների և նրանց 6 արևելյան հարևանների երկրների ավելի խորը ինտեգրացիան է։ Այս կառույցին անդամակցել են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան։ Հիմնադրման պահից սկսած ակնհայտ էր, որ այս կառույցի գործոնեության հետևանք կարող էր հանդիսանալ վերոնշյալ երկրների անդամակցումը ԵՄ-ին։ ԵՄ-ից անդամակցումից ՆԱՏՕ անդամակցումը, ինչպես գիտենք, մեկ քայլ է։ ՌԴ-ում սա ընկալվեց, որպես արտաքին քաղաքական մարտահրավեր և անվտանգային սպառնալիք։ Վերջինս քայլեր ձեռնարկեց հետխորհրդային երկրներին իր ազդեցության գոտում պահելու համար։ Ասվածի ապացույցը Մաքսային միությունն էր, որի հիմքի վրա ստեղծվեց ԵԱՏՄ-ն։ ԱլԳ-ի երկրներից Ուկրաինան և Վրաստանն էին, որ հստակ քաղաքական կուրս որդեգրեցին գնալ դեպի ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության։ 2014 թվականին ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց և սկսվեց ռուս-ուկրաինական առաջին պատերազմը։ Հիմք դրվեց հետըսառըպատերազմյան ամենամախորը տնտեսա-քաղաքական ճգնաժամին՝ որը արտահայտված է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությամբ։
Պատերազմից հետո Ուկրաինան շարունակեց բարձր մակարդակի շփումները արևմտյան գործընկներնեի հետ ավելի խորը ինտեգրման համար։ Արևմուտքն էլ մի ձեռքով իր տնտեսական պատժամիջոցներ էր կիրառում Ռուսաստանի դեմ, մյուս ձեռքով էլ համագործակցում էր։ Ճգնաժամի սառը փուլը շարունակվեց մոտ ութ տարի։ ԱՄՆ-ում հանրապետականների իշխանության ժամանակաշրջանում բավականին զգույշ հայտարարություններ էին Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։ Իրավիճակը փոխվեց, երբ իշխանության եկան դեմոկրատները 2021 թվականի սկզբին։ Այս շրջանում արդեն խոսվում էր Ուկրաինայի ՆԱՏՕ անդամակցության իրական հնարավորության մասին, որը վերջնականապես սրեց Արևմուտք-ՌԴ փոխհարաբերությունները։ Ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը անգամ չկանխեց մոտալուտ արհավիրքը։
Սույն տարվա փետրվարի 24-ին սկսվեց պատերազմի երկրորդ փուլը։ Ռազմաճակատում չափազանց ծանր ռազմական գործողություններ են, որի արդյունքում երկու կողմ էլ անդառնալի կորուստներ են կրում։ Ճգնաժամը վերածվել է Արևմուտք-ՌԴ տնտեսական տոտալ պատերազմի, որի արդյունքում աշխարհում գլոբալ ինֆլիացիա է սկսվել։ Տրանսպորտային կարևոր ենկառուցվածքներ չեն գործում։ Կարիբյան ճգնաժամից հետո առաջին անգամ աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի վտանգի առաջ։ Այսվածից ակներև է, որ կանգնած ենք գլոբալ փոփոխությունների առաջ։ Շվեյցարիան, որը մոտ 200 տարի չեզոքություն էր պահպանում, միացել է պատժամիջոցներին, Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցության խնդրանքով։ Չինաստանի լուրջ խնդրի առջև է կանգնել․ վերջինս ապրանքաշրջանառության զգալի մասը իրականացնում է ԵՄ-ի հետ, իսկ ներկայիս պայմաններում ամենաշահավետ տրանսպորտային ճանապարհը( Չինաստան-Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ) չի գործում։
Այս ամբողջ գործընթացի վերլուծությունից կարող ենք առանձնացնել լուծման երեք տարբերակ․
1․ ՈՒկրաինան կբաժանվի երկու մասի
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սառը պատերազմի խորհրդանիշ դարձավ Գերմանիայի բաժանումը( Բեռլինի հայտնի պատը ): Նման իրավիճակ հնարավոր է լինի նաև այս պատերազմի հետևանք, որի արդյուքնում Ուկրաինան կբաժանվի արևմտյան և ռուսական ազդեցության գոտիների։
2․ Ուկրաինան կանդամակցի ԵՄ-ին, հետագայում՝ ՆԱՏՕ-ին
Տնտեսական պատժամիջոցները և Ուկրաինան տրվող ռազմական օգնությունը այնպիսի ծավալների կհասնի , որ ՌԴ-ն ստիպված կընդունի Ուկրաինայի( Արևմուտքի ) պահանջներով պատերազմի ավարտը։ Սա էլ կենթադրի Ուկրաինայի վերջնական ինտեգրացիան արևմտյան կազմակերպություններին։
3․ Ուկրաինան կընդունի իր չեզոքությունը
Սա ամենահավանական տարբերակն է։ Արևմուտքն և Ռուսաստանը կգան որոշակի կոնսենսուսի և կֆիքսեն ռազմաճակատի դե ֆակտո իրավիճակը։ Պատերազմը կդարարի և կսկսվի բանակցային գործընթացը։ Ուկրաինան էլ անժամկետ կհայտարարի իր չեզոքության մասին։