Համայնքային կառավարումը Հայաստանում և աշխարհում
Պետությանը արդյունավետ կառավարելու համար բոլոր երկրներում առկա են վարչատարածքային բաժանումներ։ Այն հարկավոր է իրականացնել հաշվի առնելով տվյալ պետության և ժողովրդի առանձնահատկությունները( սոցիալ-հոգեբանական, տնտեսական, մշակության և այլն )։ Սա հնարավորություն է ընձեռում տվյալ երկրին բացահայտել թիրախային խնդիրները և առկա ռեսուրսները ուղղորդել դրանց լուծմանը։
Վարչատարածքային բաժանման միավորները տարբեր երկրներում տարբեր կերպ են կոչվում՝ մարզ, նահանգ, երկրամաս, շրջան և այլն։ Այդ տարածքները կարող են տրոհվել ավելի փոքր տարածքային միավորների ( օր․ համայքների): Դրանք բոլորը վարչատարածքային բաժանման միավորներ են և միասին կազմում են պետության վարչատարածքային կառուցվածքը։
Այս հարցի շրջանակում ուսումնասիրել ենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օրինակը, հետագայում ավելի խորը անդրադարձ կատարելով Հայաստանի Հանրապետությանը։
ԱՄՆ-ն դաշնային հանրապետություն է՝ բաղկացած 50 նահանգներից, որոնք, իրենց հերթին, բաժանվում են կոմսությունների, ավանների, քաղաքների, քաղաքային բնակավայրերի և գյուղերի։ Կոլումբիայի շրջանը ( մայր․ Վաշինգտոնը) ունի դաշնային շրջանի կարգավիճակ։ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի բազմաթիվ որոշումների համաձայն 50 առանձին նահանգները և Միացյալ Նահանգները որպես ամբողջություն ունեն ինքնիշխան իրավասություններ։ Նահանգները երկրի վարչական բաժանումները չեն։ ԱՄՆ-ի սահմանադրությունը թույլ է տալիս նրանց իրականացնել կառավարության բոլոր լիազորությունները, որոնք պատվիրակված չեն դաշնային կառավարությանը։ Յուրաքանչյուր նահանգ կարող է իրականացնել ներպետական առևտուր, կազմակերպել ընտրություններ, ստեղծել տեղական ինքնակառավարման մարմիններ, վավերացնել սահմանադրական փոփոխություններ։ Յուրաքանչյուր նահանգ ունի սեփական սահմանադրությունը՝ հիմնված հանրապետական սկզբունքների վրա, և կառավարությունը՝ բաղկացած օրենսդիր, դատական և գործադիր մարմիններից։ Բոլոր նահանգները և նրանց բնակիչները ներկայացված են երկպալատ օրենսդիր մարմնում՝ Կոնգրեսում։ Այն բաղկացած է Սենատից և Ներկայացուցիչների պալատից։ Նահանգներից յուրաքանչյուրը ունի 2 սենատոր, մինչդեռ ներկայացուցիչները բաշխվում են նահանգների միջև՝ սահմանադրությամբ սահմանված վերջին տասնամյա մարդահամարի համամասնությամբ։ Հատկանշական է, որ յուրաքանչյուր նահանգ իրավունք ունի ընտրել ընտրողներ Electoral College-ում, ( այն մարմինը, որը ընտրում է Միացյալ Նահանգների նախագահին ) որը հավասար է Կոնգրեսում այդ նահանգի ներկայացուցիչների և սենատորների ընդհանուր թվին:
Քաղաքային, գյուղական և այլ համայնքներում ծագած խնդիրները լուծում են ստանում տվյալ նահանգի իրավասությունների շրջանակում, բացառությամբ այն հարցերի, որոնք պահանջում են պետական իշխանության միջամտություն։
Նահանգներին տրված այս ազատությունները, առաջին հայացքից, կարող են խնդրահարույց թվալ։ Հատկանշական է, որ նման իրավիճակը ռիսկեր պարունակում է, սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի պետական մարմինների ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակը և հասարակության իրավագիտակցությունը, զսպումների և հակակշիռների մեխանիզմի արդյունավետությունը, այն մեծամասամբ համապատասխանում է վերջինիս ներքին և արտաքին մարտահրավերներին։
Տարածքային կառավարման 4 մակարդակ կա Ֆրանսիայում․
Պետություն ( կենտրոնական կառավարություն )
Շրջաններ
Կոմսություններ ( departments)
Կոմունաներ
Շրջանները, իրենց ներկայիս տեսքով, ստեղծվել են ապակենտրոնացման մասին օրենքի հիման վրա 1982 թվականին։ Ֆրանսիական մետրոպոլիայում շրջանները սկզբնական շրջանում եղել են 22-ը, իսկ ևս 4-ը անդրծովյան ( overseas )։ 2015 թվականի հունվարի 16-ի օրենքով փոփոխություններ տեղի ունեցան և Ֆրանսիան մինչև այժմ բաժանվում է 13 շրջանների։
Այս փոփոխության հիմնական նպատակներն էին․
1․ Արդիականացնել, պարզեցնել վարչական ընթացակարգերը
2․ Ավելի հզոր շրջանային միավորներ ստեղծել
3․ Այս սուբյեկտները պետք է ի վիճակի լինեն իրականացնելու մեծածավալ ծրագրեր իրենց քաղաքացիների համար։
Յուրաքանչյուր շրջան ղեկավարվում է շրջանային խորհրդի կողմից, որն ընտրվում է վեց տարի ժամկետով համընդհանուր ընտրական իրավունքով։ Յուրաքանչյուր շրջան ղեկավարվում է նախագահի կողմից, ով ընտրվում է շրջանային խորհրդի անդամների կողմից։
Այն ոլորտները, որտեղ շրջանային խորհուրդը իշխանություն ունի իրականացնելու քայլեր հիմնականում տրանսպորտն է, տնտեսությունը և մշակույթը։ Պաշտպանության, իրավունքի, արտաքին հարաբերությունների և բարձրագույն կրթության հարցերում պետությունը պահպանում է որոշումներ կայացնելու լիազությունները։
Հատկանշական է, որ այժմ շրջանները պատասխանատու են իրենց տեղական փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար: Նրանք պետք է նաև ներկայացնեն զարգացման և նորարարության հնգամյա ծրագրեր՝ միջազգային ուղղվածությամբ:
Կայուն զարգացումն ու պլանավորումը նույնպես դարձել են շրջանների պարտականությունը։ Յուրաքանչյուր մարզ պետք է մշակի հողի կառավարման, քաղաքաշինության, աղտոտման վերահսկման և այլ ոլորտների զարգացման ծրագրեր։
Ֆրանսիան բաժանվում է 100 կոմսությունների, որոնցից 96-ը մայրցամաքային են, իսկ 4-ը՝ անդրծովյան։ Դրանք և՛ վարչական բաժանումներ են, և՛ տարածքային միավորներ։ Որպես վարչական բաժանումներ կոմսությունները հանդիսանում են պետական վարչակազմերի նստավայր: Կոմսության ոստիկանապետը ( կարող է լինել նաև շրջանի ղեկավարը ) պետության ներկայացուցիչն է այստեղ։ Վերջինս նշանակվում է կառավարության կողմից և ունի հստակ գործառույթներ․ ապահովել հասարակական կարգի և անվտանգության պահպանումը, հետևել, որ ընդունված օրենքներն ու կառավարության կողմից տրված հրահանգները իրագործվեն, ստուգել տարածքային միավորների կողմից ընդունված որոշումների օրինականությունը։
Որպես տարածքային միավորներ՝ գերատեսչությունները կառավարվում են ընտրված ներկայացուցիչների ժողովի կողմից, որը կոչվում է գլխավոր խորհուրդ (general council )։ Խորհրդի նախագահն ընտրվում է ավագանիների կողմից և ղեկավարում է գերատեսչական մարմինները։ Վերջինս նախապատրաստում և իրականացնում է խորհրդի որոշումները, պատասխանատու է գումարների հավաքման և ծախսման համար, ներկայացնում է կոմսությունը իրավական աշխատանքներում։ Ավագանիները ընտրվում են 6 տարի ժամկետով կոնկրետ կանտոնի համար ( ընտրությունները կոչվում են the cantonales ): Յուրաքանչյուր կանտոն ( կոմսության համար նվազագույնը 2-ն է) ընտրում է գլխավոր խորհրդական ( general councillor ): Կանտոնների քանակը կախված է կոմսության բնակչության թվաքանակից։
Գլխավոր խորհրդի գործառույթներն են․ կոմսության բյուջեի քվեարկությունը, ժառանգության պահպանումը (օր․ անտառները ): Վերջինս պատասխանատու է մաքրության, առողջապահության և սոցիալական ծառայությունների համար։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կրթական, մշակութային և տնտեսական մի շարք կարևորագույն հարցեր նույնպես խորհրդի պատասխանատվության գոտում են։
Ներկայումս 36500 կոմունաներ կան Ֆրանսիայում։ Նրանք կազմում են ֆրանսիական վարչական կազմակերպության հիմնական միավորը։ Կոմունաները, իրենց չափերով, բավականին տարբերվում են․ 500 բնակիչներից պակաս գյուղերից մինչև 100000 բնակչից ավել քաղաքներ։ Բացառությամբ Լիոն, Մարսելի և Փարիզի ( հատուկ կարգավիճակ ունեն ) յուրաքանչյուր կոմունա ղեկավարվում է մունիցիպալ (շրջանային) խորհրդի կողմից, որը գլխավորում է քաղաքապետը։ Քաղաքային խորհուրդը անդամների ժողով է, որոնք ընտրվում են վեց տարի ժամկետով համընդհանուր քվեարկությամբ։ Անդամների քանակը կախված է կոմունայի բնակչության թվաքանակից։ Քաղաքային խորհրդի դերն է կառավարել կոմունայի աշխատանքները։ Այն իրականացվում է քաղաքապետի և վերջինիս տեղակալների իրավասության ներքո, որոնք ընտրվում են համայնքի ավագանու կողմից։ Քաղաքապետը պետության ներկայացուցիչն է։ Նա ունի մի շարք գործառույթներ․ իրականացնում է քաղաքային խորհրդի որոշումները, ներկայացնում է համայնքի բյուջեն, պատասխանատու է համայնքի հասարակական կարգի, անվտագության համար։
Պետական և համայնքային կառավարման ֆրանսիական օրինակը բավականին հաջողված է։ Երկրի տարածքի բաժանումը իրականացված մի քանի շերտով։ Յուրաքանչյուր վարչատարածքային միավոր, անկախ իր չափերից, արդյունավետ կառավարվում տեղային ղեկավարության կողմից։ Վերջինս ունի հստակ գործառույթներ և պատասխանատու է պետությանը իր իրականացրած աշխատանքների համար։
Տարածքային կառավարումը ՀՀ-ում դիտարկելու համար հարկավոր է ընդգծել՝ վերջինս ինչ ժառանգություն է ստացել խորհրդային շրջանից։ Խորհրդային Հայաստանն իր գոյության վերջին տարիներին բաժանված էր 59 առաջին աստիճանի վարչատարածքային միավորների՝ 37 վարչական շրջանների, 22 հանրապետական ենթակայության քաղաքների, ինչպես նաև 5 շրջանային ենթակայության, 31 քաղաքատիպ ավանների և շուրջ 479 գյուղական խորհուրդների, որոնք վարչատարածքային բաժանման երկրորդ աստիճանի միավորներ էին։ Այս շրջանում տարածքային կառավարումը եղել է կենտրոնացված։
Հայաստանի նորանկախ Հանրապետությունը սկզբնական շրջանում տարածքային կառավարման այլ տարբերակ նախընտրեց։ 1995 թվականի Ազգային ժողովի ընդունած օրենքով ստեղծվեցին 10 մարզեր, մայրաքաղաք Երևանը նույնպես ստացավ մարզի կարգավիճակ։ Երկրորդ աստիճանի միավորները կոչվեցին համայնքներ։ ՀՀ-ում ձևավորվեց 926 համայնք և 1001 բնակավայր։ Հետագայում՝ 2009 թվականի հունիսի 1-ից Երևանը նույնպես ստաացավ համայնքի կարգավիճակ։
ՀՀ-ում փաստացի ստեղծվեց ապակենտրոն կառավարման համակարգ։ Այս համատեքստում կարելի է մի քանի հանգամանք դիտարկել․
1․ Նման մեծ թվաքանակ համայնքները բավականին շատ էին ՀՀ-ի տարածքի համար,
2․ Համայնքների մի մասը, ունենալով բավականին սուղ ֆինանսատնտեսական միջոցներ, լուրջ դժվարությունների էին բախվում համայնքի խնդիրները լուծելու համար,
3․ Տարածքային կառավարումը և ռեսուրսները առավելագույն արդյունավետ օգտագործումը բավականին դժվարանում էր։
ՀՀ-ում, որոշակի ժամանակահատված հետո, սկսվեց համայնքների միավորման գործընթաց։ Փուլ առ փուլ տարբեր բնակավայրեր միավորվում էին և դառնում մեկ համայնք։ Գործընթացը իր վերջնակետին հասավ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ ընդունվեց ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ Ներկայումս ՀՀ-ում կա 79 համայնք՝ ներառյալ մայրաքաղաք Երևանը։
ՏԻՄ ընտրությունները անցկանցվում են 4 տարին մեկ։ Համայնքը ընտրում է ավագանի, վերջինս էլ ընտրում է համայնքապետին։
Համայնքային արդյունավետ կառավարումը չափազանց մեծ նշանակությունը ունի ՀՀ-ի համար։ Յուրաքանչյուր համայնքի կյանքը պետք է այնպես կազմակերպվի, որ առավելագույն օգուտ ունենա թե՛ համայնքի թե՛ պետության համար։ Այս ամենի համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ բնակիչ-համայնք-պետություն կապը անխախտ գործի։ Այս հարցում մեծ ազդեցություն պետք է ունենա մարզային իշխանությունների աշխատանքը։
Համայնքների խոշորացման ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևոր հանգամանք կարող է դառնալ համայնքների ֆինանսական միջոցների ավելացումը։ Սա հնարավորություն կտա համայքների ներսում ծագած բազմաթիվ խնդիրների հրատապ լուծումներ տալ։ Պետությունն էլ տարբեր մեխանիզմներ միջոցով կհետևի, որ ֆինանսները արդյունավետ կառավարվեն։ Կարևոր է հիշատակել, որ այս ամենի հիմքում պետք է լինի բնակչության հետ մշտական և բովանդակային շփումների առկայությունը։ Տեղական հանրաքվեները նույնպես միջոց են համայնքների կայացման և զարգացման համար։ Այս համատեքստում արժանի է հիշատակման այն փաստը, որ համայնքը պետք է ունենա բավականին ազատություն որոշումների կայացման հարցում։ Սա հնարավորություն է տալիս խնայել ամենակարևորը՝ ժամանակը։ Համայնքային խնդիրների լուծումը պետք է լուծվեն ներսում, և միայն այն հարցերը, որոնք օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ լուծել համայնքում, պետք է պետական մակարդակով քննարկել և լուծել։ Ազատությունն էլ իր հերթին ենթադրում է պատասխանատվություն։ Հետևաբար այս տարբերակը հնարավորություն կտա այդյունավետ կառավարել համայնքները միևնույն ժամանակ՝ ինստիտուցիոնալիզացնելով պատասխանատվության մեխանիզմը։
Հեղինակ՝ Արամ Մելքոնյան: