Երևանի ավագանու ընտրություններ․ կուսակցությունների ու դաշինքների էլեկտորալ հնարավորությունները
«Ապրիլյան հեղափոխությունից» հետո հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն իրենց քաղաքական կշիռն վերագնահատելու անհրաժեշտության առաջ են կանգնած։ Այս գործում առաջին էլեկտորալ փորձությունը լինելու է սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավանագու ընտրություններում, որին մասնակցում են 12 կուսակցություն և դաշինք, իսկ քաղաքական նկրտումներ ունեցող, սակայն ընտրություններին չմասնակցող այլ դերակատարները գնահատողի ու հետևություններ անողի կարգավիճակում են։
Բոլոր քաղաքական ուժերի գլխավոր նպատակը մեկն է նախատեսվող համապետական ընտրություններին ընդառաջ որդեգրել գործուն քաղաքական մարտավարություն (մասնակցության ձևաչափ, ծրագրային դրույթներ, նախընտրական տեխնոլոգիաների ընտրություն և այլն)։
Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների մայրաքաղաքում ընտրելու իրավունք ունեն թվով 853․390 անձինք[1]։ Երևանի ավանագուն 2009[2], 2013[3] թվականի ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 53-54 տոկոս, որոշակիորեն տարբերվում է 2017[4] թվականի ընտրությունները, որում մասնակցում էին միայն 3 քաղաքական ուժ, ըստ ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 41 տոկոս։ Ենթադրելի է, որ 2018 թվականի ընտրություններին մասնակցությունը կլինի այդ թվերի շրջանակներում։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը կազմում է 6 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 8 տոկոս[5]։ Մասնակցության կանխատեսմամբ ավագանու մանդատներ ստանալու համար քաղաքական ուժերը պետք է ստանան նվազագույնը մոտ 22 հազար քվե, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է։
Փորձենք հասկանալ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկրտումներն ու օբյեկտիվ հնարավորությունները։
«ԻՄ ՔԱՅԼԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ․
Հայաստանում իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն հանդես է գալիս «Իմ քայլը» դաշինքով հավակնում է ստանալ քվեների առնվազն 50 տոկոսը, այսինքն ավելի քան 185 հազար քվե, ինչը բավականին իրատեսական է՝ հաշվի առնելով իշխանությունների նկատմամբ ակներև հանրային աջակցության աստիճանը։
Որքան ավելի մեծ լինի «Իմ քայլը» դաշինքին տրված ձայների թիվը, այնքան ավելի վճռական կլինեն իշխանությունները համապետական ընտրություններ «պարտադրելու» և կյանքի կոչելու հարցում (հեղափոխության հաղթանակի վերջնական ինստիտուցիոնալ ամրագրումը)։ Ընտրումներին մասնակիցների երկու երրորդից ավելի քվե ստանալու դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» համապետական ընտրություններին ընդառաջ փակում է իր իշխանությանը լուրջ այլընտրանք ձևավորելու տեսլականը (եթե բացառում ենք ֆորս-մաժորային իրավիճակները)։
«Իմ քայլը» դաշինքի խնդիրն այն է, որ իրենց ընտրական ցուցակի առաջատար Հայկ Մարությանը իր դերասանական գործունեության պատճառով բավականին խոցելի է «սև տեխնոլոգիաների» տեսանկյունից, ու բացառված չէ, որ մրցակիցները փորձեն դա օգտագործել։
«ԼՈՒՅՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «զինակից» նորաստեղծ «Լույս» դաշինքը զգալի անելիք ունի իր ինքնուրույն քաղաքական ռեսուրսն ի ցույց դնելու համար, քանի որ «հեղափոխության հաղթանակի» դափնիները բաժին են հասել բացառապես Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորվող ուժին։ «Լույս» դաշինքի նվազագույն պլանն է հաղթահարել 8 տոկոսի ընտրական շեմը՝ ստանալով 30 հազարից ավել քվե։ Այս նշաձողը հաղթահարելու դեպքում «Լույս» դաշինքը լուրջ հայտ կներկայացնի ապագա խորհրդարանում ինքնուրույն բավականին մեծ խմբակցություն ձևավորելու հարցում։
«Լույս» դաշինքի համար կարող է խնդրահարույց դառնալ իրենց մասնակցության դաշինքային ձևաչափը․ գուցե 8 տոկոսն հաղթահարել գլխացավանք դառնա, մինչդեռ կուսակցական ձևաչափի 6 տոկոսի շեմը հաղթահարելը մեծ բարդություն չլինի։
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ․
Հայաստանում վերջին տասնամյակում քաղաքական ներուժով և էլեկտորալ ռեսուրսով երկրորդ քաղաքական ուժը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը «հետհեղափոխական» փուլում նվազագույն նպատակ ունի պահպանելու իր կարգավիճակը (Երևանի ավագանու 2009 և 2013 թվականի ընտրություններին կուսակցությունը ստացել է ընտրողների քվեի 22,5-23 տոկոսը)։ ԲՀԿ-ն ցանկանում է ստանալ քվեները շուրջ մեկ քառորդ մասը՝ նոր իրավիճակում դառնալով ամենամեծ այլընտրանքային կուսակցությունը։
ԲՀԿ-ի համար խոչընդոտ կարող է հանդիսանալ ընտրությունների կազմակերպման նոր զարգացումները և նախկինում հուսալի ընտրազանգված ապահովող մեխանիզմների արդյունավետության հնարավոր անկումը։
ՓՈՐՁԱՌՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․
«Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցություններն այն քաղաքական ուժերն են, որոնք մասնակցություն են ունեցել 2009 և 2013 թվականների ավագանու ընտրություններին ու զգալի քվե են ստացել (15․000-ից 20․000 ձայն), թեև չեն հաղթահարել ընտրական 6 տոկոսի սահմանը։
Բավականին փորձառություն ունի նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որը 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում կոնսոլիդացված զանգվածի միջոցով ստացավ ձայների 8,5 տոկոսը (35,7 հազար քվե)։
Ավագանու ընտրությունների մասնակցության փորձ ունի նաև «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որը 2017 թվականի ընտրություններին ստացավ ընտրողների ձայների 7,75 տոկոսը (26 հազար քվե), այժմ նոր ընտրությունները ցույց կտան, թե այդ ընտրազանգվածի որքան մասն է պահպանել նախընտրության լոյալությունը։
Այս չորս կուսակցություններից յուրաքանչյուրը տեսականորեն հնարավորություն ունի գրագետ քարոզարշավի միջոցով հաղթահարելու անցողիկ շեմը։
ԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒՏՆ ԱԶԴԱՐԱՐՈՂ ՈՒԺԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․
Ընտրություններին առաջին անգամ մասնակցության հայտ են ներկայացրել 5 քաղաքական ուժ՝ «Ռեֆորմիստներ», «Հայք» (Հայկազուններ), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները ու «Երևանցիներ», «Երևանի հանրություն» դաշինքները։
Փորձառության բացակայության պայմաններում դժվար է որևէ գնահատական տալ այս քաղաքական դերակատարների ներուժին։ Այս ուժերից բավականին մեծ ջանքեր կպահանջվեն անցողիկ շեմին մոտենալու համար, իսկ դաշինքների առում խնդիրը թվում է առավել անլուծելի։
***
Այնուհանդերձ՝ հետհեղափոխական շրջանում ընտրությունները միշտ կարող են անակնկալներ մատուցել, թիրախավորված քաղաքական արշավները ու իրադարձությունների զարգացումները կարող են կանխորոշել ընտրությունների ելքը։
Պետք է արձանագրել, որ հայաստանյան ընտրությունները երբևէ գաղափարների ու ծրագրերի մրցապայքար չեն եղել, իսկ թե որքանով է իրավիճակը փոփոխվել, ցույց կտա քարոզարշավի ու ընտրությունների ընթացքը։
[1] http://res.elections.am/images/doc/police.23.09.18.pdf
[2] http://www.elections.am/council/election-23629/
[3] http://www.elections.am/council/election-25550/
[4] http://www.elections.am/council/election-27340/
[5] ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 141 — http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=105967