Դոնալդ Թրամփն ամերիկյան վիզաների տրամադրման նոր սահմանափակումներ է նախաձեռնում. WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է մշակութային փոխանակման շրջանակներում «J-1» կարգի մուտքի արտոնագրեր տրամադրելու սահմանափակումներ ներդնելու հարցը: Օգոստոսի 27-ին հայտնել է ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրի:
«J-1» կարգի վիզաները ժամանակավոր աշխատանքի իրավունք են տալիս: Այս ոլորտում սահմանափակումները բխում են Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած մտադրությունից, որ նախատեսվում է աշխատանքային շուկայում արտոնություն տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին:
WSJ-ի տվյալներով շուրջ 100 հազար անձինք կարող են զրկվել վիզա ստանալու հնարավորությունից, ովքեր մեկնում են ԱՄՆ ամռանը և աշխատում են հիմնականում առողջարաններում և ազգային պարկերում, ինչպես նաև այն անձինք, ովքեր ժամանում են Միացյալ Նահանգներ երիտասարդների փոխանակման «Au pair» ծրագրով («J-1» կարգի մուտքի արտոնագրերի տրամադրման մասին բոլոր մանրամասնությունները հասանելի է պաշտոնական կայքում):
Այսպիսի ծրագրերի կողմնակիցները գտնում են, որ նմանատիպ նախաձեռնությունները ոչ միայն մշակութային փոխանակում են ենթադրում, այլև սեզոնային աշխատուժի հոսք են ապահովում, ինչը երկրին անհրաժեշտ է: Մյուսներն էլ կարծում են, որ «J-1» վիզայով ԱՄՆ մեկնող օտարերկրացիները խլում են ամերիկացիների աշխատատեղերը:
Նշենք, որ ԱՄՆ մուտքի արտոնագրերի տրամադրման մեխանիզմի փոփոխության Թրամփի այս նախաձեռնությունը երկրորդն է մեկ ամսվա ընթացքում, դեռ օգոստոսի 2-ին նախագահը պաշտոնապես ներկայացրեց «Գրին քարտի» փոխարեն «RAISE ACT» ներդնելու օրինագիծը, որը դեռ պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից:
Ակնհայտ է, որ այսպիսի նախաձեռնություններով Թրամփը երկու հիմնական խնդիր է լուծում.
Առաջին՝ ԱՄՆ քաղաքացիների համար աշխատանքով ապահովման համար նախադրյալներ է ստեղծում, երբ աշխատուժի սակավությունն առաջնահերթ լրացվում է այդ երկրի քաղաքացիների կողմից, ինչը նախագահի քաղաքականության հանդեպ դրական վերաբերմունք է առաջացնում:
Երկրորդ՝ մուտքի արտոնագրերի համակարգի բարդացմամբ Թրամփը ավելի գրավիչ է դարձնում դեպի ԱՄՆ արտագաղթի հնարավորությունն օտարերկրացիների համար, իսկ «քվոտավորման» ներդրմամբ ընդունում է այն անձանց, ովքեր պետության համար իրական արժեք կարող են ներկայացնել: