Ադրբեջանում զանգվածային բողոքի ալիք է հասունանում. լուրջ սպառնալիք Ալիևի համար
Իլհամ Ալիևն իր դեսպոտիզմը պահպանելու համար հաշվեհարդար է տեսնում ազատ մամուլի ներկայացուցիչների հետ: Վերջին աղմկահարույց դեպքն առնչվում էր «Թուրան» տեղեկատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի ձերբակալությանը (օգոստոսի 24):
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու ընդդիմադիր գործիչների համար ակնհայտ է, որ այդ ձերբակալությունը քաղաքական նպատակներ էր հետապնդում: Իսկ ԽՍՀՄ փլուզումից ի վեր գործող լրատվամիջոցը հենց վերջիններիս համար ազատ տեղեկատվական հարթակ էր: Պարզ է, որ Մեհման Ալիևի ձերբակալությամբ իշխանությունները ցանկանում են փակել ադրբեջանական անկախ լրատվության վերջին օղակը: Սակայն որքանո՞վ է իրատեսական ինտերնետային դարաշրջանում խլացնել այլընտրանքային կարծիքի տարածումը:
Նիդերլանդներում գտնվող «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը» և Ֆրանսիայում գործող արբանյակային անկախ «Turan TV» հեռուստաընկերությունը օգոստոս 26-ին հայտարարեցին, որ ի պաշտպանություն Մեհման Ալիևի ԱՄՆ—ի և Եվրոպայի տարբեր քաղաքներում երթեր ու ցույցեր են անցկացնելու՝ «Ազատություն Մեհման Ալիևին» կարգախոսներով: Բողոքի ցույցերն անց են կացվելու մասնավորապես Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի դիմաց, Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի դիմաց, Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց, ինչպես նաև Հաագայում, Բեռլինում, Հռոմում, Լոնդոնում և այլ քաղաքներում:
Սկզբունքորեն պարզ է, որ լրագրողի ձերբակալությունը լուրջ միջազգային արձագանք է ստանալու և Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ քննադատությունն աճելու է:
Ադրբեջանի ներսում ևս բողոքի ալիք է բարձրանում: Օգոստոսի 26-ին քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մամուլի և քաղբանտարկյալների ընտանիքների ներկայացուցիչներ մասնակցության տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարվել է «Ազատություն Մեհման Ալիևին» կոմիտեի ձևավորման մասին:
«Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի» ղեկավար, լրագրող Ավազ Զեյնալովը նշել է, որ Մ. Ալիևի ձերբակալությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանում անկախ մտածողությամբ մարդկանց համար տեղ չի մնացել:
Ազգային ռազմավարական մտքի կենտրոնի ղեկավար Իսա Գամբարի դիտարկմամբ Մ. Ալիևի ձերբակալությունը կապված է այս տարվա վերջերին և 2018 թվականի երկրում սպասվող ճգնաժամային իրավիճակի խորացման հետ: «Թուրանը» գործակալությունը մշտապես ներկայացնում էր երկրում տիրող իրական պատկերը՝ թվերով ու փաստերով, ինչն իշխանությունների համար մանևրելու հնարավորություն չէր տալիս: Գամբարի դիտարկմամբ այս ձերբակալությամբ իշխանությունները մի քանի նպատակ են հետապնդում.
Առաջին՝ խեղդել ազատ մամուլը:
Երկրորդ՝ խորացող ճգնաժամի պայմաններում չեզոքացնել անկախ մտածողությամբ մարդկանց:
Երրորդ՝ միջազգային հանրությանը ուղերձ հղել, եթե նախկինում Ադրբեջանի իշխանություններն պարբերաբար ազատ արձակելով որոշ քաղբանտարկյալների զիջումներ էին կոչում միջազգային հանրությունից, ապա վերջին շրջանում այդ մեխանիզմը չէր գործում, ինչը վերականգնելու համար իշխանությունները որոշեցին ձերբակալել միջազգային մասշտաբով հայտնի լրագրող Մեհման Ալիևին:
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի դիտարկմամբ այդ ձերբակալությամբ իշխանությունները ժողովրդին ուղերձ են հղում, որ բանտում կարող է հայտնվել ցանկացած անկախ մտածողությամբ մարդ: Իսկ միջազգային հանրությանն ասում են, որ անտեսում են նրանց նախկին կոչերը և «օգտագործելով նավթային գործոնը՝ նախատեսում են երկիրը ղեկավարել այնպես, ինչպես ցանկանում են»:
Քերիմլիի կարծիքով քանի դեռ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը հայտարարություններից և բանաձևերից անցում չեն կատարում կոնկրետ գործողությունների, իշխանությունները կշարունակեն բռնաճնշումները: Նա կոչ արեց զանգվածային հասարակական շարժում կազմակերպել, քանի որ իշխանությունների քաղաքականությունը հարվածում է յուրաքանչյուրի իրավունքներին և շահերին, ինչի դեմ կարելի է միայն միասնաբար պայքարել:
«Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին քաղաքական ուժերին կոնսոլիդացման և գործողությունների համակարգման կոչ արեց, այլապես բռնաճնշումներին դիմակայելն ու երկրում փոփոխություններ իրականացնելն անհնար կլինի: Նա շեշտեց, որ 2018 թվականին երկրում նախագահական ընտրություններ են, ուստի փոփոխություններն այժմ է պետք ձեռնարկել, որ իշխանություններն չանցկացնեն այն իրենց սովորական սցենարով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ տարի անց՝ 2018 թվականի հոկտեմբերին, Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, այս շարժումը ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացման մեծ հնարավորություն է տալիս, ինչը կարող է ալիևյան կլանի իշխանական վերարտադրման համար լուրջ վտանգ ներկայացնել: Այժմ միջազգային հանրությունը քննադատություն է բարձրացնում Մեհման Ալիևի ձերբակալության պատճառով և կոչ է անում ազատ արձակել վերջինիս, արտաքին նման զարգացումների պայմաններում այս շարժումը կարող է միջազգային լայն աջակցություն ստանալ և մեծ գլխացավանք դառնալ Իլհամ Ալիևի համար: