Բաքվի «ստալինյան ռեպրեսիաները». Ալիևը պատերազմ է հայտարարել ադրբեջանական վերջին անկախ լրատվական գործակալությանը
Օգոստոսի 24-ին ձերբակալվել է Ադրբեջանի միակ անկախ տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը: «Թուրան» գործակալությունն այս գործողությունները համեմատում է 1937 թվականին ստալինյան բռնաճնշումների հետ («Բաքվում 37 թիվն է՝ 80 տարի անց»):
Ադրբեջանի հարկային նախարարությունը մեղադրել է Մ. Ալիևին մոտ 37 հազար դոլարի հարկային պարտավորություններից խուսափելու համար: «Թուրան» գործակալությունը համեմատության համար նշում է, որ փոխվարչապետ Ալի Հասանովի թոռան ավտոմոբիլային հավաքածուի մեջ 3 մլն-ի մեքենաներ են, սակայն վերջինս 2 ամսով է ձերբակալված ավտովթարի պատճառով, իսկ պապը շարունակում է պաշտոնավարել, ով փախստականներին նպաստների հատկացման գործերով է զբաղվում ու դժվար չէ կռահել, թե որտեղից է կուտակվել այդ միջոցներ:
Մեհման Ալիևին այժմ մեղադրում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 213,1 (հարկերի վճարումից խուսափում), 308,1 (պաշտոնական դիրքի չարաշահում) և 192.2 (անօրինական ձեռներեցություն):
«Ադրբեջանի մամուլի խորհուրդը» դիմել է նախագահ Իլհամ Ալիևին «Թուրան» գործակալության ղեկավարին ազատ արձակելու խնդրանքով՝ հիմնավորելով, թե որքան մեծ էր 1990-ականներին սկզբներին Ադրբեջանի անկախության շարժման ընթացքում «Թուրան» գործակալության դերը: Հայտարարության մեջ նշված է. «Լինելով տեղեկատվության առաջատար աղբյուրներից մեկը՝ գործակալությունն իր ներդրումն է ունեցել հասարակական-քաղաքական միջավայրի ձևավորման գործում և դրանում էր Մեհման Ալիևի ներդրում, ով ապացուցել է, որ արհեստավարժ լրագրող է… դիմելով Ձեզ անսում ենք Ձեր մարդասիրությանը… մենք համոզված ենք, որ Ձեր դիրքորոշումը վճռորոշ նշանակություն կունենա այս խնդրի լուծման մեջ»:
Ցանկացած ժողովրդավարական երկրում մամուլը երբեք չէր դիմի նախագահին՝ լրագրողին ազատ արձակելու խնդրանքով, դրա համար կա արդարադատություն, իսկ նախագահը բացարձակ լիազորութուն չունի միջամտելու դատական գործընթացներին: Սակայն մենք գործ ունենք արևելյան բռնապետության տիպիկ դրսևորում հանդիսացող ալիևյան ռեժմի հետ, ու բոլորի համար էլ պարզ է, որ անկախ օրենսդրության պահանջներից Ադրբեջանում գլխավոր օրենքը Ալիևի կամքն է:
«Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը» ևս պահանջում է ազատ արձակել Մ. Ալիևին: Ինստիտուտ վստահ է, որ ձերբակալությունն ունի քաղաքական ենթատեքստ, որը միտված է ոչնչացնելու ադրբեջանական վերջին ազատ մամուլը: Հայտարարության մեջ նշվում է, որ Մեհման Ալիևի ձերբակալությունն ընթանում է նույն սցենարով, ինչ վերջին տարիների ընթացքում վարվում էր ազատ ԶԼՄ-ների և ՀԿ-ների նկատմամբ՝ նպատակ ունենալով կասեցնել իշխանության հանդեպ քննադատությունները: Ինստիտուտ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված բոլոր լրագրողներին՝ թվարկելով 19 կոնկրետ անուններ:
Իհարկե այս ձերբակալությունից հետո Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության քննադատությունն ավելի կսաստկանա, ինչն էլ հստակորեն կարտահայտվի ժողովրդավարության և մամուլի ազատության միջազգային ինդեքսներում: