Ճապոնիայի սահմանադրական կարգը. կայսրը, իշխանության ճյուղերն ու տեղական ինքնակառավարումը
- Ճապոնիայի սահմանադրությունը
- Ճապոնիայի կայսրը
- Ճապոնիայի խորհրդարանը
- Նախարարների կաբինետը
- Ճապոնիայի դատական համակարգը
- Տեղական ինքնակառավարման համակարգը Ճապոնիայում
Ճապոնիան ժամանակակից համաշխարհային քաղաքականության մեջ առավել ազդեցիկ տերություններից մեկն է: Տնտեսության ներուժով երրորդ երկիրն է աշխարհում, թեև մինչ համաշխարհային տնտեսական ճգնաժամը երկրորդ երկիրն էր՝ զիջելով միայն ԱՄՆ-ին: Ու սա այն դեպքում, երբ երկիրը պարտություն էր կրել Երկրորդ համաշխարհայինի ընթացքում, ենթարկվել էր միջուկային հարձակման, օկուպացիայի, իսկ մյուս կողմից էլ աշխարհագրական տեղանքից ելնելով՝ բնական աղետները հաճախ խաթարում են երկրի բնականոն կյանքը: Ըստ էության՝ պետական կառավարման համակարգը ու սահմանադրական կարգը երկրում առանցքային դեր ունեցավ Ճապոնիայի տնտեսական հրաշքի ճանապարհին:
Իսկ ինչպիսի՞ է երկրի սահմանադրական կարգը: Ճապոնիայի քաղաքական կառուցվածքը գործառնում է խորհրդարանական ներկայացուցչական ժողովրդավարական համակարգի շրջանակներում, որում Ճապոնիայի վարչապետը համարվում է կառավարության գլուխը, մինչդեռ Ճապոնիան սահմանադրական միապետություն է:
Երկրի «հիմնական օրենքն» է ընդունվել է 1947 թ., որը նախատեսում է իրավունքի գերակայություն, կառավարման կոլեգիալություն, մարդու իրավունքների անձեռնմխելիություն, պացիֆիզմի սկզբունքներ: Պետական սուվերենիտետի կրողը հանդիսանում է ճապոնական ժողովուրդը: Իշխանությունը բաժանված է երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական: Օրենսդիր իշխանությունը ներկայացված է երկպալատ խորհրդարանով, իսկ գործադիրը իշխանությունը՝ Նախարարների կաբինետով, ինչպես նաև շրջաններում գործադիր իշխանության մարմիններով, իսկ դատականը՝ Բարձրագույն և շրջանային դատարաններով: Տարբեր մակարդակի տեղական ինքնակառավարման մակարդակում ունեն ինքնակառավարման լայն լիազորություններ: Իշխանության բարձրագույն մարմինը հանդիսանում է խորհրդարանը: Ֆորմալ առումով պետության ղեկավարն է Ճապոնիայի կայսրը, իսկ փաստացիորեն՝ վարչապետը՝ Նախարարների կաբինետի ղեկավարը:
Ճապոնիայի սահմանադրությունը
Ճապոնիայի առաջին սահմանադրությունը ընդունվել է 1889 թ. Ճապոնական կայսրության շրջանում: Այն ստեղծվել էր իրավաբանների խմբի կողմից, Իտո Հիրոբուկիի ղեկավարությամբ, պրուսական սահմանադրության օրինակով, որը ենթադրում էր սահմանադրական միապետության քաղաքական համակարգի ձևավորում: Ճապոնական սահմանադրությունը լայն իրավունքներ է տալիս Ճապոնիայի միապետին, ով պետական սուվերենիտետի կրողն է: Կայսրը կարող է երկրի արտաքին ու ներքին քաղաքականության նագավառին առնչվող որոշումներ ընդունել՝ անգամ շրջանցելով նախարարների կաբինետի կամ խորհրդարանի դիրքորոշումը: Կայսրը իրավունք ուներ հրամաններ և այլ իրավական ակտեր, որոնք ունեին օրենքի ուժ, նա նաև ճապոնական բանակի և նավատորմի գերագույն գլխավոր հրամանատարն էր: Երկրի գլխավոր օրենսդրական մարմինները երկպալատ խորհրդարանն էր: Խորհրդարանի ստորին պալատը կազմվում էր համապետական ընտրություների արդյունքում, իսկ վերին պալատը կայսեր նշանակմամբ՝ տիտղոսակիր ազնվականության խավի շրջանակներից: Սակայն խորհրդարանի գործառույթները բավականին սահմանափակ էին, այն միայն հաստատում էր այն օրենագծերը, որոնք ուղարկում էր կառավարությունը կայսեր անունից: Կայսրության կառավարությունը կոչվում էր Նախարարների կաբինետ, այն ձևավորվում էր Կայսեր հրամանով և իրականացնում էր միապետին երկրի կառավարման գործում օժանդակող մարմնի դեր: Դատական գործերն ևս վարվում Կայսեր անունից: Իսկ Ճապոնիայի բնակչությունը համարվում էին միապետի հպատակներ, քաղաքացիության ինստիտուտ չկար: Սահմանադրությունը երաշխավորում էր երկրի բնակչության հիմնական իրավունքներն ու ազատությունները, սակայն դրանք սահմանափակ էին դառնում այլ օրենքների արդյունքում: Դրանից բացի հաստատվում էր հարկեր վճարելու պարտականությունը և զինվորական համապարտությունը[1]: Կայսերական որոշմամբ էր նաև գործում պարտադիր կրթությունը:
1945 թ. Ճապոնիան պարտություն կրեց Երկրորդ աշխարհամարտում: 1946 թ. նոյեմբերի 3-ին օկուպացիոն իշխանությունների ճնշման տակ Ճապոնիայի կառավարությունն ընդունեց նոր ժողովրդավարական սահմանադրություն: Այն ուժի մեջ մտավ 1947 թ. մայիսի 3-ին: Սահմանադրությունը հռչակվում էր որպես երկրի հիմնական օրենք: Պետական սուվերենիտետի կրողն էր հանդիսանում ճապոնական ժողովուրդը, որն իրականացնում էր երկրի ղեկավարումը անուղղակիորեն, այսինքն խորհրդարանում և շրջանային խորհուրդներիում ընտրված ներկայացուցիչների միջոցով (ներկայացուցչական ժողովրդավարություն): Իսկ Կայսերը նախկին կարգավիճակը իջեցվեց, լիազորությունները կրճատվեցին: Նա դառնում էր Ճապոնական պետականության և ճապոնական ազգի միասնականության խորհրդանիշ, սակայն զրկվում էր երկիրը ղեկավարելու իրավունքից: Կայսեր դերը հանգեցվեց արարողակարգային գործառույթների իրականացմանը (օրենքներ, կառավարության որոշումներ ստորագրել, օտարերկրյա պետությունների ղեկավարներին ընդունել): Նոր սահմանադրությունը ճանաչում էր մարդու հիմնական իրավունքների գերակայությունը, դրանց անքակտելիությունը և անփոխարինելությունը:
Դրա հետ մեկտեղ հաստատվում էր նաև քաղաքացիության ինստիտուտը, հաստատվումն էր հարկերի, աշխատանքի ու կրթության վճարման պարտադիր լինելը: Խորհրդարանը շարունակում էր մնալ երկպալատ, սակայն բոլոր արտոնյալ խավերն ու օլիգարխիկ ինստիտուտները չեղարկվում էին: Նոր սահմանադրություն առանձնահատկությունն էր 9-րդ հոդվածը, որը հռչակում էր պետական քաղաքականության հիմնական սկզբունքը պաֆիցիզմը (լատիներեն «pacificus» — խաղաղարարություն): Ճապոնիան հարաժարվեց պատերազմից որպես միջազգային հիմնախնդիրների լուծման միջոց և վերացրեց զինված ուժերի ինստիտուտը[2]:
1947 թ. ընդունված սահմանադրությունը շարունակում է ուժի մեջ մնալ: Եթե դրա դրույթները չհամապատասխանեն երկրում ու աշխարհում տեղ գտած փոփոխություններին կամ նոր միտումներին, ապա նախատեսված է Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու պրակտիկան: Սկզբում փոփոխությունների նախագիծն ընդունվում է Խորհրդարանի երկու պալատներում՝ պատգամավորների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ, արդեն դրանից հետո փոփոխությունը դրվում է համապետական հանրաքվեի, որի ժամանակ այն պետք է հաստատեն քվեարկելու իրավունք ունեցող երկրի բնակչության կեսից ավելին: Ընդունված փոփոխությունը ճապոնական ժողովրդի անունից հռչակում է Կայսրը[3]:
Ճապոնիայի կայսրը
Համաձայն գործող սահմանադրություն՝ Կայսրը հանդիսանում է «ճապոնական պետության և ճապոնական ազգի միասնության խորհրդանիշ»: 1989 թվականից Ճապոնիայի կայսրն է Ակիհիտոն (թվով 125-րդ կայսրը): Կայսրն իրականացնում է պետության գլխի ֆորմալ գործառույթ, թեև այս կարգավիճակը իրավաբանորեն ամրագրված չէ: Ի տարբերություն Ճապոնական կայսրության ժամանակաշրջանի՝ այժմ Կայսրը զրկված է պետությունը ղեկավարելու իրավունքից: Նա իրականցնում է միայն արարողակարգային գործառույթ և քաղաքական գործունեության մեջ իր բոլոր գործողությունները հարկադրված է համաձայնեցնել երկրի Նախարարների կաբինետի հետ:
Կաբինետի խորհրդով ու հավանությամբ կայսրը իրականացնում է հետևյալ գործունեությունը.
- Հրապարակում է Սահմանադրության մեջ փոփոխությունները, օրենքները, կառավարական հրամանները և միջազգային պայմանագրերը,
- Հրավիրում է Խորհրդարանը,
- Ցրում է Ներկայացուցիչների պալատը,
- Հռչակում է համընդհանուր խորհրդարանական ընտրություններ,
- Հաստատում է պետական նախարարների և օրենքով նախատեսված այլ պետական ծառայողների նշանակումը և պաշտոնից ազատումը, ինչպես նաև դեսպաններին ու բանագնացներին հանձնում է համապատասխան մանդատ կամ հավաստագրեր,
- Հաստատում է համաներում և այլ պատիժների մեղմացում,
- Հանձնում է պարգևներ,
- Հաստատում է օրենքով նախատեսված դիվանագիտական փաստաթղթերի վավերացման հավաստացումը,
- Ընդունում է օտարերկրյա դեսպաններին ու բանագնացներին,
- Իրագործում է արարողակարգերը[4]:
Համաձայն Ճապոնիայի սահմանադրության 8-րդ հոդվածի. «Ոչ մի ունեցվածք չի կարող փոխանցվել Կայսերական ընտանիքին, ձեռք բերվել կամ ընծայվել, եթե չկա Խորհրդարանի համապատասխան բանաձևը»: Ըստ էության կայսրն ու կայսերական տունը սահմանափակված է իր ունեցվածքային իրավունքներով: 1947 թվականից գործու է Կայսերական տան մասին օրենք[5], համաձայն որի Կայսերը ցմահ է իր պարտականությունների մեջ, նրան հաջորդողն ընտրվում է Կայսերական տոհմի տղամարդկանց հիմնական ճյուղի որդիներից: Եթե ժառանգորդ Կայսերը հիվանդ է կամ ոչ չափահաս նախատեսված է նաև խնամակալության ինստիտուտ: Կայսեր և կայսերական տան բոլոր գործերով զբաղվում է Ճապոնիայի Նախարարների կաբինետի Կայսերական տան գործակալությունը[6]:
Ճապոնիայի խորհրդարանը
Իշխանության բարձրագույն մարմինը Ճապոնիայում խորհրդարանն է՝ «Պետական խորհուրդը»: Այն պետական ինքնիշխանություն կրող ճապոնական ժողովրդի կամքի մունետիկն է: Խորհրդարանը նաև միակ օրենսդիր մարմինն է, միայն այն իրավունք ունի օրենքներ ընդունել[7]:
Ճապոնական խորհրդարանը երկպալատ է, այն կազմված է ստորին՝ Ներկայացուցիչների պալատից ու վերին՝ Խորհրդականների պալատից: Ներկայացուցիչների պալատում ընտրվում ն 480 պատգամավորներ 4 տարի ժամանակահատվածով: Ստորին պալատը քննարկում և հաստատում է հիմնական օրինագծերը: Իսկ Խորհրդականների պալատը կազմված է 242 պատգամավորից, որոնք ընտրվում են 6 տարով: Վերջինս ստուգում է ստորին պալատի կողմից ընդունված օրինագծերը, հաստատում կամ հետ է վերադարձնում լրամշակման[8]:
Երկու պալատների պատգամավորներն էլ ընտրվում են ուղղակի քվեարկությամբ: Ներկայացուցիչների պալատի համար նախատեսված է 25 տարվա տարիքային շեմ, իսկ Խորհրդականների պալատի համար՝ 35 տարվա:
Ներկայացուցիչների պալատի 480 պատգամավորներից 300-ը ընտրվում են միամանդատ շրջաններից, իսկ մնացյալ 180-ը 11 համապետական բազմամանդատ շրջաններից:
Նույն տրամաբանությամբ Խորհրդականների պալատի 242 պատգամավորներից 96-ը ընտրվում են միամանդատ համակարգով, իսկ մնացյալ 146-ը՝ 47 պրեֆեկտուրային բազմամանդատ շրջաններից[9]: Ընտրությունները անց են կացվում համամասնական համակարգով, այսինքն պատգամավորներն ընտրվում են միայն կուսակցական համակարգերով:
Ներկայացուցիչների պալատն ունի շատ ավելի մեծ լիազորություններ, քան Խորհրդականների պալատը: Մասնավորապես՝ Ներկայացուցիչների պալատը կարող է ընդունել օրինագծեր իր պատգամավորների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ, եթե անգամ վերին պալատը հետ էր ուղարկել այդ օրինագիծը կամ այն չի հաստատել 60 օրվա ընթացքում: Ներկայացուցիչների պալատի որոշումը, կապված բյուջեի հաստատման, պայմանագրերի վավերացման և վարչապետի նշանակման հետ, ստանում են համախորհրդարանական կարգավիճակ, երբ անգամ երկու պալատների միջև համաձայնություն չկա կամ Խորհրդականների պալատը սեփական որոշումը չի կայացրել: Ներկայացուցիչների պալատին է վերագրված նաև ըստ անհրաժեշտության կառավարությանը անվստահություն հայտնելը[10]:
Խորհրդարանի նստաշրջանները պարբերական բնույթ են կրում: դրանք հրավիրվում են Նախարարների կաբինետի հրամանով և մեկնարկում են Կայսեր մասնակցությամբ: Խորհրդարանի նստաշրջանները լինում են պլենար, ժամանակավոր ու արտակարգ: Պլենար նստաշրջանը մեկնարկում է ամեն տարի հունվարի կեսերին և շարունակվում է 150 աշխատանքային օր: Այն կարող է երկարացվել Խորհրդարանի երկու պալատների որոշմամբ: Պլենար նստաշրջանում ընդունվում է պետության հերթական տարվա բյուջեն, անց են կացվում քննարկումներ և ընդունվում են օրինագծեր:
Ժամանակավոր նստաշրջանները կարող են հրավիրվել պլենար նստաշրջանի ավարտից հետո՝ խորհրդարանական արձակուրդների շրջանում, երբ ի հայտ են գալիս ինչ-որ քաղաքական խնդիրներ: Այդպիսի նստաշրջան կարող է հրավիրվել Նախարարների խորհդի պահանջով կամ էլ Խորհրդարանի պալատներից մեկի պատգամավորների մեկ քառորդի պահանջով:
Արտակարգ նստաշրջան հրավիրվում է վարչապետի հրամանով Խորհրդարանը Ներկայացուցիչների պալատը ցրելու ժամանակ՝ կառավարությանը անվստահություն հայտնելուց հետո: Այն մեկնարկում է Ներկայացուցիչների պալատի արտահերթ արտահերթ ընտրությունների ավարտից հետո 40 օրվանից և ընթանում է 30 օր:
Ներկայացուցիչների պալատը կարող է ցրվել վարչապետի որոշմամբ, երբ հակադրություն է առաջանում կառավարության և խորհրդարանի միջև: Խորհրդականների պալատը ցրման ենթակա չէ, սակայն դադարեցնում է իր գործունեությունը Ներկայացուցիչների պալատի արտահերթ ընտրությունների ժամանակ: Արտակարգ իրավիճակների ժամանակ, որոնք տեղի են ունեցել այդ ընտրությունների շրջանում, Նախարարների կաբինետը կարող է հրավիրել միայն Խորհրդականների պալատի նիստ քաղաքական որոշումներ կայացնելու համար: Այդ որոշումները կարող են ուժը կորցված ճանաչվել, եթե նոր ընտրված Ներկայացուցիչների պալատի արտակարգ նստաշրջանի մեկնարկից հետո 10 օրվա ընթացքում չընդունվեն:
Ճապոնական խորհրդարանի պարտականությունների ու լիազորությունների մեջ է մտնում.
- Ընդունել օրենքներ,
- Վավերացնել միջազգային պայմանագրեր,
- Սահմանադրություն մեջ փոփոխություններ նախաձեռնել,
- Քննարկել և ընդունել պետական բյուջեն, ինչպես նաև նախարարների կաբինետի առաջարկությունները,
- Խորհրդարանի պատգամավորների շարքից ընտրել վարչապետ,
- Նախարարների կաբինետին անվստահություն հայտնել,
- Վերահսկել պետական կառավարումը, որն իրականացվում է Նախարարների խորհրդի կողմից,
- Ընդունել դատարաններին իմպիչմենտի ենթարկման որոշումներ, որը իրագործվում է Նախարարների խորհրդի կողմից:
Խորհրդարանում օրենքներ ընդունելու գործընթացն այսպիսին է: Սկզբում խորհրդարանի պատգամավորները կամ Նախարարների կոմիտեն հանձնում են օրինագիծը Խորհրդարանի պակլատներից մեկի ղեկավարին: Դրան ծանոթանալով՝ պալատի ղեկավարը այն հանձնում է մասնագիտացված կոմիտեներին, որում պատգամավորները անց են կացնում փաստաթղթի փորձագիտություն: Հատուկ դեպքերում փորձագիտությունից բացի անց են կացվում նաև հասարակական լսումներ, որի մեջ ներգրավվում են գիտնականների և մասնագետների, ովքեր Խորհրդարանի անդամ չեն, սակայն ովքեր ունեն երևույթի առավել խորը ընկալում, քան պատգամավորները: Երբ կոմիտեները հաստատում են օրինագիծը, այն ուղղարկվում է խորհրդարանական նիստերին՝ ընդունելու համար: Երբ փաստաթուղթը ընդունվում է մեկ պալատի կողմից, այն հանձնվում է մյուս պալատի դատին: Այդ պալատում օրինագիծն անցնում է նույն ուսումնասիրման գործընթացը, ինչ մյուս պալատում էր: Եթե այն չի հաստատվում, ապա օրինագիծը քննարկման է դրվում երկու պալատների համատեղ նիստին: Եթե Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված օրինագիծը մերժվել է Խորհրդականների պալատի կողմից, ապա ստորին պալատը կարող է դրան օրենքի կարգավիճակ տալ՝ պատգամավորների երկու երրորդի համաձայնությամբ: Նոր օրենքը պալատների\ղեկավարների կողմից հանձնվում է Նախարարների կաբինետին, որն էլ դրա մասին հայտնում է Կայսերը: Վերջինս էլ պետք է այն հրապարակի 30 օրվա ընթացքում:
Նախարարների կաբինետը
Նախարարների կաբինետը հանդիսանում է Ճապոնիայի գործադիր իշխանության ղեկավար մարմին: Այն ղեկավարում է երկիրը համաձայն օրենքների և բյուջեի, որոնք հաստատվում են խորհրդարանի կողմից: Նախարարների կաբինետը հաճախ անվանում են նաև Ճապոնիայի կառավարություն[11]: Կառավարությունը ղեկավարում է վարչապետը (այժմ այդ պաշտոնին է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սինձո Աբեն), ով փաստացի երկրի գլուխն է: Նա ընտրվում է պատգամավորների շարքից և հաստատվում է Կայսեր կողմից: Վարչապետը նախագահում է կառավարութան խորհրդակցությունները, ունի նախարարներին աշխատանքից հեռացնելու միանձնյա իրավունք[12]:
Կաբինետը կազմված է պետական նախարարներից, որոնց թիվը տատանվում է 14-ից մինչև 17-ի սահմաններում, որոնք ղեկավարում են մասնագիտացված նախարարությունները: Բոլոր նախարարներին նշանակում է վարչապետը: Համաձայն օրենքի բոլոր նախարարները պետք է քաղաքացիական անձինք լինեն:
Նախարարների կաբինետը ղեկավարում է երկիրը համաձայն խորհրդարանի կողմից տրված վստահության քվեի: Կաբինետի անդամների կեսը պետք է նշանակվեն խորհրդարանի երկու պալատների պատգամավորներից: Փաստացիորեն ճապոնական խորհրդարանը հանդիսանում է ճապոնական կառավարության ձևավորվման վայրը:
Նախարարների կաբինետը պատասխանատու է խորհրդարանի առջև պետական կառավարման իրագործման համար, եթե արդյունքները բավարար չեն, կառավարությունը լուծարվում է: Լուծարումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ խորհրդարանը անվստահություն է հայտնում կառավարությանը: 10 օրվա ընթացքում, երբ հակասություն է նկատվում խորհրդարանի և կառավարության միջև, վարչապետը կարող է ցրել Ներկայացուցիչներըի պալատը և նոր ընտրություններ նշանակել, որպեսզի իմանա, թե ում է աջակցում սովորական քաղաքացին: Եթե կառավարական կուսակցությունը հավաքում է ձայների մեծամասնություն, ապա Կաբինետը ընտրվում է նոր ժամանակահատվածի համար, իսկ եթե պարտվում է, ապա կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տալիս: Դրանից բացի Նախարարների կաբինետը մշտապես թարմացվում է Ներկայացուցիչների պալատի նոր ընտրությունների արդյունքում:
Նախարարների կաինետի հիմնական պարտականություններն ու իրավունքներն են.
- Խորհրդարանի կողմից ընդունված օրենքիների ու յուջեի հիմքով ղեկավարել երկիրը,
- Ստորագրել միջազգային պայմանագրեր,
- Խորհդրարանի քննարկմանն ու հաստտմանը ներկայացնել երկրի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը,
- Ընդունել կառավարչական որոշումներ և հրամաններ օրենքները կատարելու համար,
- Հրավիրել խորհրդարանի ժամանակավոր նստաշրջան և Խորհրդականների պալատի արտակարգ նստաշրջան,
- Ցրել ներկայացուցիչների պալատը,
- Օրինագծեր ներկայացնել խորհրդարան,
- Գերագույն դատարանի նախագահի պաշտոնին թեկնածու առաջադրում և ավելի ցածր աստիճանի դատաարանների դատավորների նշանակում,
- Խորհուրդներ տալ Ճապոնիայի կայսերը պետական արարողակարգերի կատարման գործում:
2012 թ. դեկտեմբերից մինչ օրս Ճապոնիայում իշխում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որի նախագահը վարչապետն է[13]:
Ճապոնիայի դատական համակարգը
Ինչպես ժամանակակից ժողովրդավարական այլ երկրներում, այնպես էլ Ճապոնիայում դատական իշխանության մարմինները դատարաններն են: Դրանք նախատեսված են օրենքներին հետևելու և հակասությունները լուծելու համար՝ համաձայն գործող օրենսդրության: Ճապոնիայում դատական իշխանությունը հանդիսանում է անկախ մյուս իշխանական ճյուղերից՝ օրենսդիր և դատական իշխանություններից, ինչը պարտադիր պայման է արդարադատության իրագործման մեջ:
Դատարանները ղեկավարվում են անկախ դատավորների կողմից՝ առաջնորդվելով միայն Սահմանադրությամբ, օրենքներով ու սեփական խղճով: Դատական իշխանության կարևորագույն լիզաորություններից մեկն է սահմանադրական վերահսկողությունը, այսինքն դատական իշխանությունը ստուգում է, արդյոք Խորհրդարանի կողմից ընդունված և կառավարությանը ներկայացված օրենքները համապատասխանում են արդյոք երկրի սահմանադրությանը: Հենց այս գործառույթի համար դատարանները նաևանվանվում են «սահմանադրական ժամապահներ»[14]:
Ճապոնական դատարանը բաժանվում է Ճապոնիայի գերագույն դատարանի և ցածր օղակների դատարանների: Վերջիններս կազմված են դիսցիպլինար, ընտանեկան, շրջանային և բարձրագույն դատարաններից: Իսկ գերագույն դատարանը երկրի դատական իշխանության բարձրագույն մարմինն է: Այն կրում է սահմանադրական վերահսկողության իրավունք և վերջին օղակի դատարանն է, որի որոշումները բեկանման ենթակա չեն: Գերագույն դատարանի կազմում եննախագահողն ու 14 դատավորներ, ովքեր առաջադրվում են Նախարարների կաբինետի կողմից և նշանակվում են Կայսեր կողմից[15]: Իսկ ավելի ցածր օղակների դատավորները նշանակվում են Նախարարների կաբինետի կողմից:
Արդարադատությունը բաժանված է քաղաքացիական և քրեական գործերի, դրանք իրագործվում են Ճապոնիայի բոլոր գլխավոր օրենքների հավաքածուի՝ այսպես կոչված «Վեցի կոդեքսի» հիմքով:
Քաղաքացիական հարցերով դատարանները դիտարկում են հայցեր, որոնք վերաբերում են ֆինանսներին, անշարժ գույքին, առևտրային պայմանագրերին, տրանսպորտին, վնասի հաոտւցմանը և յալն: Սովորաբար քաղաքացիական հայցերն անց են կացվում հայցվորի փաստաբանների ու պատասխանողի մասնակցությամբ: Եթե կողմերը համաձայն չեն դատարանի որոշման հետ, ապա դատարանը իրավունք ունի կիրառել ուժային միջոցներ որոշման իրագործման համար:
Քրեական գործերով դատարանները դիտարկում են այն հայցերը, որոնք վերաբերում են սպանություններին, գողությանը, խուլիգանությանը և այլ հակասոցիալաակն հանցագործությունները: Տուժածի կողմից որպես մեղադրող հանդես է գալիս դատախազը, իսկ կասկածյալի կողմից՝ որպես պաշտպանվող կողմ՝ փաստաբանը: Բոլոր կասկածյալները լիազորված են անմեղության կանխավարկածով, քանի դեռ իրենց մեղքը չի ապացուցվել: Կախված դատական գործընթացի արդյունքներից՝ դատավորը համապատասխան որոշում է ընդունում:
Որպես կանոն, բոլոր դատական գործընթացները բաց են հասարակության համար: Սակայն կոնկրետ գործը վարող դատավորների միաձայն որոշմամբ դատական նիստերը կարող են նաև փակ դռների հետևում անցկացվել: Եթե դատական գործընթացի մեջ մասնակից կողմերից մեկը բավարարված չի լինում դատարանի որոշմամբ, ապա կարող է ողոքարկել ավելի բարձր օղակի դատարաններում, հասնելով մինչև Գերագույն դատարան[16]:
Տեղական ինքնակառավարման համակարգը Ճապոնիայում
Ճապոնիայում տեղական ինքնակառավարումն իրականացվում է վարչատարածքային միավորումների միջոցով՝ պրեֆեկտուրա, քաղաք, ավան, գյուղ: Ճապոնիայում այն անվանվում է «ժողովրդավարության դպրոց»: նշված յուրաքանչյուր մակարդակի համայնքը ընտրում է իր հաամար իշխանություն, որը զբաղվում է տեղի ջրամատակարարման, հրդեհային ծառայության, գրադարանների, աղբահանության, ծեր քաղաքացիների հանդեպ խնամքի, արդյունաբերությանը օժանդակության և այլ գործերով[17]:
Տեղական համայնքի իշխանությունները կազմված են միապալատ խորհրդից և կառավարությունից: Խորհուրդը լինում է պրեֆեկտուրալ և մունիցիպալ: Մունիցիպալ խորհուրդները բաժանվում են քաղաքային, ավանային և գյուղկան տիպերի: Խորհրդի պատգամավորներն ընտրվոմ են ուղղակի քվեարկությամբ 4 տարի ժամանակահատվածով: Խորհրդի պատգամավորների ընտրության համար տարիքային շեմն է 25 տարին: Խորհուրդներն ընդունում են ենթաօրենսդրական ակտեր, որոնք գործում են խորհրդի ենթակայության տակ գտնվող տարածքներում, խորհուրդը նաև թարմացնում կամ վերացնում է նախորդ որոշումները: Խորհուրդների պատգամավորներն ընդունում են տեղական բյուջեն:
Տեղական ինքնակառավարման գործադիր իշխանությունը հանդիսանում է տեղական կառավարությունները, որոնք ձևավորվում են տեղական պաաշտոնյաներից: Նրանք ընտրվում են համայնքի անդամներից քվեարկության միջոցով և համաձայն քննության արդյունքների: Տեղական կառավարությունները ղեկավարում են տեղի (պրեֆեկտուրա, քաղաք, ավան, գյուղ) գլուխները: Պրեֆեկտուրաներում դրանք պրեֆեկտներն են, կարելի է նաև անվանել նահանգապետեր, իսկ պրեֆեկտուան՝ նահանգ: Իսկ քաղաքներում ղեկավարներն են քաղաքապետերը: Նրանք ընտրվում են համայնքի կողմից ուղղակի ընտրությունների արդյունքում 4 տարի ժամանակահատվածով: Նահանգապետի համար տարիքային շեմը 30 տարեկանն է, իսկ մունիցիպալ մակարդակում՝ 25 տարեկանը: Եթե խորհրդի և կառավարության միջև խնդիր է առաջանում, խորհուրդը կարող է անվստահություն արտահայտել կառավարության հանդեպ, իսկ կառավարությանը կարող է ցրել խորհուրդը կամ վետո դնել նրա ընդուննած որոշումների նկատմամբ:
Տեղական իշխանությունները իրավունք ունեն հաստատելու պրեֆեկտուրալ և մունիցիպալ հարկեր տեղական բյուջեի համալրման համր: Տնտեսական ճգնաժամի պարագայում տեղական կառավարությունը կարող է հրապարակել մունիցիպալ պարտատոմսեր, իսկ կենտրոնական կառավարությունը միջոցներ (դոտացիաներ) հատկացնել կենտրոնական գանձարանից՝ համայնքի կենսագործունեության ապահովման համար: Տեղական բյուջեի հիմնական ծախսերն արվում են շինարարության, կրթության և տարածքի բարեկարգման համար:
Տեղական համայնքների անդամները ազդում են ինքնակառավարման վրա ընտրությունների, հանրաքվեի, ստորագրություններ հավաքելու, խնդրագրեր (պետիցիաներ) ներկայացնելու, ցույցեր կազմակերպելու և այլ միջոցներով: Տեղական կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողության համար գործում են շահույթ չհետապնդող կազմակերպությունների և արհմիությունների զարգացած ցանց:
[1] Ճապոնական կայսրության սահմանադրության տեքստի անգլերեն թարգմանությունը տե՛ս The Constitution of the Empire of Japan // http://www.ndl.go.jp/constitution/e/etc/c02.html
[2] Ճապոնիայի գործող սահմանադրություն տեքստն անգլերեն թարգմանությամբ տե՛ս http://www.ndl.go.jp/constitution/e/etc/c01.html
[3] Տե՛ս նույն տեղում:
[4] Տե՛ս Ճապոնիայի Սահմանադրության, հոդված 7:
[5] The Imperial Household Law of 1947, January 16, English edition // http://core.ecu.edu/hist/tuckerjo/1947law.html
[6] Տե՛ս Կայսերական տան գործակալության պաշտոնական կայքը http://www.kunaicho.go.jp/
[7] «Խորհրդարանի մասին» օրենք, ընդունված 30.04.1947, № 79 // http://law.e-gov.go.jp/htmldata/S22/S22HO079.html
[8] Fukue, Natsuko, “The basics of being a lawmaker at the Diet”, Japan Times, January 4, 2011, էջ 3:
[9] Տե՛ս Խորհրդականների պալատի պաշտոնական կայքը http://www.sangiin.go.jp/
[10] Տե՛ս Ճապոնիայի ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքը http://www.shugiin.go.jp/
[11] Ճապոնիայի Նախարարների կաբինետի պաշտոնական կայք http://www.cao.go.jp/
[12] «Նախարարների կաբինետի մասին» օրենք, ընդունված 16.01.1947 // http://law.e-gov.go.jp/htmldata/S22/S22HO005.html
[13] Տե՛ս Ճապոնիայի վարչապետի պաշտոնական կայքը http://www.kantei.go.jp/
[14] «Դատարանների մասին» օրենք, ընդունված 16.04.1947 թ. // http://law.e-gov.go.jp/htmldata/S22/S22HO059.html
[15] Տե՛ս Ճապոնիայի Գերագույն դատարանի պաշտոնական կայքը http://www.courts.go.jp/
[16] // http://law.e-gov.go.jp/htmldata/S22/S22HO059.html
[17] «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք, ընդունված 17.04.1947 թ. // http://law.e-gov.go.jp/htmldata/S22/S22HO067.html