Ռուսաստանի այլընտրանքային պլանը. ինկրեմենտալիզմից մինչև «բաժանիր, որ տիրես» քաղաքականություն. Russia Matters
Ներկայացնում ենք ամերիկյան «Russia Matters» պարբերականի «Ռուսաստանի այլընտրանքային պլանը. բաժանիր, որ տիրես» հոդվածը:
ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության ռուսական ռիսկային արկածները, կարծես, արդյունք տվեցին: Հիլարի Քլինթոնը, ով խոստանում էր Մոսկվայի նկատմամբ կոշտ քաղաքականություն որդեգրել, պարտվեց ընտրություններում: Նախագահ ընտրվեց Դոլանդ Թրամփը, ով Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հայտարարություններով էր հանդես գալիս (մինչև իսկ պատժամիջոցների վերացում):
Սակայն արդեն 2017 թ. ամռանը ռուսական «հաղթանակի» փուչիկը պայթեց: Ռուսամետության ներքին մեղադրանքների պայմաններում Թրամփն անկարող եղավ փոխել Մոսկվայի նկատմամբ արտաքին քաղաքական կուրսը: Դրան հետևեց արդեն ՆԱՏՕ-ի զինուժի և հրթիռային պաշտպանության ամրապնդման օրակարգը, իսկ ԱՄՆ Կոնգրեսը զրկեց նախագահին հակառուսական պատժամիջոցները մեղմացնելու հնարավորությունից, ավելին՝ ընդունեց նոր պատժամիջոցներ (կարդացե՛ք. «ԱՄՆ-ը կտրում է Ռուսաստանի «երակները». նոր պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը»):
Եվրոպայում ևս իրավիճակը ոչ ի նպաստ Ռուսաստանի էր դասավորվում: Մոսկվան ակնկալում էր, որ Ֆրանսիայում և Գերմանիայում այս տարի անցկացվող բարձրագույն իշխանության ընտրությունները կարող են իրավիճակը փոխել, սակայն այժմ Կրեմլի տեսլականը փլուզվել է: Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթեց Էմանուել Մակրոնը, երբ Ռուսաստանն անուղղակիորեն աջակցություն էր հայտնում նրա մրցակցին` Մարին Լե Պենին:
Իսկ սեպտեմբերին Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում մեծ հավանականությամբ նորից կհաղթի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, իսկ կանցլերի պաշտոնը նորից կմնա Անգելա Մերկելի տնօրինության տակ, ով Մոսկվայի նկատմամբ բնավ ջերմ վերաբերմունք չի ցուցաբերում: Ֆրանս-գերմանական դաշինքի նոր վերափոխումները Կրեմլին ոչ մի լավատեսության առիթ չի տալիս: Ավելին՝ Եվրամիությունը հերթական անգամ երկարաձգեց պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ (կարդացե՛ք. «Ռուսաստանի դեմ ներդրված պատժամիջոցների ու պատասխան քայլերի ժամանակագրությունը»):
Այնուհանդերձ Ռուսատանը չի պատրաստվում հրաժարվել իր արտաքին քաղաքականության գերակայություններից, շարունակելու է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Դոնբասի անջատողականներին, խոսք լինել չի կարող Ղրիմի հարցում զիջումների մասին: Մոսկվան նաև չի ընդունում ամերիկյան ընտրություններին միջամտելու մեղադրանքները: Սակայն մյուս կողմից Ռուսաստանը ցույց է տալիս իր կարևորությունը մասնավորապես Սիրիայի և Լիբիայի հակամարտություններում համաձայնության գալու հարցում, եթե իհարկե Արևմուտքը (առաջնահերթ ԱՄՆ-ը) մոսկովյան ջանքերին դրական արձագանքի:
Կրեմլի այս ինկրեմենտալիստական ռազմավարությունը, երբ Ռուսաստանն աստիճանաբար դրական քայլեր է նախաձեռնում, Վաշինգտոնի նկատմամբ բավարար ազդեցություն չունի, փոխադարձ քայլեր պետք չէ ակնկալել: Կոնգրեսյան քննարկումներից ակնհայտ է դառնում, որ ամերիկյան պատժամիջոցները կարող են մեղմացվել միայն Ռուսաստանի կողմից լուրջ փոփոխությունների իրականացման դեպքում:
Ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունից պարզ է, որ Վաշինգտոնը պատժամիջոցները չի հանի անկախ Ուկրաինայում և Սիրիայում ձեռնարկվող քայլերից, քանի դեռ պետությունը ղեկավարում է Վլադիմիր Պուտինը, ով մեծ հավանականությամբ այդ պաշտոնում կմնա մինչև 2024 թվականը:
Սակայն Արևմուտքը միասնական չէ Ռուսաստանի նկատմամբ սանկցիոն քաղաքականության հարցում: Խնդիրն այն է, որ Վաշինգտոնը չի համաձայնեցնում իր դաշնակիցների հետ պատժամիջոցների խստացման որոշումները, մինչդեռ նոր օրինագծի սահմանափակումները տարածվում են նաև եվրոպական ընկերությունների նկատմամբ: ԱՄՆ-ն իր խաղի կանոններն է թելադրում «հին աշխարհին», ինչը Եվրոպայի համար անընդունելի է:
Այս իրավիճակն է ձեռնտու Ռուսաստանին, վերջինս փորձում է իր նկատմամբ վարվող քաղաքականության հարցում բաժանվածություն ստեղծել ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների միջև:
Պուտինը նախկինում ի ցույց է դրել ռազմավարական փոխզիջման գնալու պատրաստակամությունը: Ենթադրաբար նա պատրաստ է եվրոպացիների պահանջները բավարարող զիջումների գնալ, եթե պատժամիջոցների հարցում Արևմուտքի միասնականությունը վերանայվի: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առաջացող ջրբաժանը Պուտինին մանևրելու հնարավորություն է տալիս՝ առանց նշանակալի զիջումների ցանկալի արդյունք ստանալու համար: