Պուտինը դարձել է Կադիրովի գերի՞ն. Le Figaro
Ներկայացնում ենք ֆրանսիական «Le Figaro» պարբերականի «Պուտինը դարձել է Կադիրովի գերի՞ն» հոդվածը:
Ռուսաստանի կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետությունը 2007 թվականից ղեկավարում է Ռամզան Կադիրովը, ով հայտնի է իր բարձրագոչ հայտարարություններով ու երբեմն զավեշտալի արարքներով: Այս տարիների ընթացքում նա զգալիորեն ամրապնդել է իր իշխանությունը, իսկ այժմ առիթը բաց չի թողնում ցույց տալու, որ ենթարկվում է միայն Վլադիմիր Պուտինին:
Կրեմլն գնահատում է այն իրողությունը է, որ Կադիրովի միջոցով անջատողականության հարցը Չեչնիայում կարգավորված է: Պուտինի սրտով է նաև Կադիրովի հավատարմության գունագեղ հավաստիացումները, վերջինս անգամ առաջարկում է Վլադիմիր Պուտինին հայտարարել ցմահ նախագահ և նշում է, որ պատրաստ է մեռնել հանուն նրա: Թեև նման հայտարարությունների անկեղծությունը կասկածանք է առաջացնում, բայց Ռուսաստանի ղեկավարը բարձր է գնահատում, որ Չեչնիան ընտրությունների ժամանակ պարբերաբար իրեն գրեթե 100 տոկոս ձայն է ապահովում, ինչը ինքնավար հանրապետության ղեկավարի աշխատանքի լավագույն չափանիշն է:
Ի պատասխան Ռամզան Կադիրովն իր բաստիոնում քարտ-բլանշ է ստացել: «International Crisis Group» կազմակերպության ներկայացուցիչ Եկատերինա Սոկիրյանսկայայի խոսքերով՝ նա միակն է, որ հատուկ ծառայությունների նկատմամբ վերահսկողություն ունի իր կողմից ղեկավարվող շրջանում, իսկ մնացյալ տեղերում այն դաշնային իշխանության ենթակայության տակ է: Սեփական «պրետորիական գվարդիայով» (20-30.000 մարդ) շրջապատված Կադիրովն անգամ սպառնում է կրակ բացել դաշնային ուժերի ուղղությամբ իր «կալվածքը» մտնելու դեպքում: Պետական կառույցների (Անվտանգության դաշնային ծառայություն) և ընկերությունների («Ռոսնեֆտ», «Սբերբանկ») հետ իր հաճախակի բնույթ ունեցող հակասությունները լուծվում են անմիջականորեն նախագահի գրասենյակում, քանի որ Կադիրովը միջնորդություն չի հանդուրժում:
Այդ հատուկ կարգավիճակը նրան առաջ է մղում, որ փորձի ընդլայնել իր ազդեցությունը Չեչնիայի տարածքից դուրս՝ լուրջ լարվածություն առաջացնելով հարևանների մոտ (Դաղստան, Ինգուշեթիա, Ստավրոպոլի երկրամաս): Դրանից բացի Կադիրովը կրեմլյան դիվանագիտությանը գրեթե զուգահեռ կապեր է պահպանում սուննիական աշխարհի հետ: Նրա անձնական հիմնադրամը մասնակցում է Հալեպում գլխավոր մզկիթի վերակառուցմանը: Դրանից բացի նա իր մարդկանց ուղարկում է կռվելու Դոնբասում ուկրաինացիների դեմ, Սիրիայում ապստամբների դեմ՝ ի աջակցություն Բաշար Ասադի:
Կադիրովի հիպերակտիվությունը Կրեմլին ուղղակիորեն չի խանգարում, սակայն անուղղակի խոչընդոտներ է ստեղծում: Որպես Վլադիմիր Պուտինի «զինվոր» (այդպես ինքն է իրեն անվանում)`նա բացահայտորեն սպառնալիքներ է հնչեցնում ողջ Ռուսաստանում քաղաքական ու սեռական փոքրամասնությունների հասցեին: Ավելին, եթե հավատանք մեղադրանքներին, նա հաճախ այդ սպառնալիքներն իրականացնում է:
2017 թվականի գարնանը Կադիրովը «մաքրեց» Չեչնիան միասեռականներից: Ինչը Արևմուտքում բողոքի ալիք բարձրացրեց, իսկ Վլադիմիր Պուտինը հարկադրված էր լսելու մի շարք երկրների կառավարությունների դժգոհությունը: Այնուհանդերձ Կրեմլի ղեկավարի կողմից քննադատություն չհնչեց, բարկության նշույլ անգամ չերևաց, թեև ՌԴ նախագահը բոլոր իրավունքներն ունի ցանկացած պահի պաշտոնից ազատելու ցանկացած շրջանի ղեկավարին:
Այս տեսանկյունից կարծիք է ձևավորվում, որ Վլադիմիր Պուտինը դարձել է Ռամզան Կադիրովի «գերին»: Քաղաքական-աշխարհագրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նիկոլայ Պետրովը նշում է. «Կադիրովը Կրեմլի համար անփոխարինելի է, քանի որ նրա լեգիտիմությունը Պուտինից կախված չէ: Կրեմլը դարձել է Կադիրովի գերին, քանի որ նրանից ազատվելու դեպքում ավելի շատ բան կարող է կորցնել, քան ստանալ»:
Նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին Կադիրովի իշխանությունը անվանում է ավազակային ցանց, որ կարող է ցանկացած պահի դուրս գալ վերահսկողությունից, ինչն անպայման կլինի Ռուսաստանում իշխանության փոփոխության դեպքում:
Հոդվածում անդրադարձ չկա այն հարցին, թե որքանով է շահավետ Կրեմլի ու մասնավորապես հենց Պուտինի համար Կադիրովի իշխանությունը: Այդ տեսանկյունից պարզ է դառնում, որ Չեչնիայի ղեկավարի ու ՌԴ նախագահի շահերը համահունչ են: Մի կողմից Կադիրովն ինչ-որ տեղ հանդես գալիս որպես Պուտինի ոչ պաշտոնական խոսափողն ու այն դեպքերում, երբ Դաշնության նախագահն ի պաշտոնե չի կարող որևէ խնդրի վերաբերյալ արմատական հայտարարություն անել, դա անում են նման օդիոզ գործիչները: Մյուս կողմից Կադիրովը, հնազանդություն հայտնելով միայն Պուտինին, ամրապնդում է ՌԴ նախագահի դիրքերը, քանի որ եթե այլ մարդ ղեկավարի Ռուսաստանը Չեչնիայի ապստամբության սպառնալիքը կարող է իրողություն դառնալ — խմբ.: