ԽՍՀՄ – Ռուսաստան ներուժի համեմատություն՝ ԱՄՆ հարաբերակցությամբ
1990 թ. հունիսի 12-ին ընդունվեց ՌԽՖՍՀ անկախության հռչակագիրը: Սակայն ինչի՞ց էր անկախանում Ռուսաստանը, ի վերջո Խորհրդային Միությունը դա ռուսական աշխարհաքաղաքական շահի սպասարկողն էր և աբսուրդ է, որ երկիրը պայքարում էր հանուն իր իսկ ներուժի թուլացման ու քաղաքական ազդեցության կրճատման:
Այսօր Ռուսաստանը միայն ցավոտ նոստալգիա է ապրում այն ժամանակների համար, երբ երկիրը երկրորդն էր աշխարհում ու կարողանում էր ԱՄՆ-ի հետ հավասար մրցակցություն ապահովել: Իսկ այժմ Ռուսաստանը հետ է շպրտվել 300 տարով. երկրի տարածքով, ներուժով ու արտաքին քաղաքական ազդեցությամբ Ռուսատանը վերադարձել է 18-րդ դարասկզբի իրավիճակին: Սակայն 18-րդ դարում կար ռեֆորմատոր միապետ Պետրոս Մեծը, իսկ թե որքանով է Վլադիմիր Պուտինը ռեֆորմատոր, բնավ համեմատելի չէ:
ԽՍՀՄ — ՌԴ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ.
Խորհրդրային Միության տարածքը կազմում էր 22,4 մլն քկմ և 24 տոկոսով գերազանցում է ժամանակակից Ռուսաստանինը, որն ունի 17,1 մլն քկմ տարածք:
ԽՍՀՄ բնակչությունը կրկնակի ավելի մեծ էր (293 մլն – 1989 թ.), քան Ռուսաստանի Դաշնությունը (146,8 մլն – 2016 թ.), չհաշված նաև ԽՍՀՄ պահպանման դեպքում ժողովրդագրական աճի տեմպերը:
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.
Արտաքին քաղաքականության տեսանկյունից ԽՍՀՄ և ՌԴ համեմատությունը ուղղակի անիրատեսական է: ԽՍՀՄ-ը գլոբալ կոմունիստական դաշինքի և գաղափարախոսության առաջամարտիկն էր, բարեկամ երկրների խումբ ուներ բոլոր մայրցամաքներում և դիտարկվում էր ամերիկյան կապիտալիստական աշխարհակարգի միակ այլընտրանքը:
Ժամանակակից Ռուսաստանն ասոցացվում է միայն որպես Արևմուտքի կրտսեր գործընկեր, այն էլ լավագույն դեպքում, իսկ այլ պայմաններում ընդհանրապես դուրս է մնում միջազգային քաղաքական զարգացումների թատերաբեմին:
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ.
ԽՍՀՄ զինված ուժերը ամենամեծն էին աշխարհում (4,59 մլն — 1990 թ.), իսկ պահստազորը կազմում էր 121 մլն մարդ:
Ռուսատանի Դաշնության զինուժն այժմ միայն 5-րդն է աշխարհում (831 հզր — 2017 թ.), իսկ պահեստազորը կազմում է 2 մլն մարդ:
Ռազմական տեխնիկայի թվաքանակով ևս Խորհրդային Միությունը հնարավոր չէ համեմատել ժամանակակից Ռուսաստանի հետ: Նշենք միայն մեկ թիվ՝ ՌԴ զինված ուժերն ունեն միայն 8765 միջուկային մարտագլխիկ, իսկ 1975 թ. ԽՍՀՄ-ը սպառազինության մեջ ուներ 46 հզր մարտագլխիկ:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ.
ԽՍՀՄ-ՌԴ տնտեսական ներուժն առավել ակներև ցույց տալու համար համեմատենք ԱՄՆ-ի ցուցանիշների հետ հարաբերակցությամբ:
1989 թվականին ԽՍՀՄ բյուջետային եկամուտները կազմում էին 622 մլրդ դոլար (ծախսեր՝ 781 մլրդ), իսկ նույն ԱՄՆ բյուջեն միայն 36 տոկոսով էր գերազանցում (եկամուտներ՝ 976 մլրդ, ծախսեր՝ 1.137 տրլն դոլար):
2016 թվականին ՌԴ բյուջետային եկամուտները կազմել էր միայն 186,5 մլրդ դոլար (ծախսեր՝ 236,6 մլրդ դոլար), այսինքն շուրջ 3,3 անգամ պակաս, քան ԽՍՀՄ բյուջեն էր և 18 անգամ ավելի պակաս, քան ԱՄՆ-ի 2016 թվականի բյուջեն էր (եկամուտներ՝ 3.363 տրլն, ծախսեր՝ 3.893 տրլն դոլար):
ԽՍՀՄ արտաքին պարտքը 1988 թվականին կազմում էր 27,3 մլրդ դոլար, իսկ ժամանակակից Ռուսաստանի պարտքը՝ 514,8 մլրդ դոլար (2016 թ.):
Խորհրդային միությունը համախառն ներքին արդյունքով երկրորդ երկիրն էր աշխարհում, 1989 թվականին այն կազմում էր 2,66 տրլն դոլար, նշենք, որ ԱՄՆ ՀՆԱ-ն 5,233 տրլն դոլարով այդ ժամանակ միայն կրկնակի էր գերազանցում ԽՍՀՄ ցուցանիշը:
2016 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմել է 1,268 տրլն դոլար ու զիջում է ԱՄՆ-ին 14,5 անգամ (2016 թ. ԱՄՆ ՀՆԱ-ն կազմել է 18.56 տրլն դոլար):
Ռուսաստանի շեշտակի անկում է արձանագրվել նաև կենսամակարդակի հարցում, չհաշված նաև այն, որ ԽՍՀՄ սոցիալիստ-էգալիտար կացութաձևը անհամեմատելի է 21-րդ դարի ռուսական օլիգապոլիկ համակարգի հետ:
Մեկ շնչի հաշվով 1991 թվականին ԽՍՀՄ ՀՆԱ-ն կազմում էր 9,211 դոլար, ինչը 28-րդ ցուցանիշն էր աշխարհում, համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում միայն 21,082 դոլար էր:
Այսօր ԱՄՆ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմում է 57.436 դոլար, իսկ Ռուսաստանինը (8,929 դոլար 67-րդ ցուցանիշը աշխարհում):
Խորհրդային Միությունն ուներ կատարյալ ինքնաբավ տնտեսություն և բացարձակ կախված չէր նավթի համաշխարհային գներից կամ այլ երկրներում տեղի ունեցող ճգնաժամերից, իսկ Ռուսաստանի տնտեսությունը ամբողջությամբ նստած է «ածխաջրածնային ասեղին» ու առանց ներմուծվող տեխնոլոգիաների չի կարող նորմալ գործառնել:
***
Այդպիսով՝ կարող ենք ասել, որ ժամանակակից Ռուսաստանը ներուժը բնավ համեմատելի չէ Խորհրդային միության հետ: Իրավացի կլիներ, որ հունիսի 12-ը նշվեր ոչ թե Ռուսաստանում, այլ ԱՄՆ-ում՝ որպես Սառը պատերազմում ամերիկյան հաղթանակի օր: