ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համեմատություն
ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև 1979 թվականին ստորագրված ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման մասին պայմանագրի երկրորդ կետով սահանվում է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն այն զինատեսակներն են, որոնց հեռահարությունը գերազանցում է 5500 կիլոմետրը:
Այս հրթիռները սովորաբար կրում են միջուկային մարտագլխիկներ և նախատեսված են մեծ հեռավորության վրա գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտները խոցելու համար:
Ներկայում միջմայրցամաքային բալիստիկ հրթռիներ ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 երկրները (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Չինաստան): Պաշտոնապես չի հաստատվում, սակայն միջմայրցամաքային հրթիռներ կարող են լինել նաև Իսրայելի տրամադրության տակ: Այս ոլորտում իրենց մշակումներն են իրականացնում նաև Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան, այսինքն բոլոր այն երկրները, որոնք ունեն միջուկային զենք (կարդացե՛ք. «Գլոբալ միջուկային զինանոցը, 15,4 հազար մարտագլխիկների բաշխվածությունը»):
Աշխարհում առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը եղել է խորհրդային «Ռ-7»-ը, որը փորձարկվել է 1957 թվականին, ծառայել էլ խորհրդային զորքերում 1960-68 թվականներին: Հրթիռի հեռահարությունը կազմում էր 8-9.5 հազար կմ, տրամագիծը 3 մետր էր, բարձրությունը՝ 34 մետր:
Ամերիկյան առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը «ՍՄ-65 Աթլաս»-ն էր, որը փորձարկվել է 1958 թվականին, ծառայել է ամերիկյան բանակում 1959-65 թվականներին: Այս հրթիռի առավելագույն հեռահարությունը կազմում էր 10,2 հազար կմ, տրամագիծը 3 մետր էր, բարձրությունը՝ 23-26 մետր:
Խորհրդային և ամերիկյան հրթիռները սառը պատերազմի հետագա տարիներին զգալիորեն կատաելագործվել են:
Ռուսաստանը խորհրդային փորձարկումների ու մշակումների հիմքով ստեղծել է իր միջմայրցամաքային հրթիռների տարբերակները: Այժմ ՌԴ զինուժում առկա է 6 տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, ընթանում են РС-28 «Сармат» հրթիռի մշակման աշխատանքները, որն իր մարտական ցուցանիշներով գրեթե նույնական է խորհրդային Р-36М2 «Воевода» հրթիռին:
ԱՄՆ-ը միջմայրցամաքային հրթիռների ոլորտում օպտիմալ տարբերակն է գտել դեռ 1970 թվականից, այժմ ամերիկյան զինուժի տրամադրության տակ են միայն «LGM-30 Minuteman-3» հրթիռները: Դրանք ի համեմատություն ռուսական հրթիռների ավելի փոքր են, սակայն հեռահարությամբ ոչ միայն չեն զիջում, այլև շատ դեպքերում գերազանցում են: 1986-ից Պենտագոնը ևս շահագործում էր ավելի մեծ հզորության «LGM-118 Peacekeeper» հրթիռներ, դրանք «Minuteman-3»-ներից տասն անգամ ավելի թանկ արժեին (մոտ 70 մլն դոլար), իսկ արդեն 2005-ից հանվեցին շահագործումից:
Ռուսական ու ամերիկյան հրթիռների հիմնական ցուցանիշները հետևյալն են.
ՌՈՒՍԱԿԱՆ | ԱՄԵՐԻԿՅԱՆ | ||||||||
Հրթիռ | РС-28 «Сармат» | РС-26 «Рубеж» | РС-24 «Ярс» | РТ-2ПМ2 «Тополь-М» | Р-36М2 «Воевода» | РТ-2ПМ «Тополь» | УР-100Н | LGM-118 Peacekeeper | LGM-30 Minuteman-3 |
Երկարությունը (մետր) | 30 | 23 | 23 | 22,55 | 34,3 | 22,7 | 27 | 21,6 | 18,2 |
Տրամագիծը (մետր) | 2-3 | 2 | 2 | 1,8 | 3 | 1,8 | 2,5 | 2,34 | 1,7 |
Զանգվածը (տոննա) | 100-150 | 49 | 50 | 46,5 | 211 | 45 | 105,6 | 88,5 | 35,3 |
Մարտագլխիկների թիվը (հատ) | 3-10 | 3-6 | 3-6 | 1 | 10 | 1 | 6 | 10 | 1-3 |
Հարվածային զանգվածը (տոննա) | 5 | 1,3 | 1,5 | 1,2 | 8,8 | 1 | 4,4 | 4 | 1,15 |
Առավելագույն հեռահարությունը (կմ) | 16.000 | 10.000 | 12.000 | 11.000 | 16.000 | 10.500 | 10.000 | 9.600 | 13.000 |
Զինուժում ծառայության անցման տարեթիվը | — | 2017 | 2009 | 1997 | 1988 | 1988 | 1975 | 1986-2005 | 1970 |