Եվրասիական տնտեսական միության 10 խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերը (ինֆոգրաֆիկ)
Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրներում այժմ ընթանում են խոշորածավալ ենթակառուցվածքային աշխատանքներ:
Ամենամեծ նախագիծը ռուսական «Սիբիրի ուժը» գազամուղի կառուցումն է, որի արժեքը կազմում է մոտ 55 մլրդ դոլար: Ծրագրով նախատեսվում է 30 տարվա ընթացքում տարեկան 38 մլրդ խմ գազ արտահանել Ռուսաստանից Չինաստան: Գազամուղի շահագործումը մեկնարկելու է 2019 թվականի դեկտեմբերին:
Հաջորդ խոշորագույն նախագիծը ևս կապված է Չինատանի հետ. այդ երկրից մինչև Արևմտյան Եվրոպա 8400 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցումն է, որը կարժենա 20 մլրդ դոլար և շահագործման կհանձնվի 2024 թվականին:
«Յամալ — ՀԲԳ» (հեղուկ բնական գազ) արտադրության գործարանի կառուցումը կարժենա 19 մլրդ դոլար, սրանում ևս գրեթե 30 տոկոս մասնաբաժին ունեն չինական ընկերությունները: Գործարանի շինարարական աշխատանքները կարող են ավարտվել արդեն իսկ այս տարեվերջին:
Ռուս-բելառուսական համատեղ աշխատանքներով Բելառուսում ատոմակայանի կառուցումը կարժենա 10 մլրդ դոլար, այն շահագործման կհանձնվի 2018 թվականին:
Մինչև 2019 թվականը «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը 8,6 մլրդ դոլարով արդիականացնելու է Տրանսսիբիրյան և Բայկալ-Ամուրյան երկաթուղիները:
2018 թվականի Ռուսաստանն ընդունելու է «Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը», մարզական, տրանսպորտային, զբոսաշրջային ենթակառույցների արդիականացումը ՌԴ կառավարության համար կարժենա 8,15 մլրդ դոլար:
Ղազախստանում մինչև 2019 թվականն ավարտվելու է «Նուրլի ժոլ» («Ճանապարհ դեպի ապագա») լոգիստիկ և տրանսպորտային ենթակառույցների զարգացման նախագիծը, որը կարժենա 7,2 մլրդ դոլար:
2016 թվականից շահագործման է հանձնվել ռուսական առաջին քաղաքացիական տիեզերակայանը, Ամուրի մարզում «Արևելյան տիեզերակայանի» կառուցումը «Ռոսկոսմոսին» արժեցել է 3,2 մլրդ դոլար:
Այս խոշորագույն ենթակառույցների ցանկում է ընդգրկվել նաև Հայաստանում կառուցվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը»: Ավտոճանապարհը շահագործման կհանձնվի 2018 թվականին և կարժենա մոտ 1 մլրդ դոլար: Այդ գումարը հատկացվել է Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով:
Այս ցանկի ամենափոքր նախագիծը Ղրղզստանի Տոկտոգուլի ՀԷԿ-ի արդիականացումն է, որի աշխատանքներն ավարտվելու են այս տարի: Ղրղզստանի կառավարության հատկացրել է մոտ 100 մլն դոլար: