Արևմուտքը գրոհեց Ռուսաստանի տնտեսությունը. ի՞նչ արդյունքներ կան
2022 թվականին ներխուժման մեկնարկից շաբաթներ անց Սպիտակ տան պաշտոնյան նախազգուշացրեց Մոսկվային, որ Միացյալ Նահանգների գլխավորած երկրների կոալիցիայի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցներ կարող են հանգեցնել Ռուսաստանի տնտեսության կրկնակի կրճատմանը: Այս մասին գրում Է WSJ-ին:
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամը բավականին հուսադրող հայտարաություն է տարածել Կրեմլի համար. կառույցը կանխատեսում է, որ Ռուսաստանի տնտեսությունն այս տարի կաճի 1,5%-ով: 2022 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 2,1%-ով, քանի որ երկիրը դարձել է այն խոշոր տնտեսությունը, որի նկատմամբ ամենաշատ պատժամիջոցներն են կիրառվել:
Փորձագետները կարծում են, որ առաջիկա մի քանի տարիներին պատժամիջոցները կհանգեցնեն ռուսական տնտեսության լճացմանը, իսկ ճեղքերն արդեն սկսում են ի հայտ գալ։ Սակայն Արևմուտքի անհաջողությունը՝ արագորեն ծնկի բերելու ռուսական տնտեսությունը՝ ի պատիժ Ուկրաինա ներխուժման, արտացոլում է մարտադաշտում ստեղծված փակուղին:
Երբ Արևմուտքը սահմանեց հակառուսական պատժամիջոցները, Բայդենի վարչակազմի պաշտոնյաները դրանք անվանեցին պատմության մեջ ամենահզորը, և սկզբում վախն ու դողը գրավեցին Մոսկվայի ֆինանսական շուկաները: Բայց մինչ այժմ Ռուսաստանի տնտեսությունը կարողացել է հարմարվել ներկա իրավիճակին այնքան, որ Կրեմլը կարող է հաջողությամբ վարել հյուծման հակամարտությունը, որից ԱՄՆ-ը հույս ուներ խուսափել:
Քանի որ 20-րդ դարում Միացյալ Նահանգները դարձավ տնտեսական հզոր կենտրոն, վերջինս սկսեց հաճախակի օգտագործել պատժամիջոցները որպես արտաքին քաղաքականության գործիք: Այնուամենայնիվ, ըստ դրանց ուսումնասիրման մեջ մասնագիտացած վերլուծաբանների, սահմանափակումները հեռու են արդյունավետ լինել միշտ:
Թե ինչպես Ռուսաստանը կարողացավ խուսափել փլուզումից ընդամենը մեկ տարվա ընթացքում և նույնիսկ հասնել որոշակի տնտեսական աճի, չնայած Արևմուտքի տնտեսական շրջափակմանը, կծառայի որպես ուսումնասիրության առարկա փորձագետների համար, ովքեր ուսումնասիրում են, թե արդյոք պատժամիջոցներն իմաստ ունեն որպես քաղաքական գործիք:
Բայդենի վարչակազմը պնդում է, որ պատժամիջոցները մեծ դեր են ունեցել առավելագույնի հասցնելու այն գինը, որը Ռուսաստանը վճարում է Ուկրաինայում իր գործողությունների համար: Ըստ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ աճի վիճակագրության նոր խմբաքանակը քողարկում է այն իրական ցավը, որն ապրում է Ռուսաստանի տնտեսությունը:
Ռուսաստանի տնտեսությանը նպաստում է նաև ռուսական հումքի համաշխարհային պահանջարկը։ Նախորդ տարի Ռուսաստանը գրանցել է ընթացիկ հաշվի ռեկորդային բարձր հավելուրդ, որը հանդիսանում է տնտեսություն մուտք գործող դրամական միջոցների քանակի չափանիշ:
Capital Economics-ի փորձագետները կանխատեսում են, որ Ռուսաստանի էներգակիրների արտահանման եկամուտը 2022 թվականի 340 միլիարդ դոլարից այս տարի կնվազի մինչև 200 միլիարդ դոլար, իսկ 2024 թվականին կմնա մոտավորապես նույն մակարդակի վրա:
Մինչդեռ ռուսական նավթի արդյունահանման ծավալը աննշան է նվազել։ Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ Մոսկվան ուղիներ է գտել իր նավթը Ասիա վաճառելու համար։
Որպեսզի պատժամիջոցներն արդյունավետ լինեն, ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ կառավարությունները պետք է համառորեն կիրառեն դրանք և վերացնեն շրջացման ցանկացած տարբերակ, հենց որ Ռուսաստանը գտնի դրանք: Եվրամիությունը վերջերս քայլեր ձեռնարկեց պատժամիջոցների ռեժիմի ավելի կոշտ կիրարկումն իրականացնելու համար, ինչը կարող է փակել որոշ բացեր Ռուսաստանի համար:
Քորնելի համալսարանի պատմության պրոֆեսոր Նիկոլաս Մուլդերը((Nicholas Mulder), ով մասնագիտացած է պատժամիջոցների ուսումնասիրության մեջ, ասում է, որ Ռուսաստանի նման մեծ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու Արևմուտքի փորձերը կարող են նախազգուշացում լինել երկարաժամկետ հեռանկարում: Նրա խոսքով, Ռուսաստանի հսկայական տարածքը թույլ չի տա Արևմուտքին կտրել նրան համաշխարհային տնտեսությունից։ Ռուսաստանը մնում է հումքի հիմնական աղբյուրը զարգացած երկրների համար և պարենամթերքի և պարարտանյութերի ամենակարևոր մատակարարը զարգացող երկրների համար։
Նրա տեսանկյունից, Մոսկվայի արագ շրջադարձը դեպի Ասիա՝ նոր առևտրային գործընկերների որոնման համար, կարող է Ռուսաստանին զգալի օգուտներ բերել։ «Ռուսաստանն իրականում միացել է աշխարհի ամենաարագ զարգացող տարածաշրջանին», — բացատրեց Մալդերը՝ հավելելով, որ այս տարի Ասիան կկազմի համաշխարհային տնտեսական աճի երեք քառորդը։