Քայլ, որը կստիպի ԵՄ-ին գնալ լուրջ փոփոխությունների
Եթե կարծում եք, որ Կիևի ճանապարհը դեպի ՆԱՏՕ դժվար է, սպասեք, Ուկրաինան դեռ պետք է պայքարի ԵՄ-ին անդամակցելու համար։ Այս մասին գրում են հոդվածի հեղինակներ Իլկե Թոյգուրը(Ilke Toygür) և Մաքս Բերգմանը(Max Bergmann) FOREIGN POLICY-ում(The EU Isn’t Ready for Ukraine to Join):
Ուկրաինան սպասասրահում է անդամակցության համար և՛ ՆԱՏՕ-ին, և՛ Եվրամիությանը: Նախորդ շաբաթ Վիլնյուսում հավաքված ՆԱՏՕ-ի առաջնորդները հիասթափեցրին Կիևին՝ անորոշ հայտարարությամբ դաշինքին միանալու ապագա հրավերի մասին, երբ «պայմանները կատարվեն»:
Բայց գոնե ՆԱՏՕ-ն ազնիվ է հայտարարում այն խոչընդոտներին մասին, որոնք պետք է հաղթահարվեն դաշնակիցներին միանալու համար: Սա կտրուկ հակադրվում է ԵՄ դիրքորոշմանը և վերջինիս հայտարարություններին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։
Բրյուսելը (ԵՄ-ում Ուկրաինայի ապագայի վերաբերյալ իր վիթխարի հռետորաբանությամբ) խոսում է այնպես, կարծես Կիևի մուտքը դաշինք ավարտված գործարք է: Փետրվարին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելեց Բրյուսել, ԵՄ առաջնորդները ակտիվ լուսանկարվում էին պատերազմի ժամանակների առաջնորդի հետ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Զելենսկիին ողջունել է Twitter-ում. «Բարի գալուստ տուն, բարի գալուստ ԵՄ»։
Երբ Ուկրաինայի հետ մանրամասն քննարկում են ԵՄ անդամակցության մասին ուշադրությունը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչ պետք է անի անդամակցելու համար: Խորը մխրճված հակամարտության մեջ՝ ուկրաինացիներն ամեն ինչ անում են գործարքը ավարտին հասնելու համար՝ ընդունելով նոր օրենքներ և ներդնելով նոր կանոններ, որոնք անհրաժեշտ ԵՄ-ին անդամակցելու համար:
Ուկրաինան, Մոլդովայի հետ միասին, ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստացավ 2022 թվականի հունիսին, որը զգալիորեն կրճատեց բարդ և շփոթեցնող գործընթացը՝ տարիներ տևած հերթացուցակում հայտնված մյուս երկրների համար: Հոկտեմբերին Կիևը Եվրահանձնաժողովից կստանա առաջին գրավոր գնահատականը իր ջանքերի արդյունքների վերաբերյալ։ Չկորցնելու տեմպը՝ ուկրաինացի պաշտոնյաները պնդում են ԵՄ անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկը տալ մինչև այս տարվա վերջ, հնարավոր է, դեկտեմբերին նախատեսված Եվրոպական խորհրդի նիստում:
Բայց մինչ Ուկրաինան արագացված տեմպերով աշխատում է ԵՄ անդամակցության ուղղությամբ, Բրյուսելը և դաշինքի անդամ երկրները բավականաչափ ջանքեր չեն գործադրում Ուկրաինայի անդամակցությանը նախապատրաստվելու համար: Ուստի ԵՄ առաջնորդների բարձրագոչ հայտարարությունները Ուկրաինայի անդամակցության մասին չեն համապատասխանում նրանց գործողություններին։ Նման մեծության, այդքան մեծ բնակչությամբ, եկամուտների ցածր մակարդակով, ռազմական գործողություններից հետո ֆինանսավորման և վերակառուցման անհրաժեշտությամբ երկիր ընդունելու համար անհրաժեշտ է ԵՄ ինստիտուտների, քաղաքականության և բյուջետային գործընթացների լուրջ բարեփոխում: Սա նվազագույնը կհանգեցնի ԵՄ ներկայիս անդամների միջև դաժան վեճերի՝ կապված միջոցների բաշխման հետ:
Ուստի, եթե ԵՄ ղեկավարներն իսկապես լուրջ վերաբերվեին Ուկրաինայի անդամակցության հարցին ԵՄ, ապա դաշինքը բարեփոխելու ջանքերն արդեն պետք է սկսված լինեին: Խնդրի առանցքը գտնվում է ԵՄ բյուջեում, որում գերակշռում են երկու հիմնական տարրեր՝ գյուղատնտեսական սուբսիդիաներ և աղքատ շրջանների զարգացման ծրագրեր, որոնց միասին տրամադրվում է ԵՄ երկարաժամկետ բյուջեի մոտ 65%-ը: Այս երկու ուղղություններում էլ Ուկրաինայի ապագա անդամակցությունը կարող է բուռն քննարկումներ առաջացնել: Ուկրաինան Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկն է, որի մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում է ԵՄ միջինի միայն մեկ տասներորդը և ԵՄ ամենաաղքատ անդամի՝ Բուլղարիայի եկամուտի կեսից պակասը: Բացի այդ, Ուկրաինան ներկայումս հսկայական խնդիրներ ունի ենթակառուցվածքների հետ կապված և կարիք ունի վերակառուցման: Այս ամենին հավելենք, որ Ուկրաինայի գյուղատնտեսական ոլորտը մայրցամաքի խոշորագույններից մեկն է, և այն հանկարծակի ԵՄ սուբսիդիաների իրավունք կստանա։
Եթե բյուջեի և միջոցների վերաբաշխման գործընթացը ԵՄ-ում մնային անփոփոխ, ապա Կիևը անմիջապես իր վրա կվերցներ ԵՄ բյուջեի զգալի մասը, ներառյալ այն միջոցները, որոնք ներկայումս ուղղվում են ավելի նվազ ապահովված երկրներին Արևելյան Եվրոպայում և դաշինքի այլ շրջաններում։ Ներկայումս ԵՄ-ից միջոցներ ստացող երկրներից շատերը մեկ գիշերվա ընթացքում կվերածվեն բացառապես դոնորների։ Եթե կարծում եք, որ այս ամենը հարթ կանցնի, ուրեմն լավ չեք տիրապետում եվրոպական քաղաքականությանը։
Հաշվի առնելով միջոցների ներկայիս վերաբաշխումը Եվրամիությունում, զարմանալի չէ, որ Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու ամենամեծ հակասությունները առաջացել են Արևելյան Եվրոպայում, որտեղ կենտրոնացած են ԵՄ միջոցներ ստացողները: Հակամարտության սկսվելուց հետո Բրյուսելը աջակցեց Ուկրաինային՝ վերջինիս թույլ տալով հացահատիկ և գյուղատնտեսական այլ ապրանքներ մատակարարել ԵՄ միասնական շուկա: Ավելի էժան ուկրաինական ապրանքները նվազեցնում են գյուղատնտեսական ապրանքների գները Լեհաստանում, Հունգարիայում և Սլովակիայում: Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան եկամուտ ստանալու կարիք ուներ, Լեհաստանը խախտեց ԵՄ կանոնները և միակողմանի արգելեց ուկրաինական հացահատիկի ներմուծումն իր տարածք։ Եվրամիությունը փոխզիջման գնաց՝ թույլ տալով ուկրաինական ապրանքների ներմուծումը ԵՄ, սակայն պարտավորեցրեց շրջանցել Արևելյան Եվրոպայի հինգ երկրները, որոնք առավել տուժում են անցանկալի մրցակցությունից։
Զարմանալի չէ, որ Արևելյան Եվրոպայի այս երկրներից մի քանիսը, որոնք Ուկրաինայի ռազմական և դիվանագիտական ամենաակտիվ աջակիցներից են, նույնպես դեմ են ցանկացած լուրջ ջանքերի՝ միտված այն բարեփոխումներին, որոնք պարտադիր պայման են Ուկրաինայի անդամակցության համար ԵՄ-ին: Այս երկրները կարող են կորցնել զգալի ֆինանսավորում։ Բացի այդ, ԵՄ բարեփոխումները, որոնք նախատեսված են ճանապարհ հարթելու Ուկրաինայի անդամակցության համար, հավանաբար կներառեն նաև որոշումների կայացման կանոնների պարզեցում, ինչը կարող է նվազեցնել առանձին անդամների ազդեցությունը, հատկապես այնպիսի երկրների, ինչպիսիք են Հունգարիան և Լեհաստանը, որոնք ակտիվորեն օգտագործում են իրենց վետոյի իրավունքը՝ ազդելու ԵՄ որոշումների վրա։