Գազպրոմը դադարեցրել է գազ մատակարարել Լատվիային
Ռուսական էներգետիկ հսկան «Գազպրոմը» հայտարարել է, որ դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիային՝ ԵՄ վերջին երկրին, որը նման խնդրի է բախվել Ուկրաինական լարվածությամբ պայմանավորված։ Գազպրոմը մեղադրել է Լատվիային գնման պայմանները խախտելու մեջ, սակայն, այդ ենթադրյալ խախտման մասին, որևէ տվյալ չի հայտնել։ Լատվիան բնական գազի ներկրման համար հենվում է հարևան Ռուսաստանի վրա, սակայն նրա կառավարությունը նշում է, որ չի ակնկալում, որ Գազպրոմի քայլը մեծ ազդեցություն կունենա: Հայտնում է BBC-ին։
ԵՄ երկրները մեղադրում են Ռուսաստանին գազի արտահանումը ռազմականացնելու մեջ՝ ի պատասխան Արևմուտքի լայնածավալ պատժամիջոցների, որոնք սահմանվել են Ուկրաինա ներխուժման պատճառով։
Լատվիայում գազը կազմում է էներգիայի սպառման միայն 27%-ը։ Լատվիայի էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան Էդիջս Սայկանսը, որին մեջբերում է Reuters լրատվական գործակալությունը, հայտնում է, որ Գազպրոմի քայլը հավանաբար մեծ ազդեցություն չի ունենա։
ՆԱՏՕ-ն ավելացրել է ուժերը Լատվիայում և նրա մերձբալթյան հարևաններ Էստոնիայում և Լիտվայում, քանի որ տարածաշրջանը երկար ժամանակ դիտվում է Ռուսաստանի հետ հնարավոր բռնկման կետ։ Էթնիկ ռուսները մեծ փոքրամասնություններ են կազմում Բալթյան երկրներում: Այդ երկրները, որոնք նախկինում եղել են Խորհրդային Միության կազմում, ծրագրում են հաջորդ տարի դադարեցնել ռուսական գազի ներկրումը: ԵՄ-ն մերժում է Ռուսաստանի պահանջը, որ անդամ երկրները Գազպրոմի գազի դիմաց վճարեն ռուբլով, ոչ թե եվրոյով։ ԵՄ-ն հայտնում է, որ ռուբլով վճարումների համար պայմանագրային պայման չկա։ Հինգշաբթի լատվիական գազային ընկերությունը հայտարարել է, որ գնում էր ռուսական գազ, բայց վճարում էր եվրոյով։
Ռուսաստանի՝ Ուկրաինա փետրվարյան ներխուժումից և Արևմտյան պատժամիջոցների խստացումից հետո «Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումները Բուլղարիա, Ֆինլանդիա, Լեհաստան, Դանիա և Նիդերլանդներ՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Ռուսաստանը նաև դադարեցրել է գազի վաճառքը Shell Energy Europe-ին Գերմանիայում: ԵՄ-ն այժմ ձգտում է խթանել գազի ներմուծումը այլ վայրերից՝ ներառյալ հեղուկ բնական գազ Նորվեգիայից, Քաթարից և ԱՄՆ-ից: