Փելոսին կանգ է առնում Հավայան կղզիներում և բացահայտում Ասիական իր ծրագրերը․ոչ մի հիշատակում Թայվանի մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնում է Ասիա՝ տարածաշրջանով շրջագայելու համար։ Հավայան կղզիներում վայրէջք կատարելուց հետո նա այցելել է Փերլ Հարբորի հուշահամալիր։ Հայտնում է CNN-ը։
Փելոսին գլխավորում է Կոնգրեսի պատվիրակությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և նախատեսում է այցելել այնպիսի վայրեր, ինչպիսիք են Սինգապուրը, Մալայզիան, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա գրասենյակը։ Չնայած վերջին օրերին ենթադրություններին՝ հայտարարության մեջ ոչ մի հիշատակում չկա Թայվանի մասին։
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, որը Թայվանին համարում է իր տարածքի մաս, (չնայած այն երբեք չի վերահսկել),նախազգուշացումներ է արել Փելոսիի այցի վերաբերյալ կղզի, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս վրիպակ թույլ տվեց։ Նա նշեց, որ ամերիկացի զինվորականների կարծիքով նման ուղևորությունը « լավ գաղափար չէ հիմա»: Այնուամենայնիվ, Վաշինգտոնի քաղաքական համակարգի երկու կողմի ամերիկացի օրենսդիրները հորդորել են նրան գնալ։
«Այսօր Կոնգրեսի մեր պատվիրակությունը մեկնում է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ վերահաստատելու Ամերիկայի ամուր և անսասան նվիրվածությունը տարածաշրջանում մեր դաշնակիցներին և ընկերներին», — ասվում է Փելոսիի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Փելոսին ասել է, որ յուրաքանչյուր երկրում կանցկացվեն բարձր մակարդակի հանդիպումներ՝ «առաջ մղելու ընդհանուր շահերն ու արժեքները՝ներառյալ խաղաղությունն ու անվտանգությունը, տնտեսական աճը և առևտուրը, Covid-19 համաճարակը, կլիմայական ճգնաժամը, մարդու իրավունքները և ժողովրդավարական կառավարումը»:
«Նախագահ Բայդենի ուժեղ ղեկավարության ներքո Ամերիկան հաստատակամորեն հավատարիմ է տարածաշրջանում խելացի, ռազմավարական ներգրավմանը, հասկանալով, որ ազատ և ծաղկող Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը վճռորոշ է մեր ազգի և ամբողջ աշխարհի բարգավաճման համար», — ասել է Փելոսին: